Փաշինյանին քննիչ հանձնաժողովից պետք է ոչ թե պատասխան, այլ «պեչատած» թուղթ

Փաշինյանին քննիչ հանձնաժողովից պետք է ոչ թե պատասխան, այլ «պեչատած» թուղթ

Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի ցնցող հայտարարություն արեց․ «Ես ուզում եմ եւ ակնկալում եմ, կարծում եմ՝ հանրությունն էլ, քննիչ հանձնաժողովն ուսումնասիրի բանակցային գործընթացը, ողջ բանակցային գործընթացը՝ սկսած 1994 թվականի հրադադարի, հաղթանակի արձանագրումից հետո»։ Փաստորեն, 44-օրյա պատերազմի տարբեր  դրվագների մասին վկայություններ վերցնելու, փաստաթղթային նյութն ուսումնասիրելու խիստ ժամանակատար, աշխատատար աշխատանքին վարչապետն ուզում է ավելացնել մի այլ՝ ոչ պակաս տարողունակ թեմա՝ բանակցային գործընթաց։ Ինչո՞ւ։

Այդ հարցի պատասխանը, թերեւս, կա պողոսների համույթի այն հայտարարության մեջ, թե «նախկինները պատերազմը գցեցին խեղճ Նիկոլի ջեբը»։ Նույնը Նիկոլն ու պետական քարոզչամեքենան ասել եւ կրկնում են տարբեր հարցազրույցներում, հայտարարություններում, քարոզարշավի ժամանակ։ Բայց, փաստորեն, հիմա ուզում է այդ նախադասությանն իրավական կարգավիճակ տալ, «պեչատել» եւ թողնել սերունդներին․ սարքել  աջաբսանդալ, խառնել թացը չորին եւ դրանով վտանգել նաեւ հանձնաժողովի բուն աշխատանքը եւ արժեզրկել այդ աշխատանքի արդյունքները։ Հիշեցնենք․ ի սկզբանե ասվում էր, որ հանձնաժողովը պետք է պատասխանի մեկ հարցի՝ ո՞վ կամ ովքե՞ր են պատասխանատու 44-օրյա պատերազմի խայտառակ պարտության համար։ Նաեւ՝ թե ինչն է եղել պատերազմի ու պարտության հիմնական պատճառը։ 

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ դրանով Նիկոլ Փաշինյանը ոչ միայն տապալում է հանձնաժողովի վրա դրվելիք հիմնական խնդիրը, այլեւ վտանգում է բանակցային գործընթացը ԵԱՀԿ ՄԽ-ում։ «Քանի որ բանակցությունները դեռ շարունակվելու են, որեւէ մեկը լուրջ չի ընդունի, եթե Հայաստանի ղեկավարն ամեն պահի, ասելով, որ ժողովուրդն ուզում է իմանալ, ես բացում եմ էդ բոլոր քննարկումները։ Ո՞վ լրջորեն կնստի էս իշխանությունների հետ կբանակցի։ Այս վտանգն էլ կա»,- ասում է Արմեն Բաղդասարյանը եւ ավելացնում․

«Անհասկանալի է, թե իր կիսագրագետ պատգամավորները կամ չգիտեմ ովքեր պրոֆեսիոնալ դիվանագետների 25 տարվա աշխատանքն ինչպես են հետաքննելու ու չգիտեմ ինչ անելու։ Առավել եւս, որ այդ բանակցությունների 90 տոկոսը փակ քննարկումներ են եղել։ Այսինքն՝ արդյունքներն ու փաստաթղթերի սկզբունքները հրապարակային են, բայց ողջ պրոցեսը փակ է։ Եվ այլ կերպ չի կարող լինել»։ Արմեն Բաղդասարյանի խոսքով, սա սխալ, պոպուլիստական եւ պետության ղեկավարին ոչ վայել որոշում է։ Այս կոնտեքստում նաեւ հիշեցվեցին Նիկոլ Փաշինյանի նախկին հայտարարությունները՝ բանակցությունները զրոյական կետից սկսելու մասին։ «Շատ տարօրինակ է, որ ինքը հայտարարում է, որ բանակցությունները սկսել է զրոյական կետից, եւ միայն դրանից հետո է, հա՞, ընթացքում պարզում, թե ինչ է եղել։ Եթե ինքը չգիտեր, թե ինչ է եղել, ո՞նց էր զրոյական կետից սկսում։ Այսինքն՝ ենթադրվում է, չէ՞, որ պիտի իմանար ընթացքը եւ հետո նոր որոշեր, որ զրոյականից է սկսում»։ 

Եթե գիտեր, ե՞րբ գիտեր՝ 2018-ի հեղափոխություն կոչվածը  Գյումրիից սկսելուց ՔՊ-ականների ու Քայլոյի հետ Երեւան գալուց առա՞ջ, թե՞ հետո։ Դատելով 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի մի շարք գաղտնազերծումներից, թե ինչ բանակցություններ են եղել այդ օրերին՝ ԱԱԾ-ում լինելուց մինչեւ Կարեն Կարապետյանի հետ տարբեր բանակցություններ, չի կարելի չառաջնորդվել այն կանխավարկածով, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ էլ գիտեր։ Իսկ եթե գիտեր, ինչո՞ւ էր մտնում մի բեռի տակ, որը հիմնավորապես տապալեց կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով։ Այս վիճակի հասցրեց երկիրը, ժողովրդին, մեր ապագան։  

ՀԳ․ Վրացական մի հայտնի անեկդոտ կա․ երբ Գիվին մեռնում է,  նրա ընկեր Կախան գալիս է, հոգեհանգստին լռվում դռների մեջտեղում ու ամեն 5 րոպեն մեկ հառաչում՝ не верю, что Гиви скончался: Այսպես՝ не верю, не верю, մինչեւ որ դռների մոտ գոյացած հերթից մեկը կամացուկ ասում է․ «Дорогой Каха, пройдите и дайте дорогу тем, кто верит»։