«Բռնոցի-պախկվոցի»՝ չար Նոր տարուց առաջ

«Բռնոցի-պախկվոցի»՝ չար Նոր տարուց առաջ

Երբեք այսքան տխուր ու տագնապալից Ամանոր չէինք ունեցել՝ խուզարկություններ, ձերբակալություններ, նոր մեղադրանքներ: Ճիշտ է, բանտից տուն գնացողներ էլ եղան՝ «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը, հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, ավելի վաղ՝ Նորքի զինյալ խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը, տնտեսագիտության դոկտոր Աշոտ Մարկոսյանը, բայց սրանք, ավելի ճիշտ՝ բացառություններ են ընդհանուր խաղի կանոններում, իսկ խաղը մեկն է՝ «բռնոցի-պախկվոցի»: Բռնում են բոլորին՝ դատավորից մինչեւ գիտնական ու միջին չինովնիկ, ու առանց երկար մտածելու, իսկ «պախկվում» են հիմնականում Ռուսաստանում: 

Ուզունյանը չկարողացավ վաճառել իր կալվածքը

Ռուսաստանում վերջին «պակխվողը» Հոկտեմբերի 27-ի գործով հայտնի դատավոր Սամվել Ուզունյանն է, որը մեղադրվում է 51 հազար դոլար կաշառք ստանալու մեջ: Հետաքրքիր մանրամասներ պարզեցինք դատավորի մասին: Արդեն մի քանի ամիս է, ինչ նա վաճառքի է հանել Կարբի համայնքում գտնվող շքեղ առանձնատունը, որը գրավադրված է եղել բանկում: Վաճառքի գինը սկսվել է 1 մլն դոլարից: Ֆեոդալի կալվածք հիշեցնող այդ տան համար դատավորին վերջերս առաջարկել են 600 հազար դոլար, սակայն նա չի համաձայնել, իսկ այսօր Կարբիի «կալվածքի» գինը հասել է 300 հազար դոլարի, բայց երեք լողավազաններով, այգիներով ու թանկարժեք մարմարից արձանիկներով, խաչքարերով, տարատեսակ հանգստավայրերով հագեցված այդ 8000 հեկտար տարածքը գնող չկա: 

Տարվա ամենաանհեթեթ գործը

Տարվա ամենաանհեթեթ գործը, թերեւս, վերաբերում էր ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանին, որը հեռացավ պաշտոնից նախկին ղեկավարության հետ։ Եվ հանկարծ հնչեղ «քաղաքական» մեղադրանք՝ իշխանությունը յուրացնելուն օժանդակելու ու պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Ենթադրվում էր, որ Արսեն Բաբայանը, ինչպես նաեւ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը, պարզ ասած, օգնել են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին՝ «յուրացնել» այդ պաշտոնը: Իհարկե, ԶԼՄ-ների ու հանրության արձագանքը բուռն էր: Հիշում եմ, երբ Արսեն Բաբայանին նոր էին կալանավորել, եւ նա դեռ չէր արտահայտել իր դիրքորոշումը, զանգահարեցի նրա հորը՝ նախկին դատախազ Հակոբ Բաբայանին, որպեսզի տեղեկանամ, թե ինչպես է որդին վերաբերվում իր  մեղադրանքին: Եվ նա փիլիսոփայի հանդարտությամբ պատասխանեց. «Ես չգիտեմ, ես չեմ կարող ասել: Կարծում եմ՝ շուտով Արսենը կգա ու ինքը Ձեզ կասի»: Եվ իրոք, 22 օր անց Արսեն Բաբայանը դուրս եկավ: Նրան բաց էին թողել՝ հիմք ընդունելով իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի եւ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի երաշխավորությունները, իսկ դեկտեմբերի 24-ին դատախազությունը հայտնեց, որ այս գործով կազմված մեղադրական եզրակացությունը չի հաստատվել, ու քրեական գործն ուղարկել են լրացուցիչ քննության: Ի՞նչ կա լրացուցիչ քննությունից՝ «Հրապարակի» հարցին Արսեն Բաբայանը պատասխանեց. «Դեռ բան չկա, վերադարձնելուց հետո հետս չեն կապվել քննչականից: Կարծում եմ՝ տոներից հետո կանեն»: Նա նաեւ ասաց, որ բարձր տրամադրությամբ է դիմավորելու Նոր տարին: Տրամադրությանդ վրա չի՞ ազդել, որ մեղադրյալի կարգավիճակում ես: «Վրաս ազդել է, բայց ազդել են ոչ թե իմ նկատմամբ թույլ տրված աննախադեպ ապօրինությունները, այլ իրավական բեսպրեդելը, որը տարուց ավելի է՝ տիրում է Հայաստանի Հանրապետությունում: Այդ մասին ես ահազանգում էի մինչեւ ապօրինի կալանավորվելս»,- նշեց Բաբայանը: 

«5-րդ ալիք»-ն ուզում են փակել

Օրերս հերթական անգամ համոզվեցինք` «առնետներից» մեծահոգություն սպասելը հիմարություն է․ Առնետի տարին դեռ չեկած՝ չարություն է բերել: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, նախօրեին բավարարեց «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորելու միջնորդությունը: Նրա փաստաբանը՝ Հովհաննես Խուդոյանը, ասաց, որ այդ որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացնելու: Թավադյանին մեղադրում են Մարտի 1-ի գործով վկաներից մեկին կաշառքի դիմաց ցուցմունքներից հրաժարվելու առաջարկ անելու համար, իսկ հիմքը ոստիկանության տարածած տեսանյութն է, որտեղ Քոչարյանի աջակիցներից ոմն Մկրտչյան համոզում է գնալ եւ փոխել ցուցմունքը: Ենթադրաբար, այդ Մկրտչյանը ցուցմունք է տվել Թավադյանի դեմ։ Ինքը՝ Թավադյանը, հրաժարվում է ցուցմունք տալուց, քանի որ տեսանյութն իր հետ որեւէ կապ չունի, իսկ նրան ճանաչողները նշում են, որ նա պարկեշտ, համեստ անձնավորություն է, եւ նրա միջոցով փորձում են լռեցնել «5-րդ ալիք»-ին: 

Ընկերոջ՝ Արմեն Թավադյանի նկարը «5-րդ ալիք»-ի տնօրեն Հարություն Հարությունյանը տեղադրել է սոցցանցի իր պատին ու տակը գրել. «Դնեմ պատիս ու ասեմ՝ Արմեն Թավադյանն իմ ընկերն է, եւ հպարտ եմ, որ Արմենի նման մարդիկ դեռ կան, որ գիտեն ընկերության արժեքը: Էս տրագիկոմեդիան մի օր վերջանալու է, ամեն ինչ իր տեղն է ընկնելու, եւ գնահատվելու է անշահախնդիր ընկերությունը: Մնացածը քաղաքականություն է, կեղտոտ, հիստերիկ քաղաքականություն»: Իսկ սոցցանցի այլ օգտատերեր, Հարությունի ընկերներն ու լրագրողներ գրեցին, որ հոգնել են։ Գրեցին ընկերության գնի մասին, ու մենք էլ ուրախ ենք, որ մեր այս թավշյա չարության օրերում դեռ կան ընկերության արժեքն իմացող մարդիկ: 
«Ամեն ինչ անում են, որ փակվենք.... ի՞նչ ասեմ»,- Հարությունի տխուր ռեզյումեն է «Հրապարակի» համար: Այս երկրում ոչինչ չի փոխվում: «Ա1+»-ի փոխարեն այսօր «5-րդ ալիք»-ն է: 

Այդ ջրանցքի հատվածը 15 տարով է տրվել՝ առանց վաճառելու իրավունքի

Տնտեսագետ Աշոտ Մարկոսյանին օրերս պատահաբար հանդիպեցինք սրճարանում: Ուրախ էի, որ վերջապես կարող եմ նրան հարցնել դեռ անցյալ տարի նրան առաջադրված անհեթեթ մեղադրանքի մասին, որը նա դեռեւս չի մեկնաբանել: Հիշեցնենք․ Պետգույքի կառավարման վարչության պետի նախկին տեղակալ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ջրային օրենսդրության հեղինակ Աշոտ Մարկոսյանը կալանավորվել էր ու մեղադրվում էր Ամասիայի ջրային համակարգն ու հարակից կառույցները, որոնք կառավարությունը գնահատել է մոտ 200 մլն դրամ, 22 մլն-ով «Անի» ԲԲԸ-ին օտարելու մեջ։ Հետո պարզվեց, որ քամին կրկին նախկինների կողմից էր փչում՝ «Անի» ընկերության տերը գեներալ Մանվել Գրիգորյանի օգնական Մեսրոպ Մանուկյանի հայրն է, որին պատկանում է հարակից «Ջրաձոր» ՀԷԿ-ը: Գործարքն էլ սեփականաշնորհում չէր, քանի որ ընկերությունն իրավունք չուներ գույքը ո՛չ գրավ դնելու, ո՛չ էլ վաճառելու, այլ իրավունք ուներ ներդրումներ կատարելու, իսկ եթե ՀԷԿ-ը չաշխատեր, ընկերությունը պետք է գույքը հետ վերադարձներ պետությանը: Աշոտ Մարկոսյանն այդ գործով կալանավորվեց երկու անգամ, ու երկու անգամ էլ պրոֆեսորին բաց թողեցին: 

Ի՞նչ եղավ քրեական գործը, դեռ քննո՞ւմ են, Դուք այդպես էլ ցուցմունք չտվեցի՞ք․ մեր հարցին պրոֆեսորը, որը չի սիրում խոսել ԶԼՄ-ների համար, արձագանքեց. «Ոնց որ փակել են: Էհ, ես մտածելու բան չունեմ, ես դրա հետ կապ չեմ ունեցել: Ի՞նչի մասին տամ ցուցմունք: Այդ ջրանցքի հատվածը 15 տարով է տրվել, սեփականության իրավունք չկա, օտարելու իրավունք չկա, ինքը ռեժիմով ջուր պետք է տա»: Նա ասաց, որ գնացել ու տեսել է այդ ջրանցքը, որը սովետական ինժեներական մտքի գոհար է համարում: Սարի միջով թունել է բացված, մյուս ափից ձոր է, ու մի 300-400 մետր ջրանցք է գնում, մի 60 մետր ներքեւ ՀԷԿ է սարքված, ջուրը հոսում է, պտտվում ՀԷԿ-ում ու առանց մի կաթիլ կորստի մտնում Ախուրյան գետը: Բայց այդ համակարգը երեք անգամ արդեն մաշվել է, քայքայված է, եւ ինչ-որ մեկը որոշել է, որ այն արժե 200 մլն դրամ: Եթե գտնվի ինչ-որ մեկը, որ որոշի նման պայմաններով գոնե 1 մլն ներդնել, պետությունը պետք է ուրախ լինի: Բայց մեզ մոտ ներդրում անելու համար բռնում են: Աբսուրդ: 

ՀԳ. Անցյալ տարեվերջն էլ նույն «բռնոցի-պախկվոցիի» տրամաբանության մեջ էր, բայց այն հեղափոխական տարի էր, եւ արյան ծարավը դեռ չէր հագեցվել: 2020-ին սպասող հանրությունը կշտացել է քրեական պատմություններից եւ տոնի նախօրեին բարություն է ուզում, Դիքենսի ամանորյա հեքիաթի բարությունը, որովհետեւ ներումն ու բարությունը Սուրբծննդյան տոներից անբաժան են: Հենց այդ դիքենսյան բարության ու մեծահոգության պակասն ենք այսօր զգում: Ամենաբնական ամանորյա ցանկությունը՝ որ բոլորը գնան տուն ու իրենց հարազատների հետ դիմավորեն Նոր տարին, ամանորյա անիրականանալի հրաշք է դարձել: