Կտրվում է Հայաստանի ծառը, բների համա՞ր եք ընդվզում

Կտրվում է Հայաստանի ծառը, բների համա՞ր եք ընդվզում

Ում խոսցնում ես՝ ասում է տագնապի, վախի մեջ եմ։ Սա այն լուրջ ձեռքբերումն  է, ինչ չորս ու կես տարվա մեջ այս իշխանությանը հաջողվեց իրականացնել։ Ինչու եմ ասում՝ հաջողվեց, որովհետև նրա աշխատանքն այս բնագավառում գերմարդկային է եղել։ Ամեն կերպ հանրության մեջ անորոշություն, անկանխատեսելիություն,  սերմանել․ սա է եղել գունավոր հեղափոխությամբ իշխանություն եկածների բուն գործը։ Երբ ինչ որ բան մարդու համար պարզ չէ, անհայտ է, երբ առաջնորդվում է ենթադրությունների շղթայով, նրա մեջ վախ, տագնապ է առաջանում։ Դա էլ հենց այս իշխանությանը պետք է, վախի միջոցով  կառավարելի դարձնել հասարակությանը։ Պատմության մեջ երևի այսպիսի ժամանակշրջան չի եղել, երբ հայ հասարակությունը չգիտակցեր,  թե ինչ խնդրի առաջ է կանգնած։ Այսօր այդ վիճակում ենք։ Մեր խնդիրները մեզնից դուրս են, մենք ինչ որ բան իմանում ենք «հավաստի աղբյուրներից» ։

Մենք չգիտենք ոչ մի իրական բան։ Արցախը հանձնվեց հավի ճտի պես, Հայաստանը հայտնվել է թշնամու աքցանի մեջ ու պետության գոյաբանական խնդիր ունենք։ Մենք չգիտենք, որ Արցախից հետո Հայաստա՜ն ենք կորցնում։ Խաբեության խաղաղասիրական կեղծ թմբիր է ներարկվում, ու մենք դիրք առ դիրք կորցնում ենք Հայաստանը։ Եթե այս իշխանությանը լսենք, կասի՝ հասարակությունն ամեն ինչից տեղյակ է։ Մի քանի փոքրիկ փաստով կամբողջացնեմ, որ հասարակությունը ոչնչից տեղյակ չի։ Հողը սահում է մարդկանց ոտերի տակից, բայց մարդն այդ սողացող  հողի վրա հիմք է ուզում գցել։ 

Մի քանի օր առաջ Փեթակը, այսօր Բրյուսովի համալսարանը իրենց բների համար ցույց են անում․․․ Հայաստան ենք կորցնում, իրենք ցույց են անում Բրյուսովի կամ Ֆիզկուլտի համար։ Սա չի՞ նշանակում, որ նույնիսկ առաջադեմ համալսարանը չի պատկերացնում, որ երկիր է կորցնում։ Նրանց համար երկիրը իրենց աշխատավայրն ու տունն է, իրենց հարմարավետությունը։ Նրանք երբե՜ք դուրս չէին գա ցույցի, եթե Հայաստանն անգամ ամբողջապես հանձնվեր։ Կարևորը, որ գործում է իրենց ԲՈՒՀ-ը, թաղի կրպակը։  Կտրվում է Հայաստանի ծառը, որոնց վրա ձեր բներն են, բների համա՞ր եք լացում, ընդվզում։