Վարդան Սմբատյան. Լույսի մարդը

Վարդան Սմբատյան. Լույսի մարդը

Վառարանի շուրջ խմբվել էինք, կարմրած թշերով պլեճ էինք ուտում, Արթուրը մոմի լույսի տակ «Նարեկ» էր կարդում մեզ համար։ Խոսում էինք հին ու նոր սիրածներից, Թուփակից, Ջեքսոնից, թե ինչու փոխեց մաշկը, ու սկսվում էր բուռն բանավեճը, մինչ հնչում էր մեր սիրելի լաչառ Անոյի ծղրտոցը.

- Տո լալոշ անդերներ, թողեք քնե՜մ, էլի՜։

Ըհը, Անոյի սիգնալը լսեցի՞ք, դե թռեք տներով,- ասում էր Արթուրի տատն ու ճանապարհում մեզ մութ հարկերով։ Մեր ոտքերի տակով վազում էին քաղցած կես մետրանոց առնետները․ սրանք այնքան սոված ու համարձակ էին, որ անգամ կատուներին էին հոշոտում։ Բայց վեջներս չէր: Վախը կորցրել էինք լույսի հետ։

Հետո կռիվ սկսվեց, հետո՝ ուտելիք չունեինք: Արթուրը ծախեց իր կարմիր «ժիգուլին»․ մի ամիս բոլորս կուշտ փորով հաց կերանք, կարտոֆիլ, երբեմն էլ՝ երշիկ ու միս (իհարկե, անորակ` աղացած գառդոնից, կամ չինական ուռեցրած միս)։

Ձմեռն աներես շան պես եկել ու չոքել էր դռներիս առաջ ու գնալու միտք չուներ: Կատաղի մարտեր էին ընթանում Մարտակերտում, Շուշիում, Հադրութում։ 

Կարմիրը ձնեց Ղարաբաղում, բայց սպիտակն անասելի արագությամբ ջնջում էր ամեն ինչ՝ իր անըմբռնելի մոգությամբ, ասես դրախտն իջեցրել էին ցած՝ մարտիրոսվող տղերքի համար։

Սպառվեցին ազերիների փամփուշտները, մերը՝ եւս: Քաղաքական լոբբիստները ստացան իրենց հասանելիքը, ու կռիվն ավարտվեց։

Դրախտը վերադարձավ իր տեղը, տղերքը հանգրվանեցին ամուր ու նկարազարդ քարերի տակ։ 

Հսկայական թաղից ողջ հետ եկան ընդամենը երկուսը` թոշակառու մաթեմատիկոս Անդոն ու մեր Արթուրը։ Ասում եմ՝ ողջ, բայց, չէ, նրանք ողջ չէին, պատերազմից ոչ ոք ողջ չի վերադառնում, պատերազմը լափում է մարդու հոգին:

Արթուրն օրը ութ ժամ դաշնամուր էր նվագում, հարեւանները գժվում էին, նա կոտրում էր ստեղները: Ոչինչ չէր պատմում կռվից։ Նրա մատները պատմում էին ամենը միայն ստեղներին: Ստեղները կոտրում էին իրականության պատերն ու պայթում լյա մինորում․ ահա` հրանոթները ճեղքում են դեկտեմբերյան գորշ մոխրագուն երկինքը, տղերքը հանգչում են` ընկնում-մարում, ինչպես վերջին հնչյունները դաշնամուրի: Արթուրը փակեց դաշնամուրը, վիրավոր ոտքը քարշ տալով՝ մոտեցավ ինձ.

- Հը, պստո, պլեճ չսարքե՞նք էսօր, մի քիչ էլ գինի կա, հուպ կտանք հետը, ի՞նչ կասես։

- Սարքենք, Արթ ջան,- իմիտացիոն ժպիտով ասի ես՝ ձեռքս գցելով ուսին:

- Դե տենց մի նայի վրես… չխղճաս ինձ, արա, լսո՞ւմ ես: 

Լռեցի, ներսումս մի քանի արկ գմփաց, սարսափելի էր տեսարանը՝ ոտքը կոտրված շիվ էր հիշեցնում: Կարտոֆիլը բարակ կտրատեցինք ու շարեցինք վառարանում, ագահաբար սկսեցինք հուպ տալ։ Աղ անելիս տուփն ընկավ, թափվեց վիրավոր ոտքին:

Լաց եղանք երկուսով, տղավարի` ոնց որ պետք է, թքած, թե կլսեն… ուժեղ տղերքը լաց են լինում, թույլերն են զուրկ սրտաբուխ լացելու կարողությունից: Թող լսեն ու ծիծաղեն։ Մեր լացի զուգերգն ընդհատվեց դռան թակոցով:

- Ո՞վ ա,-  կտրուկ ու բարձր գոռաց Արթուրը։

- Լույսի մարդն ա։

Փռթկացինք։

Ներս մտավ, հանդիսավոր կերպով հանեց ցիլոն: Դեմքն անորոշ էր` բշտիկների մեջ կորած:

- Ցիլոն նենց հանեցիր, ասես հենց նոր ներկայացումդ էր` նիզկիյ պակլոն ես անում, տնաշե՜ն,- սրամտեց Արթուրը։

- Բարեւ, տղեք, եկել եմ ասեմ՝ վաղվանից լույս կլինի քաղաքում, արագ` գնալու կազմ ու պատրաստ,- ասաց լույսի մարդն ու երեսուն վայրկյանում ծլկեց:

Չուրախացանք։ Հեչ չուրախացանք:

Լույսը տարավ մեր բոլոր ընկերներին, ջերմ հարեւաններին, տարավ, բոլորիս սերերն ու անմեղ երազանքները տարավ:

Արթուրը ծերանում էր սայլակին։

Նոյեմբերի վերջին օրերն էին, զանգեց ասաց.

- Վարդ, թռի մեր յան:

Զգուշությամբ բացեցի դուռը (հաշվի առնելով Արթուրի դյուրազգացությունն աղմուկի հանդեպ), սառը պատերը փշաքաղեցրին ինձ:

Մի պահ թվաց, թե ցուրտը, դարանակալած գիշատչի պես, սեպերը խրել ու մնացել է դեղնած պատերի մեջ` տարիներով սպասելով ինձ, ու հիմա կյանքի կկոչվի: Թվաց, թե անողոք պատերազմը դեռ շարունակվում է պատի ետեւում, ու բոլոր կորած, մեռած տղերքը ծակ ծեփերից նայում են ինձ: Մահվան հոտը դառը դարչնաբույր խփեց քթիս, հետո ծակծկեց լեզուս ու լցվեց կոկորդս:

Սուր հազ սկսվեց մոտս:

- Քեզ ի՞նչ եղավ, տղա,- մտահոգ, սայլակն արագ քշելով՝ վրա հասավ Արթուրը՝ ջրի սրվակը ձեռքին։

- Բան չկա, ալերգիկ նոպա է, Արթս,- ապուշ ժպիտով մեկնեցի ձեռքս, ու ողջագուրվեցինք:

Նստեցինք պատշգամբում, արեւը ոսկեղեն ցանցով ծածկել էր Արթուրի երեսը:

- Արթ, չե՞ս նեղվում արեւից, դեմքդ ցանց է սարքել, կարո՞ղ ա արեւահարվես, գնա՞նք ներս։

- Չէ, Վարդս,- խոր հոգոց անելով` ծիկրակող ժպիտով ասաց Արթուրը,- արեւը շատ է սիրում մեռնողներին, երեւի իմ ետեւից է եկել, Վարդ:

- Էլի՞ սկսեցիր, արա դե լավ, էլի, գնամ ես…

- Հո կնի՞կ չես, այ տղա, ամեն ինչից նեղվում ես, սպասի՝ վաղուց պլեճ չենք սարքել:

Վերջին անգամ պլեճ սարքեցինք, չկերանք: Կուլ չգնաց ոչ մի պատառ: Մեռնող` խոշոր աչքերը չռեց վրաս, ամուր բռնեց ձեռքս ու ամբողջ ուժով գոռաց.

- Ք… էս կյանքի լավը, լույսն անջատի, Վարդս, լույսն անջատի։

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ