Հյուսիսային պողոտայի գործով մի քանի քրեական գործեր են հարուցվել

Հյուսիսային պողոտայի գործով մի քանի քրեական գործեր են հարուցվել

Ազգային ժողովի նախագահի նախաձեռնությամբ երեկ խորհրդարանում լսումներ կայացան «Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետեւանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով։ Ի դեպ, լսումների ընթացքում պարզ դարձավ, որ նախաձեռնողն իմքայլական պատգամավոր Գայանե Աբրահամյանն է, Արարատ Միրզոյանն էլ վերջում միացավ քննարկմանը եւ ասաց ամենակարեւորը․ «Հենց այս լսումների ընթացքում բանախոսներն արդեն իսկ նշում են հանգամանքներ, որոնք առերեւույթ իրավապահ մարմինների համար համապատասխան գործողություններ սկսելու հիմք կարող են հանդիսանալ»։ Այս տեքստից պարզ դարձավ, թե ինչու են որոշել անդրադառնալ 2004-2005 թվականների դեպքերին։ 

Իսկ լսումների ընթացքում հրավիրված պաշտոնյաներն ու հյուրերը, գործընթացից տուժած քաղաքացիները սարսափ-ֆիլմ հիշեցնող պատմություններ էին ներկայացնում այն մասին, թե ինչպես են ժամանակին սեփականության իրավունքի կոպտագույն խախտումներով տնազրկել իրենց։ Սլաքները, բնականաբար, առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանի կողմն էին ուղղվում, ում նախագահության տարիներին է գործընթացը սկսվել, սակայն ծանր մեղադրանքներ հնչեցրին ոչ միայն նրա, այլեւ նախկին այլ պաշտոնյաների հասցեին։

ՄԻՊ Արման Թաթոյանը հիշեց․ «Ես ականատես եմ եղել տեսարանի, երբ մարդը, ուղղակի գամված լինելով անկողնուն, իր բնակարանից չէր կարողանում հեռանալ, քանի որ պետությունը պատշաճ միջոցներ չէր ձեռնարկել նրա տեղափոխման համար»։ Մարդու սեփականության օտարումը պետության կամ հանրության շահի համար կարող է լինել միայն բացառիկ դեպքերում` օրենքին համապատասխան, մինչդեռ Արման Թաթոյանը նկատում է, որ 2000-ականներին դա արվել է կառավարության որոշումներով` այդ ընթացքում խախտելով մարդկանց մի շարք իրավունքներ, իսկ ծրագրի տնտեսական արդյունքն էլ եղել է զրոյական: «Այդ ծրագրերի անվան տակ տեղի է ունեցել սեփականության վերաբաշխում, եւ ի հաշիվ հանրության շատ անդամների՝ մի քանի անհատներ հարստացել են, հարյուրավոր ընտանիքներ անօթեւան են դարձել»։ Արման Թաթոյանը հիշեց, որ դեռ ՀՀ առաջին ՄԻՊ-ը կառավարությանն առաջարկել էր վերանայել պայմանագրերը, այնուհետ, սահմանադրական փոփոխություններից հետո, ՄԻՊ-ը ՍԴ էր դիմել:

ՄԻՊ-ի առաջարկների մի մասն ընդունվել է այն ժամանակ, բայց դրանց զգալի մասը, ըստ Արման Թաթոյանի, առանց հիմնավորումների մերժել են: Այս գործերով ՄԻԵԴ-ն էլ բազմաթիվ վճիռներ ունի` հօգուտ քաղաքացիների: Չնայած սրան, Արման Թաթոյանը՝ իբրեւ ՄԻՊ, կարծում է, որ համակարգային առումով 2007-ից ի վեր սեփականության իրավունքի պաշտպանությանը լուծումներ չեն տրվել, մարդիկ համարժեք փոխհատուցումներ չեն ստացել: 

«Պետական կարիքների զոհեր» ՀԿ ղեկավար Սեդրակ Բաղդասարյանն էլ հայտարարեց, որ իր ծրագրի իրագործման համար Ռոբերտ Քոչարյանին «համախոհների խունտա» էր պետք, որը ղեկավարում էին այդ ժամանակվա արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Ասաց, որ գործընթացում ներգրավված «Վիզկոն» ՍՊԸ հիմնադիր Պավել Անդերսոնը 550 հազար դոլար կաշառք է տվել Երվանդ Զախարյանին, որ հայտնվի այս ցուցակում։ «Ես պահանջում եմ, որպեսզի քրեական գործ հարուցվի մի մարդու նկատմամբ, որը խախտել է Սահմանադրությունը։ Բացի Քոչարյանից, նաեւ՝ Դավիթ Հարությունյանի, Երվանդ Զախարյանի դեմ»։ 

Վաղեմության ժամկետը հաշվի առնելով՝ կարելի՞ է արդյոք իրավական նոր գործընթաց սկսել հայտնի իրադարձություններից ավելի քան 15 տարի անց, թե՞ օրենսդիր թիվ մեկ ամբիոնից տեղի ունեցած լսումները սոսկ քարոզչական նպատակ ունեին, եւ, ինչպես կարծում են քոչարյանականները, Հայաստանի քաղաքական գործընթացները ծավալվում են մեկ դատավարության շուրջ։ Բանն այն է, որ օրենքի ակնհայտ խախտումներով տնազրկված քաղաքացիներից շատերն անցնող տասնամյակում սպառել են ոչ միայն ներպետական դատական ատյանները, այլեւ իրենց խնդիրը լսելի դարձրել ՄԻԵԴ-ում։

Իրավաբան, Արցախի նախկին ՄԻՊ, ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանը մեզ հետ զրույցում ասաց. «Վաղեմության հարցն ի հայտ է գալիս արարքներին տրվող ենթադրաբար գնահատականների հետ կապված։ Ես չգիտեմ՝ ինչ արարքների մասին է հիմա խոսքը, որովհետեւ վաղեմության ժամկետները պայմանավորված են ենթադրյալ ժամկետների տեսակով։ Վաղեմության ժամկետը պայմանավորված է նաեւ ենթադրյալ հանցանքի տեսակով, ոչ ծանր հանցանքների դեպքում այն ավելի կարճ է։ Էլ չասած, որ այս ընթացքում մի քանի անգամ համաներման ակտեր են կայացվել։ Եղել են խախտումներ, որոնց մի մասը մեր իրավական համակարգն է արձագանքել՝ նույն ՍԴ որոշմամբ՝ ճանաչելով Սահմանադրությանը հակասող, մյուս մասը ՄԻԵԴ-ն է արձագանքել, «Իմ քայլը» խմբակցությունը կամ այս իշխանությունն առաջինը չեն, որ անդրադառնում են խնդրին»։  

Ի դեպ, լսումների ժամանակ Սեդրակ Բաղդասարյանը պատմեց, որ փոխնախարար Ռուբեն Մելիքյանն իր մոտ է հրավիրել իրեն եւ «ժպտալով» ասել, որ ՄԻԵԴ-ի պարտավորեցմամբ ստանալիք բնակարանը կարող է ստանալ, երբ որ իրենց «փող տա»։ Այս առիթով Մելիքյանը պարզաբանում է ներկայացրել դեռեւս ամիսներ առաջ. «7 տարի առաջ հրավիրել եմ Սեդրակ Բաղդասարյանին՝ բանակցություն վարելու, եւ ասել հետեւյալը․ որպեսզի ՀՀ-ն կատարի ՄԻԵԴ-ի առաջ իր ստանձնած պարտավորությունը, այն է՝ նրան տա իրեն վճարված 20 հազար դոլարի փոխարեն իր ունեցածից երկու անգամ մեծ մակերեսով (117 քմ) բնակարան, առաջարկում եմ վերադարձնել այդ 20 հազար դոլարը։ Ես իրենց շահերից ելնելով՝ առաջարկել եմ անգամ ոչ թե վերադարձնել գումարը, այլ տալ այն վերադարձնելու համաձայնություն, որից հետո կկարողանային հատկացված բնակարանը վաճառել շուկայական արժեքով, նոր գումարը վերադարձնել։ Սակայն երբ իրենք չհամաձայնեցին, եւ երկու տարի հետո եղավ ՄԻԵԴ որոշումը, եղավ այն, ինչ ես ասում էի՝ առնվազն 30-35 տոկոսով ավելի քիչ գումար ստացան, քան եթե հետ վերադարձնեին այդ 20 հազար դոլարը եւ այդ պայմանով ստանային իրենց ունեցած բնակարանից երկու անգամ ավել մակերեսով բնակարան ու այն վաճառեին։ Երկու տարի էլ չէին կորցնի»։

Ռուբեն Մելիքյանի կարծիքով՝ շարունակել նման հայտարարությունները, կնշանակի՝ քաղաքական շահարկում անել․ «Բաղդասարյանի խնդիրը բարձրաձայնվել է, ՄԻԵԴ-ի վճիռը կատարվել է, հիմա նորից սկսել է պահանջել իր բնակարանը՝ այն պայմաններում, երբ արդեն իր թույլ տված խախտման համար ստացել է փոխհատուցում։ Եթե հիմա այդպես են գործընթացն առաջ տանելու եւ խոսելու են այն մասին, ովքեր արդեն փոխհատուցում են ստացել, ուրեմն այստեղ բարեխղճություն չեմ տեսնում։ Եթե կան քաղաքացիներ, որոնք չեն կարողացել իրավական պաշտպանության գործիքներից նախկինում օգտվել, հիմա են անելու, դա կարելի է համարել բարեխղճություն»։
Դիմեցինք Գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե վերջին ժամանակներում նշված գործընթացի շրջանակներում կա՞ հարուցված քրեական գործ։ 

Ի պատասխան՝ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ այս տարվա հուլիսի 10-ին, մամուլում հրապարակված ամերիկահայ Պավել Անդերսոնի՝ քաղաքապետարանի ու դատարանների ներկայացուցիչներին կաշառք տալու տեղեկատվության վերաբերյալ հանձնարարվել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանը՝ ստուգել փաստը։ Արդյունքում սեպտեմբերի 13-ին գործ է հարուցվել՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում եւ կաշառք հոդվածներով. «Նախաքննություն է ընթանում, կարգավիճակ ունեցող անձ չկա այս պահին»։ Ինչպես նաեւ վերաբացվել է 2015-ին կարճված մի քրեական գործ․ «Բնակիչները բողոքել են, որ փոխհատուցումը բավարար եւ համարժեք չի եղել»։ Առայժմ գործը Երեւան քաղաքի քննչականում  է, հարուցված է 214-ի 2-րդ մասով եւ նշանակված է փորձաքննություն։ Կարգավիճակ ունեցող անձ չկա։ Մեկ այլ գործ էլ հարուցվել է 02․08․2019-ին՝ 308-ի 1-ին մասով։ Խնդիրը նույնն է՝ բնակիչները բողոքում են փոխհատուցումից։ Մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ այստեղ էլ չկա։