Ֆլեշի Բարսեղի «մահվան հետքերով»

 Ֆլեշի Բարսեղի «մահվան հետքերով»

Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշի Բարսեղը, պատկանում է այն անձանց թվին,որոնց  լրատվամիջոցները շատ հարցեր են ուղղում, բայց նա շատ հազվադեպ է պատասխանում այս կամ այն լրատվամիջոցի հարցերին և Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակի կամ այլ հարցերի վերաբերյալ դժվար է նրանից որևէ մեկնաբանություն ստանալ: Սովորաբար լրագրողներին ինքն է խճճում հարցերի մեջ ու դժվար է լինում կողմնորոշվել՝ որն է լուրջը ու որը կատակը։  Երեկ լրատվամիջոցներից մեկը նյութ էր տարածել, որտեղ ասվում էր, թե Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշի Բարսեղ) հեռախոսազանգին պատասխանած անձն ասել է, թե նա մահացել է։ Քիչ թե շատ գործարարի գործունեությանը հետևող լրագրողը կարող է ասել, որ դա խոսելուց հրաժարվելու նրա ցանկությունն էր՝ այն նշանակությամբ, որ ինչպես մեռած մարդուց ոչինչ չեք կարող իմանալ, այնպես էլ՝ Բարսեղից։ Այսօր էլի նույն հարցի վերաբերյալ լրագրողները խաչաձև հարցեր տվին, բայց մեկ է, Բարսեղից որևէ կոնկրետ կամ որոշակի բան չէին կարող իմանալ։ Չէին կարող իմանալ, որովհետև նա Բարսեղ Բեգլարյանն է և չի սիրում լրագրողների հետ անկեղծանալ։ Նա մի այնպիսի պատմություն հորինեց, որի մեջ խճճվեցին բոլորը։ Մնում էր միայն ասեր, որ իր հեռախոսը հանրային օգտագործման համար է և ով ասես՝ կարող է վերցնել ու խոսել՝ այ ցավդ տանեմ, երևի մարդն ասել է, քանի որ ուզել է, որ մահանամ, կամ կատակ է արել:  Երբ լրագրողները սկսեցին շատ հարցեր տալ, ասաց՝ դե զզվցրիք էլի, վա՜յ․․․ Զգացական այս բառերից ավելի լավ վկայություն կարո՞ղ եք ունենալ, որ մարդը չի ուզում խոսել․․․ Սա "մահվան հետքերի մասին»։

Բնավորության մի գիծ ևս։  Անկախ այն բանից՝ իր ընկերը պաշտոնի է, թե պաշտոնի չէ, ընկերոջը չի դավաճանում։ Մարդիկ կան չէ՞, որ հենց իշխանությունը փոխվում, անմիջապես վազում են նորի մոտ ու սկսում «նախկինին գցել»։ Լրագրողական իմ հետաքննությունը պարզել է, որ նա այդպիսին չէ։  Հիշում եմ, երբ Տիգրան Սարգսյանը հեռացել էր, արդեն նախկին էր, լրագրողներից մեկի խորամանկ հարցին այսպես պատասխանեց՝ խի՞, ով որ չկա, իմ մտերիմը չի՞… Նույնը նաև Սերժ Սարգսյանի դեպքում, երբ նա արդեն նախագահ չէ՝ Սերժ Սարգսյանն իմ ընկերը եղել է, կա ու կլինի։ Գիտեմ ինչ կասեք, բայց կհակադարձեմ՝ հո միայն Բարսե՞ղը չէր, դավաճանը մնում է դավաճան։ Դա էություն է։ Իշխանափոխությունից հետո ովքեր մորթափոխվել են, նրանք ոչ նորերի համար կարող են պիտանի լինել, ոչ հների։ Նրանց «օգտագործելը» թուլության նշան է, որովհետև իշխանության վերին աթոռին, որ մի փիսո էլ դնեն, ինքը գնալու և խոնարհվելու է։