Համախմբվել չենք կարող, բայց ազգովի վախենալ կարող ենք
Պարզվում է՝ միակ հանրային դաշինքը, որը հնարավոր է մեր երկրում, լռելու, չխոսելու հանրային դաշինքն է: Բոլոր կողմերը շատ արագ ընդունեցին խաղի այս կանոնները, մի մասը տուգանք չի ուզում, մի մասը ֆեյսբուքյան գրոհից է վախենում, մյուսներն էլ կարծում են որ, եթե խոսեն, պատասխանատվությունը իրենց վրա կվերցնեն: Ստացվում է, որ քիչ թե շատ պայքարողները լրագրողներն են:
Արդարադատության երիտասարդ նախարարը հանգիստ ու առանց երկմտելու ասում է՝ այո, խոսքի ազատություն ենք սահմանափակել, ի՞նչ կա որ: Այսքան տարի համառ պայքարով նվաճված հիմնարար իրավունքը մի ժամում աղբամանը նետում է մի երիտասարդ տղա, ով թվում է թե պիտի մինչև վերջին շունչը պայքարեր մարդու հիմնարար իրավունքների համար, բայց ավաղ...
Ստացվում է՝ մենք համախմբվել չենք կարող, բայց ազգովի վախենալ կարող ենք: Ոչ մեկի մոտ հարց չառաջացավ՝ լավ, այսքան լայնածավալ լռեցումը ինչի համար է արվում, ոչ ոք չհարցրեց՝ դա պատերազմին ի՞նչ օգուտ է տալիս:
Օրինակ բերեմ, որ հասկանալի լինի. օրենքն ասում է, որ համայնքի ղեկավարի խոսքերը կասկածի տակ դնելը արգելվում է: Այսինքն՝ եթե Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը այսօր կանգնի ու ասի, որ մարզում 4 միլիոն հեկտար ոռոգվող հողատարածք ունի, մենք չենք կարող ասել, որ 4 միլիոն հեկտար չի, եղբայր, երկրում էդքան հող չկա:Դե ինքը պաշտոնյա է, ռազմական դրություն է, խոսքի ազատություն այլևս չկա: Հիմա ինձ բացատրեք՝ նման սահմանափակումը ինչո՞վ է օգնում պատերազմում հաղթելու գործին։ Կամ բոլորս էլ վերջին երկու տարիների ընթացքում ականատես ենք եղել ինչքան սխալներ են անում իշխանության ներկայացուցիչները, ստացվում է, որ մի օրենքով մենք կիսագրագետ պաշտոնային դարձրեցինք անսխալական, ճշմարտություն վերին ատյանում, իսկ իշխանությունից դուրս մարդկանց դարձրեցինք դավաճաններ, ովքեր երկրի շահից բան չեն հասկանում ինչ ասեն՝ թշնամուն ի օգուտ են լինելու: Սրանից ավելի պառակտում դժվար է պատկերացնել. մենք թշնամու գործիք ենք, իրենք երկիրը փրկող:
Եվ վերջում եկեք մտածելու ունակությունը չկորցնենք, երբ պատերազմի օրերին պաշտոնապես միայն հաղթանակներ են ներկայացվում, հետո քարտեզի վրա դրանք չկան, ուրեմն այն պաշտոնյան, որ ձեզ ասում էր հաղթել ենք՝ ստում էր:
Կարծիքներ