Նիկոլն ու Իլհամը մրցանակակի՞ր

Նիկոլն ու Իլհամը մրցանակակի՞ր

Փաշինյան Նիկոլը շարունակում է հաղթել հայաստանցիներին: Ոմանց կաշառելով պաշտոնով և դրա ընձեռած հնարավորություններով: Ոմանց մեջ աշխատանքից զրկելու վախ սերմանելով, ինչը կարող է ընտանիք պահելու խնդիր առաջացնել: Իսկ մեծամասնությանը շարունակելով հիմարացնել, և այդ մեծամասնությունը շարունակում է դա թույլ տալ նրան: Հայաստանցիներին հաղթելը, բնականաբար, նշանակում է շարունակաբար պարտությունների մատնել Հայաստանի Հանրապետությունը: Սա է, որ չեն ընկալում նրանք, ովքեր պաշտոններ ունեն: Ովքեր վախենում են կորցնել աշխատանքը: Եվ անուղեղ և շարունակ նախկիններին մեղադրող մեծամասնությունը: Վախենամ, որ եթե այդ մեծամասնության առանձին առանձնյակների կանայք դավաճանեն իրենց ամուսիններին նորօրյա իշխանավորների հետ, ապա դրանց ամուսիններն այդ հարցում ևս մեղադրեն նախկիններին: Որովհետև եթե որևէ մեկի զավակը թշնամու գրաված տարածքում է, սակայն մեղավորը կրկին Քոչարյանն է Սերժի հետ («Քոչարյանը Սերժի հետ սաղ աշխարհը կերել է, էսօր ջարդել են Նիկոլի վրե՞ն»), ապա դժվա՞ր է Քոչարյանին ու Սերժին մեղադրել, որ հենց նրանք են դրդել, որպեսզի հայ կանայք դավաճանեն իրենց ամուսիններին:

«Հրապարակը» գրել  էր, որ Նիկոլն ու Իլհամը կարող է նույնիսկ 2023 թվականին արժանանան Խաղաղության նոբելյան մրցանակի: Եթե, իհարկե, այս տարեվերջին հասցնեն ստորագրել խաղաղության պայմանագիրը: Բայց այդ թեման արդեն շուրջ 5 տարի է, ինչ շրջանառվում է մեզանում՝ Փաշինյան Նիկոլի վարչապետ կարգվելուց ի վեր: Սկզբում այն ուներ չեզոք կամ նույնիսկ դրական ուղղվածություն, քանի որ նախապատրաստված էր Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցություններով և հատկապես՝ ազատագրված (կամ գրավյալ՝ ում ինչպես ձեռնտու է այսօր) շրջանների մեծ մասը վերադարձնելու պատրաստակամությամբ: Ասեմ, որ նույնիսկ ես եմ ընկել այդ մտայնության ազդեցության տակ՝ ենթադրելով, թե Մինսկի խմբի համանախագահների երաշխավորությամբ կնքվելիք պայմանագրի շնորհիվ կարող է խաղաղություն հաստատվել մեր տարածաշրջանում: Բայց 2020 թվականի աշնանը Իլհամի նախաձեռնած պատերազմը և դրա ընթացքում և դրանից հետո միասնական Արևմուտքի վարքագիծը ի դերև հանեցին այդ կանխատեսումները:

Սակայն ռուս-ուկրաինական պատերազմը և նույն միասնական Արևմուտքի հակառուսականությունը, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահության գործունեության ձախողումը կրկին մեջտեղ բերեցին այդ թեման: Բայց այս անգամ զուտ արևմտյան հովանավորությամբ: Իսկ արևմտյան ջանքերով ընդդեմ Հայաստանի շահերի խաղաղության պայմանագրի ստորագրումն ինքնին հարված է լինելու ռուսական ազդեցությանը Հարավային Կովկասում: Ինչին ձգտում և, որքան հասկանում եմ, հասնելու է Արևմուտքը: Հատկապես, որ դրան է են ձգտում նաև Իլհամը՝ իր հաջողություններն ամրագրելու, և Նիկոլը՝ իշխանությունը պահպանելու նպատակով: Իսկ Ռուսաստանը, որի ձեռքերը կապված են ուկրաինական պատերազմով, դժվար թե կարողանա որևէ ձևով խոչընդոտել փաստաթղթի ստորագրմանը: Միակ լավությունը, որ այդ պայմաններում կարող է անել ՌԴ նախագահը Հայաստանին, Փաշինյան Նիկոլին իշխանությունից հեռացնելուն օժանդակելն է: Ինչ մնում է Նոբելյան մրցանակին, ապա դրա հանձնումով՝ եթե այն տեղի ունենա, Արևմուտքը հերթական անգամ ի ցույց կդնի իր երկերեսանիությունը: Որովհետև սեփական երկրում հայատյացության քաղաքականություն նախաձեռնած, Արցախի դեմ պատերազմ սանձազերծած, Հայաստանի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիաներ իրականացրած և Հայաստանին խաղաղություն պարտադրած  թշնամի պետության ղեկավարը տեսականորեն անգամ չպիտի լինի Նոբելյան մրցանակակիր: Բայց քանի որ Արևմուտքը թքած ունի նման երևույթների վրա, ապա Նիկոլն ու Իլհամը մեծ շանսեր ունեն 2023 թվականին «շահելու» այդ մրցանակը: Հատկապես, որ, ինչպես ասել է ԱՄՆ Պետդեպի խոսնակ Նեդ Պրայսը, «ԱՄՆ-ն առաջիկայում շարունակելու է իր ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում, այդ թվում` ամենաբարձր մակարդակներով»։