Կայարանամերձ հրապարակում դեռ Թոխմախի ժամանակներն են

Կայարանամերձ հրապարակում դեռ Թոխմախի ժամանակներն են

Կայարանամերձ հրապարակում՝ Սասունցի Դավթի արձանի հետնամասում, երեկոյան ժամը 21։00-ից մինչեւ առավոտյանը ժամը 8-ը գյուղատնտեսական ապրանքների մեծածախ շուկա է գործում։ Առեւտրականները երկաթուղով գալիս են այստեղ եւ վաղ առավոտյան միրգ-բանջարեղենը հանձնում վերավաճառողներին, որոնք այն դնում են վաճառքի երեկոյան ժամը 9-ին։

Այս «բիրիքնոցը» հստակ սահմանազատված տարածք չունի։ Փաստացի, առեւտրականները զբաղեցնում են արձանի հետնամասից մինչեւ մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանի գետնանցումը։ Երբեմն ավելի են «ծավալվում»։ 

Շուկայի առեւտրականները «Հրապարակին» հայտնեցին, որ մարդկանց համար այստեղ կանգնելն ամենեւին էլ անվճար չէ։ Ամեն օր գիշերային առեւտրականներին մոտենում են ԱԺ նախկին պատգամավոր, օլիգարխ Մհեր Սեդրակյանի «հպատակները» եւ յուրաքանչյուր առեւտրականից վերցնում 1000 դրամ՝ շուկայում ապրանք վաճառելու համար։ «Եթե հաշվենք, որ այստեղ մոտ 100 հոգի առեւտուր է անում ամեն գիշեր, ապա ստացվում է, որ օրական եկամուտը շուկայի 100 հազար դրամ է, իսկ մեկ ամսում ստացվում է 3 մլն դրամ, ինչը քիչ չէ»,- ասում է քաղաքացին։ Որեւէ կերպ այս տարածքում գյուղմթերքների վաճառքը կանոնակարգված չէ․ մարդիկ՝ չգրված մի օրենքով, մուծվում են պահանջվող գումարը։

ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ որեւէ հաղորդում կամ քաղաքացու դիմում՝ նման երեւույթի վերաբերյալ, իրենք չեն ստացել։ Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչությունում եւս չունեին պատասխանն այն հարցին, թե ովքեր եւ ինչու են առեւտրականներից ամեն օր 1000-ական դրամներ հավաքում։ Վարչությունից պատասխանեցին․ «Այս հարցով ամենօրյա հսկողություն է սահմանվել թաղապետարանի կողմից»։
Դիմեցինք նաեւ Էրեբունու թաղապետարան։ Պարզվեց՝ Մհեր Սեդրակյանի տղաները ոչ թե ռեկետ են իրականացնում, այլ միանգամայն օրինական հիմունքներով փող են վերցնում առեւտրականներից, բայց խոսքը շուկայի տարածքի մասին է, որը կազմում է սահմանափակ տարածք։ Իսկ այդ գործողությունը կոչվում է «գյուղատնտեսական գործունեություն»։ Ահա թե ինչ պատասխան ստացանք Էրեբունու թաղապետ Արման Աբրահամյանից։ «2015 թվականի օգոստոսի 24-ին «Բիդեք» ՍՊԸ-ին գյուղատնտեսական արտադրանքի մեծածախ առքուվաճառքի կազմակերպման համար տրամադրվել է մոտ 900 քմ հարակից տարածք: Պայմանագիրը երկարաձգվել է 2018 թվականի հուլիսի 1-ին՝ 3 տարով:

Նշված հատվածում ընկերությունը կարող է իրականացնել գյուղատնտեսական առքուվաճառք, սակայն նշված հատվածից դուրս առքուվաճառք իրականացնելու, առավել եւս գումար պահանջելու իրավունք չունի: Վարչական շրջանի առեւտրի եւ գովազդի սպասարկման բաժինն ամենօրյա հսկողություն է կատարում եւ փորձում կանխել ապօրինի առեւտրի դեպքերը, ինչպես նաեւ անրաժեշտության դեպքում կազմվում են արձանագրություններ»:

900 քմ-ն, որտեղ կանգնող քաղաքացիներից «Բիդեքը» կարող է օրական 1000 դրամ վերցնել, որեւէ կերպ սահմանազատված չէ մեր մատնանշած տարածքից, որտեղ առեւտրի համար պայմաններ ստեղծված չեն, նշված ՍՊԸ-ն որեւէ ծառայություն չի մատուցում՝ ուղղակի փող է հավաքում։ Իսկ թաղապետի խոսնակ Արթուր Օսիպյանը նշեց․ «Մենք փորձում ենք արգելել ապօրինի փողոցային առեւտուրն այդ տարածքում, քանի որ դա հանրային տարածք է, եւ չի կարելի մարդկանց ելումուտն արգելակել։ Բանակցություններն առեւտրականների հետ միշտ գնում են»։

Հիշեցնենք․ «Բիդեք» բազմապրոֆիլ կազմակերպությունը, որը զբաղվում է, կարելի է ասել, ամեն ինչով՝ շինարարությունից մինչեւ գյուղատնտեսություն, գրանցված է Սասունցի Դավթի 87 հասցեում եւ մշտապես գործել է Մհեր Սեդրակյանի տանիքի տակ։ Այն համարվում է նրանը։ Վերջինս Երեւանի կայարանամերձ հրապարակի առեւտրային վայրերի լիարժեք տերն ու տիրակալը դարձավ 2013 թվականին, երբ դեռ ԱԺ պատգամավոր էր։ Մինչ այդ էլ էր Թոխմախի Մհերը տիրապետում այդ տարածքներին, գումար հավաքում փողոցային առեւտրականներից, իսկ Էրեբունու ոստիկանությունն անզոր էր սանձել համայնքի օլիգարխին, որը նաեւ տարիներ շարունակ Էրեբունիում թաղապետ է նշանակում, ընտրություններ կազմակերպում։ Ի դեպ, նախորդ ընտրություններին էլ «Իմ քայլին» է աջակցել։ Իսկ 2013 թվականին Սեդրակյանը խլեց կայարանամերձ հրապարակի վերջին բաստիոնը՝ Երեւանի ամենահին ու ամենամատչելի շուկան, որը գտնվում էր կայարանի տարածքում։ Այդ շուկայի տերը Գառնիկ Արշակյանն էր, որին պատկանող «Նարեկ Ա» ՍՊԸ-ն ավելի քան 20 տարի քաղաքային իշխանություններից վարձակալում էր այդ տարածքը, իսկ հետո՝ ռուսական երկաթգծից։

2013 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ՀՀ կառավարության միջամտությամբ ազատվեց նախկին վարձակալից եւ «Բիդեք» ՍՊԸ-ի հետ պայմանագիր կնքեց։ Պատրվակը շուկայի վերակառուցումն էր, «խոզանոցը մաքրելը», ինչպես ինքը՝ Սեդրակյանն էր «Հրապարակի» հետ զրույցում արտահայտվել։ Այսօր, փաստորեն, մաքրության կոչերը մոռացված են։ Կայարանում կրկին տիրում է ամենակեղտոտ, նախնադարյան ռեկետը, որը կոչվում է «գյուղատնտեսական գործունեություն»։