«Գազպրոմ Արմենիան» չի հստակեցնում՝ ե՞րբ է կատարվել Նոր Հաճնում մահացած ընտանիքի ներտնային սպասարկումը

«Գազպրոմ Արմենիան» չի հստակեցնում՝ ե՞րբ է կատարվել Նոր Հաճնում մահացած ընտանիքի ներտնային սպասարկումը

Նոյեմբերի 16-ին հայաստանյան հանրությունը ցնցվեց՝ տեղեկանալով, որ 
Նոր Հաճնի Իսահակյան փողոցի 2 շենքի 11 բնակարանում մահացած հայտնաբերվել են 77-ամյա տատն ու 4 թոռները։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիրերի վրա եղել են այնպիսի հետքեր որոնք բնոոշ են շմոլ գազից թունավորվելուն: Նման ցավալի դեպքեր որպես կանոն, պատահում են 90-ականների ինքնաշեն գազի կամ փայտի վառարանների հետ՝ մշտապես սոցիալապես անապահով ընտանիքներում։

Փաստորեն, մահացած ընտանիքը գազի բաժանորդ է եղել, իսկ դրա համար, հիշեցնենք, «Գազպրոմ Արմենիան» տարեկան մոտ  6 հազար դրամ գումար է գանձում  որպես սպասարկման վարձ։ Կնքված պայմանագրով  նրանք ստանձնել են «բաժանորդի հուսալի գազամատակարարումը»՝ բնակչությանը մատակարարվող բնական գազին ներկայացվող նորմատիվ պահանջներին համապատասխանող բնական գազով, ինչպես նաև՝ առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումը, հերթական կամ արտահերթ ստուգաչափումն իրականացնել ԳՄՕԿ-ով սահմանված կարգով և ժամկետում։ Դրա համար, երբեմն-երբեմն, բայց ոչ կանոնավոր գազ սպառողների բնակաարններում հայտնվում են գազի ծառայության դիպլոմատավոր գազի աշխատակիցներ, որոնք օճառի պղպջակներով ստուգում են խողավակների անվտանգությունն ու արագ հեռանում։  Սա կոչվում է ներտնային տեխնիկական սպասարկում։ Բայց տարին մեկ-երկու հաճախականությամբ Հայաստանում նման ցավալի դեպքեր են գրանցվում։

«Հրապարակը» զանգահարեց  «Գազպրոմ Արմենիա»՝ պարզելու համար, թե ե՞րբ և ինչ պայմաններում է կատարվել մահացած ընտանիքի գազամատակարարման սարքերի անվտանգությունը և կատարվե՞լ է արդյոք։ Ռուսական ընկերության լրատվական ծառայությունից խոստացան հայտնել այդ մասին, սակայն քիչ անց հետ զանգահարելով հայտնեցին, որ ելնելով նախաքննության շահերից՝ չեն կարող այս պահին հայտնել։ «Մենք չենք կարող տեղեկություններ հայտնել, այնտեղ բազմաթիվ փորձաքննություններ են նշանակված։ Ինչ վերաբերում է ընդհանուր ներտնային սասարկմանը, մեր բոլոր բաժանորդները ստանում են և շարունակում են ստանալ»,-հայտնեցին ընկերությունից։

Թե ինչո՞վ է ներտնային սպասարկման վերաբերյալ տեղեկատվությունը խոչընդոտում նախաքննության գաղտնիությանը այլ հարց է, սակայն  Քննչական կոմիտեից Նաիրա Հարությունյանը նշեց, որ դեպքի վայրի զննության ժամանակ արձանագրվել է, որ վառարանի օդատարում և ծխատարում խախտումներ կան: Ակնհայտ է, որ ՔԿ-ն, եթե այս տեղեկատվությունը հայտնում է, նշանակում է, որ չի դիտում նախաքննական գաղտնիք, ուրեմն՝ ինչու՞ է «Գազպրոմը» հռոմից պապից ավելի կաթոլիկ։