Աննորմալ իրավիճակ

Աննորմալ իրավիճակ

Այո, աննորմալ իրավիճակ է ստեղծվել մեր մեջ և մեր շուրջը: Եվ դրա հեղինակը մենք ենք՝ նախկինները, որ երկու կողմից թշնամիներով շրջապատման պարագայում երկիր կառուցելու փոխարեն արևելյան ինչ-որ «բարդակ» էին ստեղծել: Ազգաբնակչությունը, որ նախկիններից ազատվելու համար իշխանության բերեց մեկին, որի հայ լինելու մեջ ենք արդեն կասկածում: Էլ չասած, որ շահարկելով նախկինների նկատմամբ ատելությունը՝ այդ մեկը ժողովրդավարության անվան ներքո ստեղծեց իր անձնական տիրապետությունը: Իսկ բարեփոխումների անվան ներքո՝ եղածն էլ ավերելով: Եվ ոչ թե թշնամու, այլ սեփական երկրի դեմ պատերազմ նախաձեռնելով: Ու այդ աննորմալ վիճակը գնալով ոչ թե վերանում է, այլ վերացման վտանգի տակ է դնում հայոց պետականությունը:

Իսկ ի՞նչ է անում խորհրդարանական ընդդիմությունն ամառային այս օրերին: Շատ քիչ բան՝ անհատների, և բացարձակ ոչինչ՝ ինստիտուցիոնալ առումներով: Ավելին, այս շոգ օրերին արձակուրդ է գնացել: Կամ նույնիսկ քնով է անցել: Արդեն համոզված եմ, որ ամառային օրերին քնով ընկնելու հատկանիշն ընդդիմությունը ժառանգել է նախկինների ժամանակվա ընդդիմությունից: Օրինակ, 5 օրից սկսվում և օգոստոսի 18-ին ավարտվում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող  կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը: Սակայն «Մայր Հայաստան» նախաձեռնության և դաշնակցության հայտարարություններից բացի այլ հայտարարություն չի եղել: Եվ եթե նախաձեռնությունը հայտարարել է մասնակցության մասին, ապա ՀՅԴ-ն՝ չմասնակցության մասին՝ հաշվի առնելով ընդդիմության քնած վիճակը:

Անցնենք Արցախի խնդրին: Մեկ-երկու օր Երևանի կենտրոնում հայրենասիրական ակտիվություն ցուցաբերած՝ զինվորական համազգեստով «Խաչակիրները» գնացել էին Կոռնիձոր, իսկ այնուհետև, ըստ այդ բնակավայրի համայնքապետի, անհայտացել: Նույն Կոռնիձորում արդեն որերորդ շաբաթն է՝ կանգնած են «Սպայկա»-ի բեռնատարները: Թե կոնկրետ որ շաբաթն է՝ իմաստ չուներ համացանցով ճշտելը: Որքան գիտեմ, դեղորայքը գտնվում է սառնարանային ֆուռերում. այն չի փչանա: «Սպայկա»-ի վրա էլ կմնա սահմանի վրա բեռնատարներն անիմաստ կանգնեցնելու ժամանակահատվածի առումով ծախսերը: Բայց, դա, որքան հասկանում եմ, Նիկոլին առանձնապես չի հետաքրքրում: ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած անձը կատարեց փիառ գործողություն՝ մնացածն արդեն մանրուք է: Լավ էր, որ գոնե նիկոլական անհեթեթ գաղափարին աջակցության (Ստեփանակերտից) ավտոբուսային արշավը կասեցվեց. գնալու էին Հակարիի կամուրջ, որ ի՞նչ անեն…

Անզորությունից մի այդպիսի նախաձեռնություն էլ ընթանում է ամերիկյան մայրցամաքում: Լոս-անջելեսցի հայերը որոշել են Ադամ Շիֆի առանձնատան շուրջը փողոցներ փակելով՝ ստիպել հայամետ կոնգրեսականին մեկնել Հայաստան  ու «միջազգային հանրությանը անձամբ տեղյակ պահել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասին»: Եթե միջազգային հանրություն կոչվածը արևմտյան պետությունների ղեկավարությունն է, ապա այն տեղյակ է: Ուրիշ հարց, որ արևմտյան երկրների շահերը համընկնում են ոչ թե Հայաստանի, այլ մեզ թշնամի և ագրեսոր երկրի շահերի հետ: Ու այդ պատճառով էլ ոչինչ չեն անում ու չեն էլ անի. եթե անելու էին՝ վաղուց կանեին: Իսկ եթե միջազգային հանրություն կոչվածը նաև այդ երկրների բնակչությունն է, ապա նրան Արցախն ավելի քիչ է հետաքրքրում, քանի իր հարևանի վարքը կամ շրջապատի խնդիրները:

Այո, աննորմալ իրավիճակ է ստեղվել մեր մեջ և մեր շուրջը: Որի հանգուցալուծման առումով առաջին քայլը Նիկոլին պաշտոնից հեռացնելն է: Ինչին կարող էին հետևել մնացած քայլերը: Բայց դա մեզ մոտ չի ստացվում: Դժբախտաբար: Ու այդ պատճառով էլ Երևանի կենտոնում սրճարանները շարունակում են մնալ համընդհանուր տեսանելի, իսկ ռեստորանները՝ ոչ այնքան տեսանելի ամենամարդաշատ վայրերը: