Մեծ պարտություն

Մեծ պարտություն

«Պատմությունը կրկնվում է երկու անգամ. առաջին անգամ՝ որպես ողբերգություն, երկրորդ անգամ՝ որպես ֆարս»,- պնդում էր գերմանացի փիլիսոփա Հեգելը: Հայոց պատմությունը շարունակ կրկնվում է՝ մեզ համար որպես ողբերգություն, այլոց աչքին՝ արդեն որպես ֆարս: 

100 տարվա կտրվածքով հայոց պատմությունն իր ողջ ողբերգականությամբ այժմ՝ 2020-ի այս ծանրագույն տարում, դարձյալ կրկնվում է: Այդ անողոք կրկնությունը հայ ժողովրդին կանգնեցրել է պատմական կորուստների եւ հասարակական-քաղաքական բարոյալքման դեմ հանդիման: Հայ-ադրբեջանաթուրքական պատերազմի այսօրինակ ամոթալի ավարտը, հայկական տարածքի մի մասի կորստի ողբերգական հեռանկարը իրադարձությունների այս վտանգավոր եւ անհեթեթ հարահոսում ի ցույց են դնում այն սրածայր քարերը, որոնց գայթել է հայ ժողովուրդը՝ սեփական քաղաքական անհեռատեսության, ռազմաքաղաքական իշխանությունների քաղաքական կարճատեսության, բացահայտվող դավաճանության հետեւանքով: Այս պատերազմի ստորացուցիչ ավարտով, Հայաստանի եւ Ղարաբաղի ամբողջական կապիտուլյացիայով փակվում է այն արատավոր շղթան, որով ամբողջացան հայ ժողովրդի պարտությունները 20-21-րդ դարերի սկզբում: Այդ արճճե շղթան այժմ նետվել է հայ ժողովրդի պարանոցին՝ ավելի ու ավելի սեղմվելով: 
Հայկական կողմի մեծ պարտությունը հնարավոր է դարձել ներքին եւ արտաքին մի շարք գործոնների եւ շողարձակող հայկական գործոնի խամրեցման, չեզոքացման, ցիրուցան անելու հետեւանքով: 

Թուրքական գործոնը

Հայ-ադրբեջանաթուրքական այս պատերազմում թուրքական գործոնը հայտնվել է ոչ թե միայն Ադրբեջանին հայկական կողմի ազատագրված տարածքները վերադարձնելու համար, այլ նախեւառաջ 100 տարի առաջ համաշխարհային քաղաքականության ասպարեզ նետված եւ մշտարթուն հայկական հարցը թուրքական կացնահարմամբ լուծելու նպատակով:
Թուրքիայի բացահայտ ներգրավվածությամբ պատերազմը դադարել էր լինել զուտ պատերազմ Ղարաբաղի հայկական տարածքների համար: Այն այլեւս ղարաբաղյան հարց չէր, այլ՝ հայկական հարց, որը Թուրքիան ձգտում էր հաջորդ 100 տարվա համար: 

Աշխարհաքաղաքական իրավիճակը Թուրքիայի համար բարդ էր մինչեւ ղարաբաղյան այս պատերազմը՝ Սիրիայում եւ Լիբիայում ռազմական ներխուժման, Հունաստանի նկատմամբ տարածքային ոտնձգությունների, քրդական հարցի հետեւանքով, ինչին գումարվելու էին ներքաղաքական ընդվզումները եւ ֆինանսատնտեսական անկումը երկրի ներսում:
Թուրքական կիսալուսնի խավարչտին երկնքում  խտացող մթաբեր ամպերը ոչ թե պարզապես անձրեւ էին խոստանում, այլ ջրհեղեղ, որը ցրելու էր ոչ միայն օսմանյան կայսրության վերականգնման թուրքական երազանքը, այլեւ կարող էր հիմնաքանդել թուրքական ներկայիս պետությունը: Իրավիճակն անկանխատեսելի կարող էր դառնալ արդեն հաջորդ տարի. 1921թ. Մոսկվայի պայմանագրի չեղարկմամբ:

Այդ իսկ պատճառով Անկարան ավելի ու ավելի մեծ քանակությամբ զենք, վարձկաններ, հրամկազմ էր նետում ռազմադաշտ: Ներքաղաքական բարդ իրավիճակում գտնվող Անկարային ռազմաքաղաքական հաղթանակ էր պետք գոնե արտաքին ճակատում: Այդ ճակատը Հայաստանի գրավումն էր եւ Հայ Դատի կանխակայումը: Հայկական հարցը թեպետ չլուծվեց թուրքական նկրտումների համաձայն, սակայն Հայաստանի կորուստները բավական են, որ մեր երկիրը մի քանի տարի ուշքի չգա, իսկ Թուրքիան 2021-ը դիմավորի Մոսկվայի վերահաստատված պայմանագրով: 

Ռուսական գործոնը

Թուրքական հարաճուն գործոնից սարսափահար ՌԴ նախագահ Վլ. Պուտինը թե՛ փորձում էր զսպել Էրդողանին, թե՛ ձգտում էր նրա հետ բաժանել պատերազմի արդյունքները: Ռուս-թուրքական հակասությունները վերջին 100 տարում ավարտվել են Հայաստանի տարածքի եւ հայ ժողովրդի ապագայի հաշվին: 100 տարի առաջ բոլշեւիկյան Ռուսաստանը զինում էր քեմալական Թուրքիային, որը բնաջնջելով հայ ժողովրդին՝ բռնազավթում էր նրա պատմական տարածքները: 100 տարի հետո Ռուսաստանը զինում էր Թուրքիային եւ Ադրբեջանին հայ ժողովրդի դեմ: Հայ ժողովուրդը քաղաքական հեռատեսություն չցուցաբերեց՝ կանխելու ռուս-թուրքական դավադրությունը: Մոսկվայի պայմանագրի 100-ամյակի նախաշեմին ռուս-թուրքական հանցավոր գործարքը դարձյալ կայացավ ի վնաս հայկական տարածքների եւ հայ ժողովրդի: 
Մոսկվան փաստացի գողացավ նաեւ Մինսկի խմբի մանդատը եւ այժմ փորձում է ոչնչացնել Մինսկի խմբի ձեւաչափը:   

Ղարաբաղի եւ Ադրբեջանի տարածքում խաղաղապահներ տեղադրելու՝ Մոսկվայի կապույտ երազանքն իրականություն էր դառնում: Այն, ինչ Մոսկվային չհաջողվեց ապրիլյան պատերազմում, այս տարվա հուլիսյան մարտերում, այժմ իրականություն է դառնում Հայաստանի եւ Ղարաբաղի ամբողջական կապիտուլյացիայով, Ադրբեջանին հայկական տարածքների վերադարձով: 
Ռուսական գործոնի հաստատմանը նպաստեց նաեւ հայկական իրականությունը:

Մասնավորապես՝ 
1. հայ ժողովրդի մի մասի՝ Ռուսաստանի հետ հայկական փրկությունը գտնելու ցնորքը եւ մեր անվտանգության միակ երաշխավոր տեսնելու կարճամտությունը: Վերջին 25 տարիների ընթացքում այս ցնորքը ցրվեց միայն մեկ անգամ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ բացահայտվեց, ապա եւ՝ չեզոքացվեց ռուսական սադրանքը:
2. ՀՀ նախկին եւ ներկա իշխանությունների ձախավեր արտաքին քաղաքականությունը։  
3. Հայաստանում ռուսական գործակալները, որոնք հայ ժողովրդին սեփական ուժերի հանդեպ անվստահություն էին սերմանում՝ ռուսական գործոնի հաստատման համար:
Այս ամենի եւ տանուլ տված պատերազմի հետեւանքով Ռուսաստանն այժմ փորձում է վերջնականապես կազմալուծել Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը: Մոսկվան, Ադրբեջանին տարածքներ նվիրելով, ոչնչացրել է նաեւ նրա ինքնիշխանությունը: Կոռումպացված Ադրբեջանը երկու կարեւոր բան ուներ՝ նավթը եւ ինքնիշխանությունը: Ադրբեջանի ինքնիշխանությունը եւս ոչնչացված է. այդ երկիրը բաժանվել է Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ: 
Ռուսական գործոնը փորձում է վերջնականապես այս տարածաշրջանից դուրս մղել՝

Արեւմուտքի գործոնը

Արեւմուտքի գործոնը Հայաստանում երբեք ազդեցիկ չի եղել ռուսական գործոնի, հանրային ընկալումների, ՀՀ ռուսագիծ արտաքին քաղաքականության հետեւանքով: Անհեթեթ է այն տեսակետը, թե հեղափոխական իշխանությունն արեւմտամետ է: Այս իշխանությունները գաղափարազուրկ եւ ապաքաղաքական են եղել ի սկզբանե, իսկ նրանց մի մասի կապն արեւմտյան կառույցների հետ նյութական շահագրգռության հետեւանք էր: 

Չարդարացված դանդաղաշարժությունից հետո Արեւմուտքը, ի դեմս Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի, ծուլ տալով «ո՛չ պարտվողներ, ո՛չ հաղթողներ» անպտղաբեր ծառի ներքո, Հայաստանի կապիտուլյացիայի եւ Ղարաբաղի հանձնումից հետո հանկարծ գիտակցեցին, որ ռուս-թուրքական գործոնների հետեւանքով արեւմտյան աշխարհաքաղաքական նշանակությունը զրոյացվում է: Ռուս-թուրքական հանցավոր համաձայնությունը Արեւմուտքն ընդունեց որպես թե՛ Հայաստանի, թե՛ Արեւմուտքի մեծ պարտություն:

Աշխարհաքաղաքական վայրիվերումները վկայում են, որ Ռուսաստանը եւ Թուրքիան կարող են նահանջել միայն Արեւմուտքի ճնշմամբ՝ լայնածավալ պատժամիջոցների հեռանկարից:

Հայկական իրականությունը

Քսանյոթ տարի շարունակ մսխելով Հայաստանի ինքնիշխանությունը, փոշիացնելով տնտեսական կարողությունները, բռնազավթելով իշխանությունը, թուլացնելով անկախ պետականությունը՝ ՀՀ նախկին ղեկավարները Հայաստանն ու Ղարաբաղը հաղթանակի լեռներից հրում էին դեպի մեծ պարտության վիհը: 

Թեպետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած հայկական թավշյա հեղափոխությունը եկավ քանդելու հայկական պարտությունների արատավոր շղթան եւ անցյալի վտանգավոր պատնեշները, սակայն նոր ամբարտակներ չկառուցեց: Հայկական հեղափոխությունը փառահեղորեն մսխվեց: Փաշինյանի անձնային բացասական հատկությունները, նեղ մտահորիզոնը, պետական, ազգային խնդիրներ առաջադրելու անկարողությունը, ներքաղաքական բախումներ հրահրելու վարքագիծը,  ապաքաղաքական խորհրդարանի եւ ապաշնորհ կառավարության ձեւավորումը, ղարաբաղյան խնդրի լուծման վտանգավոր մոտեցումները Հայաստանն ու Ղարաբաղը հասցրին մեծ պարտության: Հեղափոխության հաղթած առաջնորդը դարձավ հայկական մեծ պարտության եւ Հայաստանի բռնազավթման առաջին պատասխանատուն:  

Հայկական գործոնը

Ղարաբաղյան Շարժումը եւ հաղթանակած առաջին պատերազմը, հայկական հեղափոխությունը եւ այս պատերազմն ու դրա միջազգայնացումը վկայում էին, որ հայկական գործոնն իրականում հզոր է: Այն հզորացնում էին անձնվեր պատերազմող հայ զինվորներն ու սպաները՝ չտրվելով իշխանության ձախավեր քաղաքականությանը եւ ներքին ու արտաքին դավերին: Հայերս համաշխարհային ազգ ենք ոչ միայն մեր սփռվածությամբ, այլեւ համաշխարհային քաղաքակրթության մեջ մեր ներդրմամբ: Հայկական գործոնը թեպետ կարող է խամրել, թուլանալ, սակայն այն ոչնչացնել ոչ ոք չի կարող: 

Ռուսաստանը եկել է ոչ թե 5, այլ 100 տարով, ինչքան կմնա՝ կախված է մեզնից:  Թուրքիան պատերազմ է սադրել՝ հետագա 100 տարվա համար լուծելու հայկական հարցը:  Կհաջողվի՞, արդյոք, դրա պատասխանը մենք ենք տալու:

Տառապանքը եթե չի սպանում, ապա ուժեղացնում է: Մենք կարող ենք թոթափել մեծ պարտության բեռը եւ մերժել ամոթալի համաձայնագիրը:   

Պարտությունը մենակ չի գալիս: Այն գալիս է նզովքի, գետնատարած եւ անհայրենիք ապրելու հետ: Հայ ժողովուրդը եւ հայկական գործոնը կարող են մաքրել այս մեծ պարտության ամոթալի խարանը՝ հայկական մեծ պարտությունը փոխարինելով իրական հաղթանակներով: