Ադրբեջանական լկտի քարոզչությանը՝ 0 արձագանք Հայաստանից

Ադրբեջանական լկտի քարոզչությանը՝ 0 արձագանք Հայաստանից

Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան» «Սումգայիթյան ողբերգություն․ ինչից է այն սկսվել եւ ինչպես է եղել» վերտառությամբ խայտառակ մի հոդված է հրապարակել, որտեղ Լեւ Ասկերով անունով հոդվածագիրը, որը նաեւ Ադրբեջանի Գրողների միության անդամ է, փորձում է հիմնավորել, որ սումգայիթյան ջարդերն ուղղորդվել են հենց հայերի կողմից։ 

Ի դեպ, նյութում օգտագործված են նաեւ Ադրբեջանի ու ԽՍՀՄ ՊԱԿ-ի արխիվային փաստաթղթեր։ Օբյեկտիվության պատրանք ստեղծելու նպատակով, հոդվածագիրը նախ նախազգուշացնում է, որ արխիվային թղթերի մի մասը ոչ այլ ինչ է, քան մատնագրեր, զրպարտագրեր, իրավասու մարմիններին ահազանգեր, որոնք աչալուրջ քաղաքացիներից տեղ են հասել անստորագիր։ Ադրբեջանի ԳՄ անդամ լրագրողի այս հոդվածն առաջին հայացքից բաղկացած է «փաստերից» ու պատմական բեքրաունդից, որը ստեղծելու համար հոդվածագիրը հղում է անում Ադրբեջանի ԿԳԲ-ի գնդապետ Թոմազ Կարիչաձեի՝ իր վերադասին ուղղված 1963 թ․ զեկուցագրին, որում չեկիստը համոզմունք է հայտնում, որ հայկական բնակչության շրջանում Ստեփանակերտի եւ Բաքվի հոգեւորականների կողմից իրականացվում է թաքուն եւ կազմակերպված քանդիչ գործունեություն, որն արտահայտվում է ադրբեջանական ժողովրդի նկատմամբ ատելության քարոզով։ ԿԳԲ-ի գնդապետը գրում է, թե դասախոսություններն այստեղ կարդում են «Էջմիածնի էմիսարները»։

Ադրբեջանցի չեկիստն իր ղեկավարին զեկուցում է, որ 50-ականներին սփյուռքից Հայաստան հայրենադարձվածները բնակեցվել են «ադրբեջանցիների տեղաբնիկ՝ աբորիգեն տարածքների վրա», իսկ Հայաստանում ապրող ադրբեջանցիներն էլ ուղարկվել են Ադրբեջան։ Սա, չեկիստ գնդապետի մեկնաբանութամբ, հակասում է «լենինյան ազգային հարցերով  քաղաքականությանը եւ հղի է անկանխատեսելի հետեւանքներով»։ Հետո Ասկերովը եզրակացնում է, որ այդ զեկուցագրից քառորդ դար անց՝ 88-ի փետրվարի 27-ին, կատարվեց այն, ինչի մասին Կարաչիձեն զգուշացնում էր։ Ասկերովը նաեւ պնդում է, որ Գորբաչովի ցուցումով է միլիոններով տիրաժավորվել սուտը «Սումգայիթի մասին»։ Պեղվել է մի փաստաթուղթ՝ նամակ Գորբաչովին այն ադբեջանցիների անունից (200 հազար մարդ), ովքեր Հայաստանում են թողել իրենց «հարազատ տները, խաղողի վազերն ու գերեզմանները», եւ որոնց մայրերին Հայաստանում ծեծել են, քույրերին՝ բռնաբարել, Գորբաչովի անունը շուրթերին, ու վռնդել դեպի Արեւելք՝ Ադրբեջան։ Ադրբեջանցիները Գորբաչովին պատմում են, որ սումգայիթյան ջարդերի օրերին անծանոթ մարդկանց խմբեր են լցված եղել Սումգայիթի փողոցներն ու սկսել ազերիների լեզվով ոռնալ՝ «ջարդե՛ք հայերին, ինչպես նրանք՝ մերոնց»։ Բերվում է նաեւ «Սումգայիթի կոմունիստ»-ի նախկին գլխավոր խմբագիր Ռաֆայիլ Շիֆի վկայությունն այն մասին, որ դեպքերի նախորդ օրը վաղ առավոտյան Հայաստանից ժամանել է սպանված 52 ադրբեջանցիների դիակներով գնացք, որոնց մորթված, խոշանգված լուսանկարները հաջորդ օրը հայտնվել են իր տան շեմին ու քաղաքի փողոցներ թափած գազազած ադրբեջանցիների ձեռքում։ Գումարած  վանկարկումները՝ «մահմեդական եղբայրներ, հայերը մեզ մորթում են»։ Հետո՝ մի «անկեղծություն»․ «Այո, մարդկային այս կուտակումներում հիմնական մասն ադրբեջանցիներն էին, կային եւ ռուսներ, ուկրաինացիներ ու հրեաներ։ Մի խոսքով՝ սումգայիթցիներ, հիմնականում՝ երիտասարդություն։ Բայց նրանց տանում էին հայերը։ Սա ես տեսել եմ սեփական աչքերով»։

Սա պատմության աննախադեպ աղավաղում է, քանի որ ադրբեջանական կողմը մշտապես շահարկել է Խոջալուն, բայց երբեք չի համարձակվել խոսել Սումգայիթի մասին, որի ադրբեջանցի ոճրագործների դատավարությունը 89-ին ընթանում էր ԽՍՀՄ-ում։ Հետաքրքիր է, որ նախկինում ադրբեջանական լկտիություններին ժամանակին օպերատիվ կերպով արձագանքում ու հակադարձում էր հայտնի ՊՈԱԿ-ը, որն այժմ ղեկավարում է Հովհաննես Մովսիսյանը։ Բայց հիմա այս հիմնարկն ավելի շատ զբաղված է ներքին խնդիրներով ու ֆեյքային պատերազմներով եւ տեղեկատվական արտաքին պատերազմներին մասնակցելու ժամանակ չունի։ Հովհաննես Մովսիսյանը ողջ օրվա ընթացքում անհասանելի էր՝ չկարողացանք մեկնաբանություն ստանալ։

Իսկ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանից հասկացանք, որ տեղյակ են, բայց որեւէ մեկնաբանություն չունեն։ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ ԱԳՆ-ն անպայման պետք է արձագանքի այս քարոզչական բլեֆին։ Հատկապես եթե նկատի ունենանք, որ հիբրիդային պատերազմից խոսել սիրող իշխանությունը, վստահաբար, գիտակցում է, որ դրա մաս է կազմում քարոզչական պատերազմը, ավելին՝ այդ պատերազմի «Իսկանդերն» է։ Զոհրաբյանը հիշեցնում է, որ բացի ականատեսներից, կա նաեւ Սումգայիթի ջարդերի հետ կապված Եվրոպական խորհրդարանի մի քանի  հայտարարություն, որտեղ հստակ ամեն ինչ ձեւակերպված է։ Մասնավորապես, որ Սումգայիթում հայ բնակիչները ենթարկվել են էթնիկ զտումների, եւ որ երբեւէ Ադրբեջանն անգամ համարձակություն չի ունեցել վիճարկելու Սումգայիթում տեղի ունեցածը։
«Եվ նույնիսկ ադրբեջանական լկտի քարոզչամեքենան, որն անգամ Սառուցյալ օվկիանոսի հալոցքի թեման եվրոպական հարթակներով փորձ արեց կապել Արցախի խնդրի հետ, երբեւէ չի վիճարկել Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում իրենց կատարած ոճրագործությունները եւ դրանց փորձել է հակադարձել Խոջալուի քարոզչական բլեֆով»։ Զոհրաբյանն ասում է՝ այդ գնված ու անամոթ տեղեկատվություն պարունակող հոդվածից ծայրից ծայր ադրբեջանական էժան կերոսինի հոտ է գալիս։ «Վստահ եղեք, որ եթե այդ ասվածի ու գրվածի մեջ 0,0-ական տոկոսի չափ իրականություն լիներ, ապա իրենք սա վաղուց էին սարքել իրենք մշտական քարոզչական շպարգալկան, ինչպես այս տարիների ընթացքում Խոջալուն, որը, իրենց նախկին նախագահի վկայությամբ, կազմակերպված է եղել հենց իրենց իշխանությունների կողմից, այն պայմաններում, երբ յուրաքանչյուր քարոզչական հարթակ օգտագործում են Խոջալուի, այսպես կոչված, ցեղասպանությունը հիշատակելու համար»։

«Ռեգնումի» սյունակագիր Ստանիսլավ Տարասովը նշված հոդվածը չի կարդացել, բայց պատմել են։ Նա, իհարկե, չի արդարացնում, բայց «հայտնի թեզիսներ» է կոչում Սումգայիթի ու Արցախի խնդրի հետ կապված ադրբեջանական այս տեսակետը։ Ասաց, ի դեպ, որ նախկինում եւս նման փաստաթղթեր հայտնվել են, նման տեսակետներ հնչել։ Ավելին՝ վստահեցնում է, որ կան բազմաթիվ փակ հիմնադրամներ, ուսումնասիրություններ՝ ռուսական, հայկական, իրանական, թուրքական ու ամերիկյան։ Ռուսաստանցի քաղաքագետն ասաց․ «Կան տվյալներ, որ Թուրքիան եւս ներգրավված է եղել սումգայիթյան իրադարձություններում։ Այսինքն՝ պետք է սրան նայել համակարգային՝ ողջ ենթատեքստի մեջ, քանի որ այս դեպքում պատկերն ավելի հստակ է»։ Տարասովը  չհամաձայնեց դիտարկման հետ, թե նախկինում ադրբեջանցիները երբեք չեն համարձակվել բարձրացնել Սումգայիթի թեման։ «Սա պայմանավորված է ոչ միայն Ադրբեջանի խնդիրներով, սրանք մեծ քաղաքականության խնդիրներ են, քանի որ ղարաբաղյանն առաջիններից մեկն էր ու առնչվում էր ԽՍՀՄ-ի փլուզմանը, եւ ամեն ինչ այդքան միանշանակ չէ»։

Փաստորեն, նրա պատասխանից հասկացանք, որ այնքան էլ իրականությունից հեռու չեն պնդումները, թե ռուսական մամուլը «ադրբեջանական ճշմարտության» համար բացել է «շլյուզը»։  Տարասովն ի պատասխան բողոքեց․ «Ёлки-палки» մենք՝ հայերս, ամեն ինչում սիրում ենք մեղադրել ռուսական կողմին։ «Ադրբեջանն ապրիլին հարձակվեց Հայաստանի վրա, մեղավորը Ռուսաստանն է, ՌԴ-ն պաշտպանում է Քոչարյանին, վաղը կհեռացնեն Փաշինյանին՝ նորից մեղավորը Ռուսաստանն է»,- ասաց նա։

Տարասովը, ի դեպ, չի բացառում, որ լրատվամիջոցը փող է վերցրել՝ իրենց մոտ սովետ չէ, դեմոկրատիա է, իսկ ժողովրդավարություն՝ նշանակում է, որ ամեն փող ունեցող կարող է հոդված պատվիրել։