Ինչ կտա բրիտանական հետաքննությունը

Ինչ կտա բրիտանական հետաքննությունը

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը զեկույց է պատրաստել համաշխարհային առաջնորդների եւ քաղաքական գործիչների եկամուտների վերաբերյալ օֆշորային գոտիներից արտահոսած եւ գաղտնազերծված «Պանդորայի փաստաթղթերի» հիման վրա։ Դրանում մանրամասն անդրադարձ կա մի շարք երկրների` Ռուսաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի եւ այլ երկրների ղեկավարների ունեցվածքին:

Օրինակ, Իլհամ Ալիեւի եւ նրա ընտանիքի անծայրածիր ունեցվածքի եւ կոռուպցիոն սխեմաների նկարագրություն, ըստ որի՝ Ադրբեջանի նախագահի ընտանիքն ու նրանց մերձավորներն ավելի քան 400 միլիոն ֆունտ արժողության գործարքներ են իրականացրել Մեծ Բրիտանիայի անշարժ գույքի շուկայում՝ 30 միլիոն ֆունտ շահույթ ստանալով  Crown Estate-ում իրենց գույքի վաճառքից: Crown Estate-ը Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող ընկերություն է։

Բացահայտված տեղեկատվությունն ի ցույց է դնում, որ Ալիեւներն ու նրանց փոխկապակցված անձինք 2006-2019 թթ․ 527 միլիոն դոլար են ծախսել Մեծ Բրիտանիայում անշարժ գույքի 27 օբյեկտների ձեռքբերման համար։ Դրանցից 12-ը հետագայում վաճառվել են, սակայն առայսօր 40 միլիոն դոլարանոց առանձնատուն ունեն Քեսինգտոնում եւ «Հայդ պարկի» մոտ գտնվող Նայթսբրիջում 3 էքսկլյուզիվ բնակարաններ։ 33 միլիոն ֆունտ արժողությամբ գրասենյակային տարածքի շահառուն նախագահ Իլհամ Ալիեւի որդի Հեյդարն է, որը գնելու պահին եղել է 11 տարեկան, եւ այլն, եւ այլն։

Այս զեկույցը հրապարակել է բրիտանական  The Gardian-ը, որն  ավելի քան 100 մեդիա կազմակերպությունների թվում աշխատում է այս հարթակի հետ։ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ ղեկավար Թեւան Պողոսյանը հիշեցրեց, որ երբ ժամանակին բրիտանացի օրենսդիրները ԵԽԽՎ-ում «ադրբեջանական զեկույցներ» էին առաջ տանում, այդ բացահայտումներն արվել էին նույն բրիտանական հետաքննությունների կողմից։ Բայց միայն հանրային ռեզոնանս եւ վերջ։ «Դա դառնում է գործիքակազմ նրա ձեռքին, ով օգտագործելու է։ Հիմա իրենց որ վայրկյանին պետք լինի, որ պահին Ալիեւի հետ խնդիրներ ունենան, դա կդնեն իր առաջ․ պետք լինի` սանկցիաներ կկիրառեն եւ այլն, եթե Ալիեւն իրենց ուզածներն այնպես չանի, ինչպես իրենք են պատկերացնում։ Կամ՝ չգիտեմ՝ Թուրքիայինը անի կամ Ռուսաստանինը։ Պետք է գիտակցել, որ ցանկացած երկիր միշտ իր շահերով է առաջնորդվում։ Հիմա իր շահերի մեջ կա կոռուպցիոն սխեմաների բացահայտումը։ Գցել են, կօգտագործեն որպես այլ հարցեր առաջ տանելու հնարավորություն»,- ասաց Թեւան Պողոսյանը։ Իսկ առհասարակ, ըստ Պողոսյանի, Բրիտանիայի ադրբեջանամետ քաղաքականության մեջ որեւէ բան չի փոխվել։ 

Նշենք, որ այս հարթակի հետ համագործակցող կազմակերպություններից են BBC-ն, «New York Times»-ը։ Հայաստանից ICIJ-ի հետ համագործակցում է «Հետքը», որը հանդես է եկել «Օֆշորներում թափառող հայկական հանքերը» հոդվածաշարով՝ հիմնականում անդրադառնալով բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանին։ Խոսքը 2012-ի հոկտեմբերի մասին է, երբ  բրիտանացի ներդրողները «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակած հաղորդագրությամբ հայտարարել էին, որ 2013-ի սկզբին պատրաստվում են շահագործել երկու նախագիծ՝ Բազումի երկաթի հանքավայրը Լոռու մարզում եւ Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրը` Վայոց Ձորում: Նախագծերի իրականացման համար պետք է ներդրվեր մինչեւ 400 մլն դոլար, ստեղծվելու էր 5 հազար աշխատատեղ:

Մենք «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանից հետաքրքրվեցինք, թե ինչով է պայմանավորված այս թեմայի ընտրությունը, ինչով է այս պահին դա կարեւոր, ինչու ոչ այսօրվա հանքարդյունաբերությունը, այլ` անցյալի։ «Թեմա չէ, շարք է, հերթով գնում ենք։ Մեզ համար կարեւոր էր, որ անցնում է Բրիտանիայի պառլամենտի անդամ։ Ձեզ համար կարեւոր չէ՞։  Հիմա եթե գրեինք ՍԱՍ-ի Արտակի մասին, էլի նույն բանը չէի՞ք ասի՝ ինչո՞վ է կարեւոր։ 8 հազար ֆայլ կա, հերթով գնում ենք»,- ասաց Բաղդասարյանը։