Հայկոյին մի պաշտպանեք, Մամիկոնին պաշտպանեք

Հայկոյին մի պաշտպանեք, Մամիկոնին պաշտպանեք

Իհարկե, պետք է վրդովվել եւ պայքարել այն կամայականությունների դեմ, որն իրականացնում է իշխանությունը՝ տրորելով օրենքն ու բարոյականության բոլոր նորմերը։ Եվ այդ շարքում շատ կարեւոր տեղ է զբաղեցնում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ սկսված արշավը, որի անունն «անվստահություն հայտնելու գործընթաց» են դրել։ Պարզ է, որ սա իրականացվում է մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանի կամքով, որը դժգոհ է իր «նշանակած» քաղաքապետից՝ լավ չի ծառայել իրեն, չի արդարացրել իր հույսերը։ Իսկ թե դա ինչով է արտահայտվել, առայժմ միայն «օդից կախված» լուրեր կան, եւ կարող ենք ենթադրություններ անել իրական պատճառների մասին։ Գուցե անօրինական կամ Մարությանի համար անընդունելի հրահանգներ է իջեցրել։ Գուցե Փաշինյանի մերձավորների, թիմակիցների խնդրանքներն է մերժել։ Վստահ ենք, որ քաղաքապետի կամ քաղաքապետարանի վատ աշխատանքը չէ պատճառը։ Նման պատճառներ Նիկոլ Փաշինյանի եւ այսօրվա իշխանության համար գոյություն չունեն։ Գուցե շատ ավելի պարզունակ է ամեն ինչ․ ասենք, Հայկոն Փաշինյանին չի պաշտպանել սոցցանցերում, չի փորձել նրա ընդդիմախոսների բերանը փակել եւ նման այլ «հանցանքներ»։ Ուստի անպայման պետք է պաշտպանել Հայկոյին, քանի որ նա ընտրվել է ժողովրդի կողմից, եւ միայն ժողովուրդն է իրավասու նրան փոխել, եթե օգտվենք Նիկոլ Փաշինյանի լեքսիկոնից։

Բայց, մյուս կողմից՝ «իրենց բերած-իրենց տարած»։ Ինչպես 2018-ին, օգտագործելով այդ պահին իր ունեցած բարձր վարկանիշը, Նիկոլ Փաշինյանը դեմ գնաց ե՛ւ իր թիմին, ե՛ւ հանրային կարծիքին ու Հայկոյին դարձրեց քաղաքապետ, նույն հաջողությամբ իրավունք ունի նրան «գործից հանելու»։ Առհասարակ՝ ապաքաղաքական գործընթացներում չի կարելի քաղաքական պահանջներ դնել եւ գաղափարական ու սկզբունքային հարցադրումներ անել։ Շատ ավելի էական բաներ են կատարվում այս օրերին մեզ հետ եւ մեր շուրջ, որոնք այսպիսի մեծ ցասումի, չգիտես ինչու, չեն արժանանում։
Ինձ անձամբ թվում էր, որ շատ ավելի վրդովեցուցիչ է այն, ինչ կատարվում է ՏԻՄ-երում՝ վերջին ընտրություններից հետո։ Սա իսկապես «բեսպրեդել» է, որը պետք է կանխել՝ ամեն գնով։ Այն պետական ցինիզմը, անամոթությունը, որով ընտրված ավագանու անդամներին, որոնք համայնքապետ դառնալու շանսեր ունեն, տեռորի են ենթարկում՝ ստիպելով իշխանությունը զիջել կամ օգնել, որ չընտրված ՔՊ-ական թեկնածուները դառնան քաղաքապետ, երեւի աշխարհը չի տեսել։

Այն, ինչ պատմում են մարզերից, եւ այն ճնշումները, որ գործադրվում են՝ հանուն համայնքներում իշխանություն ունենալու, ոչ մի սահմաններում չի տեղավորվում։ Ողջ իրավապահ համակարգը՝ ոստիկանությունով, քննչականներով, ԱԱԾ-ով, տարբեր ստուգող ու պատժող մարմիններով, լծվել է գործադիրից եկող անօրինական հրահանգները  կատարելուն։ Հետաքրքիր է՝ այս քննիչ-դատախազ-ոստիկան-դատավորները խղճի խայթ, հրահանգ տվողների նկատմամբ զզվանք, արհամարհանք, ստոր հանձնարարությունները մերժելու ցանկություն բոլորովին չե՞ն ունենում։ Բայց երեւի բոլորն էլ հասկանում են, չէ՞, թե այս ամենն ինչի համար է արվում։ Մի՞թե բարոյական ու մարդկային բոլոր որակներն այս մարդիկ կորցրել են եւ վերածվել բութ գործիքների, որոնք պատրաստ են կատարել ամենաանօրինական հրահանգները եւ մասնակցել ամենաապօրինի գործընթացներին։

Հիմա գանք հասարակության ակտիվ հատվածին, որն այս օրերին խիստ վրդովված է Հայկ Մարությանի դեմ ձեռնարկված գործընթացով։ Վրդովվեք, բայց շատ ավելի վտանգավոր ու վրդովեցուցիչ են Մամիկոն Ասլանյանի, Արամ Հարությունյանի, Առուշ Առուշանյանի դեմ իրականացվող հետապնդումները։ Շատ ավելի անօրինական է այն, ինչ տեղի է ունենում տարբեր համայնքներում, որտեղ ընտրված ավագանիների որս է սկսվել՝ հետապնդում են նրանց, նրանց հարազատներին, կրիմինալին են գործի դնում, տարբեր կողմերից ու տարբեր մեթոդներով սպառնում են-համոզում, որ համաձայնեն՝ իշխանությունը զիջեն ՔՊ-ին։ Մարդիկ դիմադրում են՝ որտեղ կարողանում են, պայքարում են, հրաժարվում են գործարքի գնալուց, փորձում են միանալ մյուս ուժերի հետ, բայց նրանք մենակ են՝ հասարակական աջակցություն գրեթե չեն ստանում։ Հակառակը՝ երկրում ստեղծված մթնոլորտը կոտրվելու, համաձայնելու, գործարքի գնալու օգտին է։ Շատ ավելի օգտակար ու ազնիվ կլիներ, եթե այս ֆեյսբուքյան զայրույթն ու ակցիաները, որ երկու օր է՝ իրականացվում են Հայկ Մարությանի օգտին, մարզերում ընտրված ավագանու անդամների օգտին իրականացվեին։ Մամիկոն Ասլանյանի, մյուսների կալանավորման ակտերը պետք է դատապարտվեին, դրանք հրահանգողներն արժանանային հանրային պարսավանքի։

Մենք այնքան խնդիրներ ունենք երկրի ներսում ու դրսում, որ 37 թվի բռնաճնշումները պարզապես հերթական դավաճանությունն են մեր պետության եւ հասարակության դեմ։ Պայքարող, իր իրավունքները պաշտպանող, իշխանության դեմ դուրս եկած մարդիկ եւ ուժերը պետք է հարգանքի ու աջակցության արժանանան բոլորիս կողմից։ Մենք պետք է կանգնեցնենք այս արհավիրքը։