Քաղաքական գործերով հայտնի դատավորի դեմ կրկին կարգապահական վարույթ է հարուցվել

Քաղաքական գործերով հայտնի դատավորի դեմ կրկին կարգապահական վարույթ է հարուցվել

Բարձրագույն դատական խորհրդում ապրիլի 4-ին Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման եզրափակիչ մասն է հրապարակվելու։

Նրա նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել  դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողվը։ 

Վարույթ հարուցելու հիմքն այն է եղել, որ դատավորը իր վարույթում քննվող գործերից մեկը ողջամիտ ժամկետից դուրս է քննել։

Միսակյանի դեմ հաղորդում է ներկայացրել փաստաբան Տիգրան Խաչիկյանը, այն վերաբերում է տարիներ առաջ տեղի ունեցած վրաերթին, որից 1 տարի երեք ամիս գործով նախաքննություն է իրականացվել, դատարանում գործը քննվել է 1 տարի յոթ ամսվա ընթացքում։ Քրեական վարույթը կարճվել է, քանի որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցել են, իսկ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Խաչիկյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, սակայն Վերաքննիչն արձանագրել է գործի քննության ողջամիտ ժամկետի խախտում։ Ըստ այդմ, փաստաբանը դիմել է Էթիկայի հանձնաժողովին՝ դատավորի նկատմամբ վարույթ հարուցելու պահանջով։

Նշենք, որ Վահե Միսակյանը դեռեւս 2 տարի առաջ ենթարկվել էր կարգապահական պատասխանատվության․ ԲԴԽ-ն նրան նկատողություն էր հայտարարել։

Նշենք նաեւ, որ դատավոր Վահե Միսակյանը հայտնի է քաղաքական գործեր քննելով․ նա քննել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, նրա եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի, Արմեն Չարչյանի եւ մի քանի աղմկահարույց քրեական գործեր։