Անվճար խորհուրդներս ո՞ւմ նվիրեմ

Անվճար խորհուրդներս ո՞ւմ նվիրեմ

Հազար եմ ասել՝ Նիկոլի մոտ գործի ընդունվելուց առաջ մի հատ խորհրդակցեք ինձ հետ: Ուրիշները հեռու տեղերից գալիս, մարդ են մեջ գցում, որ ինձնից մի խորհուրդ իմանան, սրանք՝ հեչ… Դուզ գնում են Նիկոլի մոտ, Նիկոլն էլ այնպիսի գործ է առաջարկում, որ իսկի սրանց վրայով չէ: Ինչո՞ւ է միշտ այդպես լինում:

Բուն մեղավորը, ինչ խոսք, Նիկոլն է, որ կառավարության հաստիքներն այնպես է խառնել իրար, որ շունը տիրոջը չի ճանաչում: Հազարավոր պաշտոնյաներ համոզված են, որ իրենց անմիջական տերը Նիկոլն է, ու իրենց գործերն այնպես են կազմակերպում, որ հանկարծ չշեղվեն Նիկոլի գծից: Դիցուք՝ նախարարներին թվում է, թե իրենք որոշակի անվանումով նախարարության նախարար են՝ առողջապահության, էկոնոմիկայի, բնապահպանության, արդարադատության եւ այլն:

Բայց Նիկոլը նրանց նախապես չի զգուշացրել, որ, իր պատկերացումներով, առողջապահության նախարարությունը, օրինակ, ոչ թե պետք է զբաղվի առողջապահությամբ, այլ աշխատատեղեր փակելով, մարդկանց տուգանելով, ծակ բյուջեի համար եկամտի նոր աղբյուրներ ստեղծելով: Հիմա մի իրավաբան աղջիկ է ընկել ձեռքը՝ վերցրել նշանակել է առողջապահության նախարար: Բա մեղք չէ՞ էդ աղջիկը: Բա ասա՝ աղջիկ ջան, նախ գայիր ինձ մոտ, մի խորհուրդ հարցնեիր… Գոնե գիտե՞ս, որ նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է եւ քաղաքական պատասխանատվություն է ենթադրում թե՛ քեզ, թե՛ Նիկոլի համար: Դու ինչո՞ւ ես աչքերդ փակ մտնում Նիկոլի պատասխանատվության տակ, հը՞: Թե բա՝ պայքարում եմ կորոնավիրուսի դեմ… Տո լավ է՜: Խնդրեմ, այնքան անտեր անասնաֆերմա կաաաա… Չէի՞ կարող քեզ դրանցից մեկում տեղավորել՝ ի՜նչ դիմակ, ի՜նչ կորոնավիրուս, ի՜նչ բյուջե լցնել: Անասունների հետ ավելի հեշտ կլիներ քեզ համար: Աշխատողներդ էլ՝ սպիտակ խալաթներով․ կասե՞ս ինչ տարբերություն: Իսկ պետպատվե՞րը, որ Նիկոլը հանեց փող չլինելու պատճառաբանությամբ: Անասուններին ի՞նչ պետպատվեր: Կաթի ու մսի պլանը կգերակատարեիր, ամսվա վերջում էլ ահագին աշխօր կստանայիր: Բայց սա էլ ասեմ, որ շատ չնեղվես, աղջիկ ջան: Ուրեմն իմ նախկին հարեւան Գրիգոր աղան, Աստված հոգին լուսավորի, միշտ ասում էր՝ փալանչու արհեստն ամենալավ արհեստն է:

- Ինչո՞ւ, Գրիգոր աղա, մի՞թե լրագրողի արհեստը վատ արհեստ է,- հարցնում էի նրան:
- Չէ, փալանչու արհեստն ավելի լավն է, որովհետեւ նրա գործն իշու հետ է, մարդու հետ չէ:
Ինչեւէ…

Մեկն էլ գնաց ու աչքերը փակ նստեց Սուրեն Պապիկյանի ազատած աթոռին: Իրեն թվում էր, որ եթե մի որոշ ժամանակ մարզպետ է աշխատել, կարող է նաեւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար աշխատել: Այսինքն՝ Նիկոլը միամիտ է, հա՞, որ հենց քեզ նշանակեց այդ պաշտոնին: Ու հիմա ո՞նց ես քեզ զգում, երբ համայնքների խոշորացման ու նոր վարչատարածքային բաժանման մութ ու խառը գործը դրված է ՀՀ նախագահի սեղանին: Բա որ մեծարգո նախագահը դիմի ՍԴ, ի՞նչ ես անելու, կարողանալո՞ւ ես տակից դուրս գալ: Տես, որ հետո չասես՝ ես օդը կեղտոտեմ՝ Նիկոլն ու Սուրեն Պապիկյանը գնան սանատորիա: Հա, հենց Սուրեն Պապիկյանը, որովհետեւ նա քեզնից խելացի էր, ու ինչքան լավ բան կար այդ կառավարությունում, նկատի ունեմ փող բերող բան, հետը տարավ Նիկոլ Փաշինյանի տրամադրության տակ: Իսկ կարո՞ղ է վաղը Քոչարյան Անդոյի պես ասես՝ վա՞յ, ես չէի նկատել:

Ֆինանսներ: Վայ, նորանշանակ, վայ… Հայաստանում մարդ չկա, չէ՞, որ Ջանջուղազյանին չճանաչի: «Ֆինանսների գել» որ ասում են, դա նա էր: Ես, ավաղ, ֆինանսիստ չեմ, բայց եթե դու, հարգելի նորանշանակ, իմ օգնությանը դիմեիր, ես Նիկոլին կխնդրեի՝ քեզ ուրիշ պաշտոն տար, թեկուզ՝ հաշվետարի: Լավ հաշվետարներ հիմա մեզ շատ են պետք: Ձեր աչքերով եք տեսնում, թե էս կառավարությունը ոնց է տանում: Չի տանում, է, կրում է, կրում: Դեռ պետք է հաշվել՝ աշխատավարձով ինչքան են տանում, պարգեւավճարներով՝ ինչքան, բնամթերքով՝ ինչքան, ճվճվալով, սեղանին խփելով՝ ինչքան, նախկիններից խլած փողերից՝ ինչքան: Այս ամենը հանրագումարի պետք է բերել: Սա, իհարկե, ֆիննախի գործն է, ֆիննախարարի, բայց հո Նիկոլը միամիտ չէ՞, որ Ջանջուղազյանին երկար թողնի այդ պաշտոնում: Հասկացանք, չէ՞, իրար: Քեզ է նշանակել, որ դու իր ուզած թվերը կրակես, աճ ցույց տաս ու բյուջե ուռճացնես:

Խոսքերս լավ հիշեք՝ էկոնոմիկայի նախարարությունը մինչեւ հունվար կանվանակոչեն Քերոբյանի անվան նախարարություն, որովհետեւ Քերոբյան, որպես այդպիսին, կա, իսկ էկոնոմիկա, որպես այդպիսին՝ ոչ: Երջանկահիշատակ գյուղատնտեսությունն էլ կապել են էդ Քերոբյանի պաչին, որ ամեն անգամ էշ-էշ բաներ խոսի գյուղացու մասին, ու քաղաքացիք «ղժժան»: Բա մեզ գյուղատնտեսություն պետք ա՞: Իհարկե, պետք է: Ինչ է, ՀՀ բոլոր հպարտ քաղաքացիներն ի վիճակի՞ են իրենց ստամոքսահյութի խնդիրը լուծել տուն բերվող պատրաստի «պայոկներով»: Քերոբյանին լսես՝ մեզ տնտեսվարող էլ պետք չէ, թող գնան սնանկացման: Քերոբյան ջան, մի արա, վերջում թիվ 1 պատասխանատուն դու ես լինելու, ոչ թե Նիկոլը: Դժվա՞ր էր ինձ դիմելը, ձեռս հո քարի տակ չէ՞ր: Հյուսիսային պողոտայում մի տարածք կվարձեինք, կոտոշներ եւ սմբակներ մթերող գրասենյակ կբացեինք, մեզ համար դինջ կապրեինք: Էն պետեկամուտների քինդեր սյուրպրիզն էլ եթե գար ստուգելու, կփակեինք ու կթռնեինք՝ մեր ի՞նչ խելքի բանն է սնանկացման գործընթացը:
Դե իսկ ամենահամարձակը Կարեն Անդրեասյանը դուրս եկավ:

Նախկինների մոտ ՄԻՊ էր աշխատում, եթե հիշում եք: Մոտ էինք իրար հետ: Երբեք չէինք հանդիպել, բայց հեռվից հեռու ճանաչում էինք իրար ու միասին լիքը լավ բաներ էինք անում մեր մամուլի ու ազատ խոսքի համար: Թող մեծամիտ չհնչի, բայց ասեմ, որ նաեւ իմ ու Կարեն Անդրեասյանի շնորհիվ է ապաքրեականացվել մամուլի մասին օրենքը: Հիմա Կարենին Նիկոլը նշանակել է արդարադատության նախարար: Նույն վիճակն է, ինչ որ էկոնոմիկայում՝ արդարադատություն չկա, բայց նախարար կա: Կարեն, երբ Նիկոլը քեզ նշանակում էր այդ պաշտոնին, ինքդ քեզ չհարցրի՞ր՝ խի՞, ո՞ր արժանիքիս համար: Ինձ ճիշտ հասկացիր, Կարեն, դու քիչ արժանիքներ չունես, բայց հատկապես ո՞ր արժանիքիդ համար քեզ նշանակեցին արդարադատության, այսինքն՝ գոյություն չունեցող մի բանի նախարար: Ու էն էլ՝ երբ մամուլի օրենքն արդեն հասցրել են վերաքրեականացնել: Եվ դու հիմա սրանց մոտ արդարադատության նախարար ես աշխատում: Բայց կոնտրաստը դնեմ մի կողմ: Իսկ այդ որդիական սերդ առաջնորդ Նիկոլի հանդեպ ինչպե՞ս ծնվեց՝ նայում եմ նրա նկարին, այսպես ու այսպես… Այդքան հուզիչ է, հա՞, նախարարի պաշտոնը:  Տես՝ առողջական խնդիրներ ձեռք չբերես շատ հուզվելուց: Դիմեիր ինձ՝ Նիկոլին կասեի, ավելի հանգիստ պաշտոն կտար: Այլապես թռել ես հենց այն աթոռին, որն առաջինն են առաջարկել: Ի դեպ, արդարադատության նախարարի պաշտոնն էլ քաղաքական պաշտոն է եւ, բնականաբար, 2 տիպի պատասխանատվություն է ենթադրում: Մեկ՝ որ անդամակցել ես երկիրը քանդող խունտային, եւ երկու՝ որ ոչինչ չես արել, բայց աշխատավարձ, պարգեւավճարներ ու հավելավճարներ ես ստացել: