Եթե նման որոշում չկայացվի, նշանակում է ուղղակի հանձնել Արցախը, ինչը Բաքվի երազանքն է

Եթե նման որոշում չկայացվի, նշանակում է ուղղակի հանձնել Արցախը, ինչը Բաքվի երազանքն է

«Հրապարակի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

- 37-րդ օրն է Արցախը բլոկադայի մեջ է: Եթե մեր նախորդ զրույցներում խոսում էիք իրավիճակը մեր օգտին փոխելու հնարավորությունների մասին, ապա օրեցօր իրավիճակը բարդանում է: Ադրբեջանը համառորեն շարունակում է ճանապարհը փակ պահել: Ի՞նչ անել այսօր:

- Մեր նախորդ զրույցներում ես նշել եմ, որ Բաքուն որևէ դրական միտում ցույց չի տալիս ճանապարհը բացելու առումով: Բայց երբ խոսում էինք իրավիճակը խելացի օգտագործելու մասին, դա վերաբերում էր ինքնորոշման իրավունքի հարցի վերաբացմանը: Ալիևն իր բերանով ասում է, որ ճանապարհը բաց է բոլոր նրանց համար, ովքեր ուզում են դուրս գալ Արցախից: Օգտագործո՞ւմ են իշխանություններն այդ հայտարարությունը՝ ապացուցելու համար, որ սա էթնիկ զտման քաղաքականություն է: Ցավոք, ոչ: Ալիևը իր վերջին ասուլիսում մի շարք ինքնախոստովանական հայտարարություններ արեց` թե՛ Արցախի, թե՛ ՀՀ–ի հետ կապված: Բայց ոչ վարչապետը, ոչ այլ պաշտոնյաներ դրանց չեն անդրադառնում: Մի թեթև արձագանք հնչեց ԱԳՆ խոսնակի մակարդակով` երկու օր ուշացմամբ: Իշխանություններն ունակ չեն կամ ցանկություն չունեն անգամ այս ծանր ճգնաժամային իրավիճակը մեր օգտին շրջելու և ապացուցելու, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի մաս: Փոխարենը փորձում են առավոտից երեկո մեր հանրությանը ապացուցել, որ ամբողջ աշխարհը ճանաչում է Արցախը որպես Ադրբեջանի մաս: Դա սուտ պնդում է: Տասնամյակներով Արցախի հարցը ընկալվել է որպես հակամարտություն, «վիճելի տարածք» միջազգային դերակատարների կողմից: Միջազգային բազմաթիվ զեկույցներ կան այդ ձևակերպումներով: Եթե բոլորը ճանաչեին Արցախն Ադրբեջանի մաս, ապա էլ ինչի՞ շուրջ էին բանակցում 30 տարի: Բացի այդ, անգամ եթե պատկերացնենք, որ բոլորը ճանաչեն դա, հետո՞, լուռ նստենք ու նայենք, թե ինչ են անում Արցախում ապրող մեր հայրենակիցների հետ: ՀՀ իշխանություններն ուզում են ամեն գնով ազատվել Արցախի հիմնահարցից: Սլաքները փորձում են ուղղել ռուսների կամ Արցախի իշխանությունների կողմը: Նրանց թվում է, թե դրանով կապահովեն ՀՀ անվտանգությունը: Դա թյուրմացություն է, պատմական ու քաղաքական տգիտություն: Արցախի հարցը «լուծելուց» հետո Ադրբեջանն անցնելու է Սյունիքին, հետո արդեն հարցականի տակ է դնելու ՀՀ գոյությունն առհասարակ: Ես հաճախ եմ այս միտքը կրկնում` Ջրականի կորստի հետևանքով հայ զինվորը հարկադրված է կռվել Ջերմուկի մոտ արդեն: Այսօր Ադրբեջանի ղեկավարը «Արևմտյան Ադրբեջան» է անվանում ՀՀ ողջ տարածքը: Էլ ի՞նչ անեն, որ հասկականք՝ Արցախի մեջ չէ խնդիրը: Խնդիրը ավելի լուրջ է և հեռահար:
Ի՞նչ անել: Շարունակել դիմադրել և աշխատել միջազգային հարթակներում: Այս օրերին ՀՀ–ն ակտիվ աշխատանք  է տանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և ՄԱԿ–ի Արդարադատության դատարանում: Այդ աշխատանքը տեսանելի է և շատ ողջունելի: Բայց ցավոք, այդ աշխատանքի արդյունքում եղած ձեռքբերումները չեն դառնում արտաքին քաղաքականության մաս: Դրանք գործիքներ են, որոնք բնավ չեն կիրառվում, քանի որ իշխանությունը այլ քաղաքական գծի մեջ է, որը համահունչ չէ մեր ազգային ու պետական շահերին:

- Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի անձի շուրջ պաշտոնական Բաքուն հիստերիա է սկսել: Ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի այս վերաբերմունքը Վարդանյանի նկատմամբ:

- Վարդանյանի անձի շուրջ եղած աղմուկը մի քանի պատճառներ ունի: Նա շատերի խաղաքարտերն է խառնում: Ինչպես ասում են՝ «անցանկալի ֆիգուր» է խաղացվող «պարտիայի» մեջ: Մարդ, ով ունի լավ կապեր արտերկրում, ազդեցիկ է, ունի միջոցներ և որոշում է կայացրել տեղափոխվել Արցախ ու ստանձնել պատասխանատվություն շատ ծանր շրջանում: Նրա ամեն մի հարցազրույցը ռուսական կամ արևմտյան մամուլին տված բուռն քննարկման առիթ են դառնում ադրբեջանական քարոզչադաշտի համար: Նա դիմադրության կոչեր է անում, իսկ դա անընդունելի է Բաքվի համար: Ադրբեջանի գլխավոր խնդիրն է հոգեբանական առումով կոտրել մեզ: Նրանք ուզում են հասնել այն իրավիճակին, որ պայքարը Ադրբեջանի պահանջների դեմ համարվի իմաստազուրկ: Մենք մեզ զգանք դատապարտված: Այսօր Վարդանյանը Արցախում առաջարկում է չկատարել Բաքվի պահանջները, քանի որ դրանք դառնալու են ճակատագրական: Դա բարդ որոշում է, բայց որքանով հասկանում եմ՝ ընկալվել է Արցախի հանրության կողմից: Մարդիկ բազմաթիվ դժվարություններ են կրում այդ որոշման արդյունքում: Բայց եթե նման որոշում չկայացվի, նշանակում է ուղղակի հանձնել Արցախը, դուրս գալ Արցախից, ինչը Բաքվի երազանքն է: Կստացվի, որ 30 տարուց ավելի շարունակվող այս պայքարը իմաստազուրկ էր: Վարդանյանը փորձում է դա կանխել, դրա համար էլ դարձել է Բաքվի համար շատ խնդրահարույց անձ:

- Լուրեր շրջանառվեցին, որ Հայաստանի ու Արցախի իշխանությունները ևս փորձում են ազատվել Ռուբեն Վարդանյանից: Ի՞նչ է սա նշանակում:

- Ես չեմ ուզում մտնել ներքին ինտրիգների դաշտ: Բայց ինչպես նշեցի, Վարդանյանը շատերի համար է ավելորդ «ֆիգուր»: Ուղղակի պետք է գիտակցում լինի, որ ներքին ամբիցիաների հետևից գնալու դեպքում ոչ միայն Արցախը կկորցնենք, այլ ՀՀ–ն կդնենք հարցականի տակ: Պահի լրջությունը չի գիտակցվում: Միայն կասեմ, որ Արցախում նման «գզվռտոցները», Վարդանյանի հեռացման կամ արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունները նվեր են Ալիևի համար: Ադրբեջանը թույլ չի տալու ընտրությունների անցկացում և փորձելու է իր կարգուկանոնը սահմանել: Ադրբեջանական մեդիա դաշտում պարզ խոսում են դրա մասին, որ շատ լավ կլինի, եթե արտահերթ ընտրությունների թեման բարձրանա, դրանով Բաքուն «կփակի հարցը»: Չի կարելի գնալ նման արկածախնդրության: Անձնական հարցերը պետք է մի կողմ դրվեն: Որոշումները պետք է կայացվեն՝ պետական ու ազգային շահերի հիման վրա: Հակառակ դեպքում՝ հետևանքները կլինեն իսկապես աղետալի և անդառնալի: Մի բան պետք է հասկանանք՝ փրկիչներ չկան ու չեն լինելու: Մի հոգին, որքան էլ ազդեցիկ թվա, չի կարող փոխել իրավիճակը: Այստեղ միասնական ջանքեր են պետք: Իսկ մեր քաղաքական դաշտում ոչ միայն ջանքերը չեն համատեղում, այլև որևէ քայլ չի գործադրվում հանրային համերաշխության ձեռքբերման համար: Իշխանությունն ու ընդդիմությունն էլ զբաղված ենք նեղանձնական ու ներկուսակացական շահերի սպասարկմամբ, դրանից պետական ու ազգային շահն է տուժում» :

- Այս օրերին ի՞նչ տրամադրություններ են առկա Ադրբեջանում:

- Ադրբեջանական մեդիա դաշտում շատ ակտիվ քննարկում են Արցախի ներքաղաքական զարգացումները: Բազմաթիվ հաղորդումներ և հարցազրույցներ են կազմակերպվում այդ թեմայով: Ստացվում է, որ ավտորիտար երկրում լուսաբանում են Արցախի ներքաղաքական զարգացումները՝ ներքաղաքական պայքարի լույսի ներքո: Անկախ իրենց կամքից՝ նրանք ցույց են տալիս, թե որքան տարբեր են Արցախն ու Ադրբեջանը: Ակնհայտ է, որ իրենց երազանքը արտահերթ ընտրություններն են Արցախում, որի անցկացում իրենք թույլ չեն տա, անգամ եթե պետք լինի` կգնան ռազմական ճանապարհով, դա կանխելու համար: Ալիևի վերջին ասուլիսը փաստեց, որ Ադրբեջանը հետքայլ չի պատրաստվում անել, ավելին՝ գնալով սեղմելու է օղակը: Պետք է դրան պատրաստ լինել: Ադրբեջանը շատ պարզ խոսում է իր պլանների մասին: Որևէ բան չի թաքցնում: Մեզ մնում է խելացի վարվել և պատրաստվել: Բայց դա, ցավոք, մենք չենք կարողանում անել: Ամեն ինչ իներցիայի վրա է, ամեն նախաձեռնությունը անհատական է: Իշխանությունները և նաև ընդդիմությունը անհամարժեք են ստեղծված իրավիճակին: