Գերիները ենթարկվել են կտտանքների, ծեծի, զրկված են եղել սննդից ու ջրից. Սահակյան

Գերիները ենթարկվել են կտտանքների, ծեծի, զրկված են եղել սննդից ու ջրից. Սահակյան

Ադրբեջանը որպես պետություն պատասխանատվություն է կրում հայ գերիների համար։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց իրավաբան Սիրանուշ Սահակյանը։ Հիշեցնենք՝ այժմ ՄԻՊ Արման Թաթոյանի գլխավորությամբ ընթանում է ՄԻՊ արտահերթ հատուկ հրապարակային զեկույցի վերաբերյալ ասուլիսը՝ Ադրբեջանի պատասխանատվությունը հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում:

«Գերիներն անմիջապես պետք է էվակուացվեն ճամբարներ, արգելված է նրանց բանտերում պահելը։ Մեկուսացման մեջ պահելը հնարավոր է միայն գերիների անվտանգության սպառնալիքի հիմնավորված առկայության դեպքում։ Ընդ որում՝ պայմաններն ավելի վատը չպետք է լինեն, քան այնտեղ ծառայություն իրականացնող զինվորականների պայմանները։ Պետությունը պարտավոր է օգնություն ցուցաբերել վիրավորներին։ 10 ամիս անց սակայն Ադրբեջանի հսկողությանը ենթակա տարածքներում հայտնվածների ճակատագիրը դեռեւս պարզված չէ ու այստեղ պատասխանատվություն կրում են պաշտոնատար անձինք, որոնց անգործության հետեւանքով դա հնարավոր է դարձել»,- պնդեց Սահակյանը։

«Համապատասխան ճամբարներ չեն ստեղծվել, նրանք բոլորը սկզբից եւեթ մեկուսացվել են արտաքին աշխարհից, ինչը բարձրացնում է խոշտանգումների եւ դրանց հետքերը թաքցնելու հավանականությունը։ Գերիները զրկված են եղել սննդից, ջրից, քնից, հիգիենայի միջոցներից, ենթարկվել են կտտանքների, ծեծի»,- հավելեց Սահակյանը։