Արսեն Թորոսյանի երազանքների նախագիծը՝ ոչ փաստահեն

Արսեն Թորոսյանի երազանքների նախագիծը՝ ոչ փաստահեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մեծ շուքով երեկ թիմին ներկայացրեց իր երազանքների օրենքի նախագիծը՝ հակածխախոտային օրինագիծը։ Նշված նախագծի վերաբերյալ Hraparak.am-ը ներկայացնում է Հայկական առողջապահական ազգային (ՀԱԱԽ) խորհրդի նախագահ Գևորգ Գրիգորյանի տեսակետը։

-Պարոն Գրիգորյան, հայտնի է, որ տարբեր սահմանափակումներ են լինելու ծխելու վայրերի, վաճառքի, ցուցադրության և այլնի հետ կապված։ Առհասարակ, որպես բժիշկ կողմնակի՞ց եք օրենքին։ 

-Անկասկած, ծխելը վնաս է առողջությանը և հանդիսանում է ռիսկի գործոն շատ տարբեր հիվանդությունների համար, որոնք մահաբեր են մարդու համար: Նման հիվանդությունների շարքին են պատկանում զանազան օրգանների քաղցկեղը, որի վաղ ախտորոշումը և բուժումը լուրջ մարտահրավեր է ողջ աշխարհի առողջապահական համակարգերի համար: Իհարկե, ծխելը պետք է ունենա որոշակի սահմանափակումներ, քանի որ ծուխը վնասում է ոչ միայն ծխողին, այլ նաև ծխողի շրջապատում գտնվող անձանց: Անհերքելի է, որ պետք է լինի օրենք, որը կարգավորում է ծխախոտի շրջանառությունը, բայց այդ օրենքը պետք է լինի կիրառելի և անվնաս երկրի տնտեսության համար, ինչպես նաև պետք է լինի փաստահեն և լավ հաշվարկված: Շրջանառվող օրենքի նախագիծը չի համապատասխանում թվարկված որևէ բնութագրիչին: Տվյալ նախագիծը չի արտացոլում միջազգային փորձը՝ տնտեսական և գիտության ու տեխնիկայի զարգացման արդյունքում մարդու առողջության պահպանման և վնասի նվազեցման տեխնոլոգիաների՝ մարդու առողջության պահպանման վրա ունեցած դրական ազդեցության ոլորտներում: Անհերքելի է, որ այն կունենա բացասական ազդեցություն մեր երկրի տնտեսական ցուցանիշների վրա, ինչպես նաև խնդրի առաջ կկանգնեն մեր երկրում ապրող ծխող մարդիկ, ովքեր դեռևս չունեն նիկոտինային կախվածություն կոչվող հիվանդության բուժման մեթոդներ, սակայն տառապում են այդ հիվանդությամբ: Մենք՝ բժիշկներս նպաստում ենք, որպեսզի մեր բուժառուները թողնեն ծխելը, սակայն օրենսդրությունն էլ պետք է մեզ օգնի, այլ ոչ թե խանգարի:

-Սահմանափակումները միջազգայնորեն ընդունվա՞ծ են և ո՞ր երկրների մոդելներն են վերցված։

-Սահմանափակումների մեջ կան այնպիսիք, որոնք ընդունված են ողջ աշխարհում, այսինքն՝ տրանսպորտում, հանրային վայրերում (օրինակ՝ թանգարան, հիվանդանոց և այլն), պետական կառույցներում և այլն, սակայն կան նաև այնպիսինները, որոնցից այսօր հրաժարվում են զանազան երկրներ: Նախարարը, հավանաբար, տեսել է, թե ինչպես են ընդունվում այդ օրենքները, սակայն հետամուտ չի եղել, որպեսզի ուսումնասիրի այդ օրենքի կիրառման հետևանքով առաջացող հետագա զարգացումները: Խորհուրդ կտամ ուսումնասիրել նաև այդ փորձը: Խորհուրդ կտամ նաև Ազգային ժողովի պատգամավորներին, որպեսզի ուսումնասիրեն այդ փորձը մինչև որոշում կայացնելը: Նախարարը նշում է, որ տարբեր երկրների տնտեսությունների վրա դա չի անդրադարձել, սակայն մոռանում է, որ իր նշած երկրներում խոշոր հարկատուների առաջին տասնյակում չորսը ծխախոտային ինդուստրիայի ներկայացուցիչներ չեն և այլ երկրները ունեն հարկատուներ և այլ միջոցներ, որպեսզի պետական բյուջեն չնվազի: Մենք չենք կարող կուրորեն հետևել միջազգային փորձին, առանց մեր երկրի համար այն տեղայնացնելու: Հավանաբար նախարարին միջազգային այդ փորձի ուսումնասիրությունը «ձեռք չի տալիս»: Հավանաբար, նախարարին որևէ միջազգային կառույցում գործ են խոստացել, որպեսզի կարողանա այս օրինագիծն անցկացնել։ Ինչևէ, խնդիր կա նաև ձևակերպումների հետ, որոնք պարունակում են մեծ քանակությամբ կոռուպցիոն ռիսկեր, որոնց անդրադարձ է կատարել նաև ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիան և որոնց մասին ես բազմիցս խոսել եմ տարբեր հարթակներից:

-Նախարար Թորոսյանը ծխախոտի դեմ պայքարում է մեծ ջերմեռանդությամբ, բայց ըստ բնապահպան Կարինե Դանիելյանի՝ նա հակված է տարբեր պատճառահետևանքային կապեր խառնել։ Մասնավորապես, հանքերի՝ բնակչության վրա ազդեցության մասին ներքին քննարկման ժամանակ հայտնել է, որ պատճառը ծխելն է, ոչ թե հանքերը։ Ի՞նչ կասեք որպես բժիշկ։

-Նախարարի պատճառահետևանքային կապերը խառնելը  նորություն չէ և մենք պետք է ընդունենք, որ նախարարը մանիպուլացիայի առաջամարտիկներից է և առաջին անգամը չէ, որ նրա արտահայտությունների հետևանքով ստեղծվում է իրարանցում, բայց լիովին անտեղի: Ես լուրջ չեմ վերաբերվում նախարարի արտահայտություններին, քանի որ բազմիցս տեսել եմ, թե ինչքան է նա ստում: