Ում նկատմամբ է հունիսի 8-ին Ախոյանը բռնության կոչ արել

Ում նկատմամբ է հունիսի 8-ին Ախոյանը բռնության կոչ արել

ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանն իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել եւ ցուցմունք տալուց հրաժարվել է՝ ասաց Ախոյանի պաշտպան Գոռ Վարդանյանը։ Հիշեցնենք, որ Արագած Ախոյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր իր ֆեյսբուքյան էջում արած գրառման համար, որը քննչական մարմնի կողմից որակվել է որպես բռնության կոչ․ «Ցուցակագրեք էն բ․․-ի թուլեքի ցանկը, որոնց սատկացնելու ենք նիկոլի սիկ․․․ հետո»։
Նշենք, որ նույն հոդվածով կալանավորված են նաեւ Նարեկ Մալյանն ու Տաթեւիկ Վիրաբյանը։ Ախոյանին կալանավորելու որոշումը կայացրել է դատավոր Անդրինե Ղուկասյանը։ Պաշտպանին հարցրինք` նախաքննական մարմինը պարզաբանե՞լ է, թե Ախոյանի գրառումն ում հասցեին ուղղված բռնության կոչ է, այսինքն՝ նախաքննական մարմինը «բ․․-ի թուլեք» ձեւակերպման տակ ո՞ւմ է պատկերացրել։ «Մենք հարցադրումներ արել ենք, թե որն է բռնության կոչ, ինչպես է այդ կոչը դրսեւորվել, մեզ պատասխանել են՝ «միջնորդությանը կից ներկայացված նյութերը հիմք ընդունեք»։ Ասում ենք՝ քրեական գործով ձեռք բերված ցուցակներն ունե՞ք, անձանց շրջանակը պա՞րզ է, թե ում է վերաբերում բռնությունը, որեւէ պատասխան չունենք, անպատասխան են մնացել բոլոր հարցադրումները»,- ասաց փաստաբանը։

Նշենք, որ Արագած Ախոյանին վերաբերող եւս մեկ քրեական գործ կա՝ կապված «բռնության կոչ»-ի հետ, որը դատաքննության փուլում է` դատարան է մտել 2022 թվականին: Ըստ մեղադրական եզրակացության. «Արագած Անդրուշի Ախոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թ. ապրիլի 24-ին Երեւան քաղաքի Վրացյան 90 հասցեում գտնվող ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի դիմաց Ռոման Վալերիի Բաղդասարյանի եւ այլ ակտիվիստների նկատմամբ, քաղաքական հայացքներով պայմանավորված, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր է հնչեցրել եւ բռնություն գործադրելը հրապարակայնորեն արդարացրել»։ Նշենք, որ Ռոման Բաղդասարյանը գործող իշխանության կարկառուն քարոզիչներից է ու Նիկոլ Փաշինյանի մոլի երկրպագուն։ Փաստաբան Վարդանյանն ասաց, որ ինքն այդ գործով Ախոյանի շահերը չի ներկայացնում, հետեւաբար, չի կարող մեկնաբանել։ Նաեւ հավելեց, որ Ախոյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը դեռ չի ստացել, ստանալուն պես պատրաստվում է բողոքարկել։

Ինչ վերաբերում է դատավոր Ադրինե Ղուկասյանին, ապա նա դատավոր է դարձել 2018 թվականին՝ նախ նշանակվելով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, ապա 2023 թվականին իր վարույթում գտնվող 220 գործերը թողնելով, տեղափոխվել է Երեւան՝ նշանակվելով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Ղուկասյանը Սերժ Սարգսյանի օգնական Հրայր Ղուկասյանի քույրն է, Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Հովհաննես Ղուկասյանի դուստրը։ Շիրակի դատարանում աշխատելու ժամանակահատվածում 2 կնոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել` Ադրինե Ղուկասյանին վիրավորելու համար։ Մասնավորապես, Կարինե Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Ադրինե Ղուկասյանի վարույթում քննվող քրեական գործով նիստն ավարտվելուց հետո, տեղեկանալով, որ դատարանը որոշում է կայացրել գործով ամբաստանյալ Ասքանազ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը գրավով փոխարինելու մասին, մոր՝ Ռիմա Սահակյանի հետ միասին մուտք է գործել դատարանի շինություն, այնուհետեւ՝ թիվ 4 նիստերի դահլիճ, որտեղ... դատարանի դահլիճում գտնվող դատավոր Ադրինե Ղուկասյանի հասցեին հնչեցրել է վիրավորական խոսքեր՝ «Անմեղ եղբորս բաց չես թողնում. էդ ո՞նց եղավ՝ մյուսին բաց թողեցիր», «խուլիգան», «լկտի»։ Արդյունքում այս 2 կինը դատապարտվել են 2 ամիս պայմանական ազատազրկման։