Պատճառնե՞ր, թե՞ հետեւանքներ

Պատճառնե՞ր, թե՞ հետեւանքներ

Երեքուկես տարվա մեր անհաջողությունների պատճառները երեք երեւույթներն են՝ նախկինները, կորոնավիրուսի համավարակը եւ պատերազմը: Սա է Նիկոլի ստեղծած «ժողովրդի իշխանության» ապաշնորհության, անգործության, սխալների ու հանցագործությունների արդարացում-բացատրականը: Չնայած, եթե չեք մոռացել, 2020 թվականի ամռանը վարչապետի աթոռը զբաղեցնող անձը խոսում էր կորոնավիրուսի համավարակի բացած հնարավորության մասին՝ դա գնահատելով միլիարդավոր դոլարներով:

Բայց դա տեղի չունեցավ, ու այդ կապակցությամբ ինչպես չհիշենք Մեծ Բրիտանիայի ամենանշանակալից քաղաքական գործիչներից Ուինսթոն Չերչիլի (1874-1965) խոսքը, որ «Քաղաքական տաղանդը կայանում է կանխատեսելու ունակության մեջ, թե ինչ կարող է տեղի ունենալ վաղը, հաջորդ շաբաթ, հաջորդ ամիս, հաջորդ տարի: Եվ հետո բացատրելու, թե ինչու դա տեղի չունեցավ»: Այնպես որ, եթե հետեւենք մեծ անգլիացու խոսքին, ապա, ի դեմս Փաշինյան Նիկոլի, մեր երկիրն ունի տաղանդավոր քաղաքական գործիչ: 

Ի դեպ, առաջին հայացքից կարող է զարմանալի թվալ, սակայն Փաշինյան Նիկոլի մասին նույն կարծիքն ունի հայտնի քաղաքական գործիչ, նախորդ բազմաթիվ (4-րդ, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ) գումարումների Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Այն անձը, ով 7 տարի որպես լրագրող եւ քաղաքական մեկնաբան է աշխատել Նիկոլի խմբագրած թերթում: Չմոռանամ հիշատակել, որ երիտասարդ լրագրող Նիկոլի մեջ ապագա քաղաքական գործչին ժամանակին նկատել է գրող եւ քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանը, ինչի մասին վկայում է «Վանոյի հետ եւ առանց Վանոյի» գրքի հեղինակ, վաստակաշատ լրագրող Վասակ Դարբինյանը: Իսկ որ Նիկոլն իրոք քաղաքական գործիչ է՝ կարող եմ վկայել նաեւ ես, որ շուրջ 20 տարի զբաղված եմ եղել լրատվական դաշտի մոնիթորինգով: Միայն վերջինիս նման քաղաքական գործիչը կարող է խոստանալ մի բան, այնուհետեւ այն մոռանալ եւ նույնիսկ անել հակառակը, նույն երեւույթի նկատմամբ տարբեր ժամանակահատվածներում դրսեւորել իրարամերժ վերաբերմունք, հանուն իշխանություն ստանալու եւ պահպանելու՝ թշնամու նման պառակտել հասարակությունը, սեփական անձի անվտանգությունն ու իշխանատենչությունը գերադասել հայրենիքի ճակատագրից եւ այլն, եւ այլն…   
Վերադառնանք որպես անհաջողությունների պատճառներ թվարկված երեք երեւույթներին: Դրանցից առաջինը՝ նախկինները, այսպես ասած, ունիվերսալ պատճառ էին եւ շարունակում են մնալ այդպիսին: Երեքուկես տարվա ընթացքում ինչ անհաջողություն էլ պատահեր, պատճառը նախկիններն էին: Վաղն էլ ինչ պատահի, կրկին պատճառը նախկինները կլինեն: Բնականաբար, դա այդպես չէր, եւ իրական պատճառը, ինչպես ասվեց, գործող իշխանության ապաշնորհությունն էր: Ինչպես նաեւ լուրջ կադրային բազայի բացակայությունը եւ, ի վերջո, պետության առջեւ ծառացած խնդիրների առաջնահերթությունների չգիտակցումը:

Սակայն ասվածը չէր գիտակցվում լայն զանգվածների կողմից ու, ըստ այդմ, էական չէր: Որովհետեւ մարդկանց ասվում էր, որ այսինչ բանը չստացվեց այսինչ մարդկանց (նախկինների կատարած մեղքերի) պատճառով, եւ եթե նախկինները չլինեին կամ լինեին ոչ այնպիսին, ինչպիսին կային, ապա գործերը շատ ավելի բարեհաջող ավարտ կունենային: Եվ նախկինների նկատմամբ իռացիոնալ ատելությամբ լցված զանգվածները հավատում էին ու շարունակում են հավատալ այդ անհեթեթություններին: Որովհետեւ որքան էլ նախկինները մեղավոր լինեին, շատ ավելի մեղավոր են հենց գործողները:

Երկրորդ երեւույթը՝ կորոնավիրուսի համավարակը, եւս փաստեց «ժողովրդի իշխանության» ապաշնորհության հանգամանքը: Այնպես որ, այն ոչ թե մեր անհաջողությունների պատճառներից մեկն էր, այլ «ազգափրկիչ» Նիկոլի վարչապետության բացասական արգասիքը: Սկզբնական շրջանում համավարակի նկատմամբ վարչապետի եւ առողջապահության նախարարի պաշտոնները զբաղեցնող անձանց կողմից դրսեւորվեց անլուրջ վերաբերմունք: Իսկ երբ գիտակցվեց, որ այն ավելի քան լուրջ խնդիր է, վերաբերմունքը 180 աստիճանով փոխվեց, սակայն ոչ թե գրագետ որոշումների, այլ չմտածված վարքագծի առումով: Մարդկանց, օրինակ, առանց սեռին ու տարիքին նայելու, բառիս բուն իմաստով պառկեցնում էին ասֆալտին, ինչ է թե նրանք բաց օդում դիմակ չէին կրում: Իշխանության վարքագծի նման ծայրահեղ փոփոխությունները վկայում են իշխանության մոտ կառավարման ունակությունների իսպառ բացակայության մասին: Այնուհետեւ նշված ծայրահեղությունները պսակվեցին համարյա թե նույնչափ անգործությամբ: Այնպես որ, ոչ թե համավարակն էր պատճառը, այլ այդ հարցում իշխանության ոչ ադեկվատ, մանկամիտ դրսեւորումը: 

Ինչ վերաբերում է երրորդ պատճառին՝ պատերազմին, ապա այն ներքին եւ արտաքին քաղաքական, ռազմաքաղաքական եւ բազմաթիվ այլ ոլորտներում դրսեւորած ապաշնորհության արդյունք էր: Կամ էլ դավաճանության՝ այդ հարցը դեռ կպարզվի իշխանափոխությունից հետո: Իսկ որ իշխանափոխությունը շատ չի ուշանա՝ դրանում կասկած չունեմ: Ու իշխանափոխությունից հետո միայն հնարավոր կլինի որոշել խայտառակ պարտության ամբողջական պատկերն ու հետեւանքները: Պարտությունը մեզ, բնականաբար, կանգնեցրեց ծանրագույն խնդիրների առջեւ, սակայն վստահ եմ, որ մենք կխուսափեինք դրանից, եթե 2018-ի ապրիլին իշխանության չբերեինք ապագա դժբախտությունների գեներատոր, ստի եւ կեղծիքի մեծ գործիչ Փաշինյան Նիկոլին: