Հայաստանը դարձնել ՆԱՏՕ-Ռուսաստան ռազմական բախման նոր թատերաբեմ. Արմեն Գրիգորյանը նոր ծրագիր է առաջարկում

Հայաստանը դարձնել ՆԱՏՕ-Ռուսաստան ռազմական բախման նոր թատերաբեմ. Արմեն Գրիգորյանը նոր ծրագիր է առաջարկում

Հայաստանի իշխանությունը վերջնականապես կորցնում է ադեկվատությունը՝ երկիրը դարձնելով Ռուսաստան-Արեւմուտք ուղիղ ռազմական հակամարտության տարածք: Հայաստանի ԱԽՔ Արմեն Գրիգորյանը պետական հեռուստաընկերության լրագրողի հետ տնային աշխատանքի շրջանակներում նախապատրաստած հարցին, թե արդյոք նախատեսվո՞ւմ է ԵՄ դիտորդների թվի ավելացում եւ կարողությունների ընդլայնում, պատասխանում է. «Միանշանակ է, որ դիտորդների ներկայիս թվաքանակը բավարար չէ Հայաստանի` Ադրբեջանի հետ միջազգային սահմանների մոնիտորինգ իրականացնելու համար, եւ մենք մեր բոլոր գործընկերներին առաջարկում ենք՝ կարողություններն ավելացնեն թե՛ մարդկանց թվաքանակն ավելացնելու տեսանկյունից, թե՛ այլ կարողությունների, որպեսզի կարողանան ավելի պատշաճ դիտարկում իրականացնեն Հայաստան-Ադրբեջան սահմանին»:

Եթե մարդկանց թվաքանակն ավելացնելը հասկանալի է, ապա «այլ կարողությունների» տակ ենթադրվում է, որ ԵՄ դիտորդները պետք է նաեւ զինված լինեն ոչ միայն թեթեւ հրաձգային զենքով, այլեւ գուցե ավելի լուրջ ռազմական տեխնիկայով: Արմեն Գրիգորյանի առաջարկը ԵՄ-ին հետեւյալն է. դիտորդների փոխարեն Հայաստանում պետք է ունենա ռազմական ներկայություն, գուցե ռազմաբազայի տեսքով: Քանի որ Եվրամիությունը չունի առանձին զինված ուժեր, խոսքը թերեւս ՆԱՏՕ-ի ռազմաբազա տեղակայելու առաջարկի մասին է: Հայ-ադրբեջանական սահմանը հսկելու համար պետք է առնվազն մի քանի հազար հոգանոց ռազմական զորախումբ, եւ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը գուցե հենց դա նկատի ունի՝ ասելով, որ առաջարկվել է ավելացնել մարդկանց թվաքանակը`Հայաստանում տեղակայել ՆԱՏՕ-ի մի քանի հազար հոգանոց զորախումբ, որը պետք է հսկի հայ-ադրբեջանական սահմանը: 

Հայաստանի տարածքում արդեն կա ռուսական ռազմաբազա, որի ներկայացուցիչները տեղաբաշխված են Հայաստանի տարբեր մարզերում, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին: Հնարավոր է, որ Հայաստանի իշխանություններին այնքան էլ չի բավարարում ռուսական ռազմաբազայի գործունեությունը, հնարավոր է, որ Հայաստանի իշխանությունները կցանկանային ընդհանրապես լուծարել Հայաստանի բանակը եւ սահմանապահ զորքերը եւ ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանի, այլեւ ընդհանրապես Հայաստանի մյուս երկրների հետ ունեցած սահմանների պաշտպանությունը հանձնել երրորդ երկրի: Բայց այս պահին ռուսական բանակը Հայաստանում է, եւ այդ փաստը հնարավոր չէ անտեսել: Այնպես, ինչպես հնարավոր չէ անտեսել այն փաստը, որ Ռուսաստանը եւ Արեւմուտքն այս պահին գտնվում են անմիջական ռազմական հակամարտության մեջ: Արեւմտյան երկրների ղեկավարները չեն էլ փորձում թաքցնել, որ Ուկրաինայում Ռուսաստանի դեմ պատերազմում է հենց ՆԱՏՕ-ն: Զենքի, զինամթերքի, հանդերձանքի եւ հետախուզական տվյալներից բացի, Արեւմուտքը պատերազմին մասնակցում է հազարավոր կամավորների եւ ռազմական հրահանգիչների միջոցով: 

Այս պայմաններում փորձել Հայաստան բերել նաեւ ԵՄ-ի կամ, որ նույնն է` ՆԱՏՕ-ի զինվորականներ, նշանակում է Հայաստանը եւս վերածել Ռուսաստան-ՆԱՏՕ ռազմական բախումների թատերաբեմի: Այնքան էլ դժվար չէ հասկանալ, որ իրար թշնամի եւ իրար դեմ պատերազմող երկրների բանակները չեն կարող Հայաստանում խաղաղ գոյակցել:  
Երեւի Արմեն Գրիգորյանի ուզածն էլ հենց դա է. որ ՆԱՏՕ-ն ու Ռուսաստանը Հայաստանում իրար դեմ պատերազմեն, այն հույսով, որ ՆԱՏՕ-ի զորախումբն ավելի ուժեղ կգտնվի եւ կհաղթի Ռուսաստանին՝ այդպիսով Հայաստանն ազատագրելով ռուսական օկուպացիայից: Թե չէ, ռուսներն ինքնակամ չեն լքի Հայաստանը, որքան էլ ՀՀ իշխանությունները եւ Արմեն Գրիգորյանն անձամբ ամբողջ օրը պաշտոնական տարբեր միջոցառումների ժամանակ կամ եթերով հակառուսական հայտարարություններ անեն եւ հակառուսական տրամադրություններ գեներացնեն:
Միայն թե Արմեն Գրիգորյանը մի բան հաշվի չի առնում. ՆԱՏՕ-ն սիրում է Ռուսաստանի դեմ կռվել ոչ թե սեփական զինվորականների կյանքի հաշվին, այլ հակառակը` զոհելով այլ երկրների բանակներն ու զինվորականներին:

Այնպես որ, եթե Արմեն Գրիգորյանն ուզում է Հայաստանից դուրս հանել ռուսական բանակն ու նրա զինվորներին, ավելի ճիշտ կանի,  եթե դիմի ՆԱՏՕ-ին՝ ոչ թե զինվորներ, այլ զենք եւ զինամթերք ուղարկելու խնդրանքով: ՆԱՏՕ-ն անպայման կօգնի, եթե Գրիգորյանը խոստանա, որ այդ զենքն ու զինամթերքը կօգտագործվի Հայաստանը ռուսական բանակից ազատագրելու սուրբ գործում: Միայն թե Գրիգորյանն առաջիններից մեկը պետք է լինի, որ զինված հանդես գա ընդդեմ ռուսական օկուպացիայի՝ իր օրինակով քաջալերելով ՔՊ-ի մյուս հակառուսական գործիչներին: Բայց քանի որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները, եւ ոչ միայն նրանք, գիտեն թե իրականում ինչի է ընդունակ Արմեն Գրիգորյանը, այս սցենարը երբեւէ կյանքի չի կոչվի:

Հնարավոր է՝ իրականությունը բոլորովին այլ է. Արմեն Գրիգորյանը, հասկանալով փաշինյանական ռեժիմի վախճանի անխուսափելիությունը, պատրաստում է իր ապագա  տարագրությունը: Իսկ տարագրության համար պետք է, որ նա դիտարկվի որպես թունդ արեւմտամետ ու հակառուս, ով, ճիշտ է, ռուսների դեմ չհամարձակվեց կռվել, բայց գոնե անխոնջ խոսեց: Հայաստանի անվտանգությունն ապահովել չհաջողվեց, գոնե սեփական անվտանգությունը կապահովի:

Ավետիս Բաբաջանյան