Գերիների ցուցակները ներկայացվել են պարբերաբար՝ մի քանի փուլով՝ ըստ թարմացումների

Գերիների ցուցակները ներկայացվել են պարբերաբար՝ մի քանի փուլով՝ ըստ թարմացումների

Հայաստանում և Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ թվական տվյալները խորհրդապահական բնույթի են և ենթակա չեն հրապարակայնացման՝ հաշվի առնելով հարցի գերզգայուն բնույթը. Փոխվարչապետ Ավինյանի գրասենյակը պարզաբանել է գերիների թվական տվյալները չհրապարակելը:

«Ռազմագերիների հարցով ցանկացած խնդրի Հայաստանը մոտենում է ամենայն պատասխանատվությամբ և զերծ է մնում ձևակերպումներից, որոնք կարող են վնասել մեր հայրենակիցների արագ և անվտանգ հայրենադարձման գործընթացին:

Ինչ վերաբերում է գերիների մասով հայկական կողմի ներկայացրած ցուցակներին, ապա դրանց թվային տվյալների խորհրդապահական բնույթը հաշվի առնելով, հարկ է սոսկ տեղեկացնել, որ դրանք ներկայացվել են պարբերաբար՝ մի քանի փուլով՝ ըստ թարմացումների: Ընդ որում՝ դեռևս դեկտեմբեր ամսին ռուսական կողմին և ԿԽՄԿ փոխանցվել են ամբողջական ցանկերը:

Հայաստանում և Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ թվական տվյալները խորհրդապահական բնույթի են, որոնք ենթակա չեն հրապարակայնացման՝ հաշվի առնելով հարցի գերզգայուն բնույթը»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների թիվը շատ ավելին է, քան 62 մարդը։ ՌԴ ԱԳՆ նախարարը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները ուշացրել են գերիների ցանկի տրամադրումը, այդ պատճառով իրենք փոխանակման առաջին փուլում չեն կարողացել համապատասխան աշխատանք իրականացնել։

Սերգեյ Լավրովի փոխանցմամբ՝ ռուսական կողմը ջանքեր է գործադրում «բոլորը բոլորի դիմաց» սկբունքով գերիների փոխանակում կազմակերպելու համար, բայց ամբողջ խնդիրն այն է՝ հայկական կողմը Բաքվին հանձնելու ենթակա գերի ունի՞։