Զանգեզուրի միջանցք կարող է դառնալ, օրինակ, Կարս- Երևան- Վանաձոր-Ղազախ երկաթգիծը

Զանգեզուրի միջանցք կարող է դառնալ, օրինակ, Կարս- Երևան- Վանաձոր-Ղազախ երկաթգիծը

Նիկոլ Փաշինյանը The Wall street journal լրատվամիջոցին հարցազրույց է տվել։ Առաջին հայացքից թվում է թե նա ոչ մի նորություն չի ասում, սակայն քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը «Հրապարակի» հետ զրույցում շեշտում է, որ Փաշինյանը հայտարարել է նոր գործընթացի մեկնարկի մասին։ Իշխող քաղաքական ուժը սկսում է իրականացնել իր ծրագրի երկրորդ կետը, այն է` Հայաստանում ռուսական ռազմական ներկայության չեզոքացում, ոըը ենթադրում է Հայաստանի` Ռուսաստանի հետ ռազմական բոլոր կազմակերպություններից ու միավորներից անդամության սառեցում։ 

Այդ ծրագրի առաջին կետը Արցախի հայաթափումն էր, ինչը հաջողությամբ իրականացվեց, իսկ երրորդ կետը Զանգեզուրի միջանցքն է։ «The wall street journal-ում ինքը նորություն ասաց՝ հայտարարեց ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին Հայաստանից։ Դա այն հատվածն էր, երբ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում ռուսական զորակազմի տեղակայումն իրավիճակի վրա ոչ մի ձևով չի ազդել և հետեւաբար դա Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ աշխատանքային քննարկման առարկա է դառնալու։ Դա անմիջապես հասկացվեց ռուսական էլիտայի կողմից, որովհետև Պեսկովը հայտարարություն տարածեց՝ կարիք ունենք պարզաբանման»,-ասաց քաղտեխնոլոգը։ 
Հիմա Հայաստանում Ռուսաստանի կողմնակիցներ, որպես այդպիսի,ն չկան, որովհետև Ռուսաստանի կողմից Արցախի հարցում դրսևորած պահվածքից հետո հակառուսական տրամադրությունների պատմական բարձր ցուցանիշ է գրանցվել Հայաստանում, ինչը պարբերաբար երևում է տարատեսակ սոցհարցումների ժամանակ։ Ռուսաստանը Հայաստանին սահմանակից երկիր չի, ինչպես օրինակ Վրաստանը կամ Ուկրաինան, որպեսզի սահմանի միջոցով օգնի` Հայաստանը Ռուսաստանից հեռու գտնվող տարածք է և այստեղ լուրջ խնդիրներ կան, որպեսզի կարողանա Հայաստանը պահել։ 

«Հայաստանում իշխանություն փոխելու համար Ռուսաստանը չունի քաղաքական ուժ, չկա ռուսամետ ուժ՝ անգամ ընդդիմադիր խմբակցությունների մոտ և հասարակության մեջ ռուսամետ չեք կարող գտնել՝ Արցախի հանդեպ դավաճանական արարքից հետո։ Բնականաբար ռուսական կողմը դա լավ հասկանում է, հիմա ինքն ուզում է փոփոխություն անել, երբ ռուսական Առաջին ալիքի հայտնի հաղորդման ժամանակ, ինչն աննախադեպ էր, որովհետև ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ երկրի ղեկավարին ջախջախիչ քննադատության են ենթարկում` բազմաթիվ փաստացի սխալներով, բայց, այնուամենայնիվ, ռուսական կողմը չի ուզենա դուրս գալ, բայց ճարը ո՞րն է»,-հարցնում է Բադալյանը։ 
Երբ արևմտյան ուժն ավելի հզորանա՝ ռուսական ազդեցությունը պարզապես հօդս կցնդի՝ ռուսական կողմը ոչինչ չի կարողանա անել, կարծում է նա։ Այդ պարագայում հարևան Իրանը ի՞նչ կարող է անել հարցին, քաղտեխնոլոգը պատասխանեց` այն պահին, երբ արևմտյան ուժերի աջակցությամբ Հայաստանից դուրս բերվի ռուսական ներկայությունը՝ չի բացառվում, որ իրանական զորքերն ուղղակիորեն Մեղրիից մինչև Երևան հանգիստ քայլարշավով ուղղակի գան մտնեն ու տապալեն իշխանությունը և այստեղ ստեղծեն պրոիրանական կառավարման համակարգ և պրոիրանական իշխանություն։ Հայաստանը հիմա օբյեկտ է և թե ինչ զարգացումներ կգնան՝ Հայաստանը չի որոշում, այլ միջազգային խաղացողները։ Բնականաբար սցենարի նման զարգացումը ռուսների սրտով չի կարող լինել, որովհետև, երբ իրանական զորքերը մտնեն Հայաստան՝ ռուսական զորքերն այստեղ այլևս անելիք չեն ունենալու։ 
«Ռուսական զորքրեը հեռանալու են, իսկ եթե հեռացան՝ կարող է շատ երկար տասնամյակներ այլևս չվերադառնան, եթե ընդհանրապես վերադառնան»,-նկատեց վերջինս։ Հարցրինք, արդյո՞ք Ռուսաստանն այս վտանգները չէր հաշվարկել, Բադալյանը պատասխանեց. «Սինդրոմ կա, որ մեկ-մեկ թվում է, որ իրենք գերհզոր երկրներ են և ամեն ինչ ճիշտ են հաշվարկում, բայց պարզվեց, որ սխալ են հաշվարկել, որովհետև ռուսական կողմի հաշվարկով արցախահայերի մի խումբ պետք է մնար Արցախում, որպեսզի իրենք կարողանային ապահովել իրենց ներկայությունը տարածաշրջանում, այնինչ արցախցիները միահամուռ հեռացան։ Դրա համար, Ռուսական տունը հիմա աժիոտաժով հումանիտար օգնություն է բաժանում Արցախից բռնի տեղահանվածներին, բայց ոչ մի արցախցի չի ուզում հետ գնալ Ադրբեջանի իշխանության վերահսկողության տակ ու հետ չի գնա, քանի դեռ այնտեղ չկա հայկական զորք, իսկ ռուսական զորքին արցախցիներն այլևս չեն վստահում: Հայկական զորքին էլ Ադրբեջանը թույլ չի տալու մտնել Արցախ։ 2025 թվականի մինչև նոյեմբեր խաղաղապահների հարցը պիտի լուծվի` կամ կհեռանան Ադրբեջանից, եթե մինչ այդ Հայաստանից էլ հեռացած եղան, ապա ավելի շուտ կհեռանան»,-ասաց Բադալյանը։ 

Արևմուտքն ավելի խելացի՞ գտնվեց իր հաշվարկներում: Ոչ, կարծում է քաղտեխնոլոգը, պարզապես ռուսներն իրենց հաշվարկներում սխալվեցին` այդպես շատ է պատահում, երբ հաշվարկում են ամեն մի մանրուք, բայց ի վերջո փաստի առաջ են կանգնում։ Թե փաշինյանն իր քաղաքական կարիերան ինչպես է հանգուցալուծելու՝ քաղտեխնոլոգին չի հետաքրքրում՝ դա Փաշինյանի խնդիրն է, սակայն, եթե Արևմուտքին հաջողվի մինչև վերջ չեզոքացնել ռուսական գործոնը, ապա Փաշինյանի փոխարեն մեկ ուրիշին կնշանակեն, իսկ Փաշինյանն իր կյանքը կշարունակի որևէ օտար երկրում՝ Կանադայում կամ Մեծ Բրիտանիայում, օրինակ։ «Խնդիրն այն է, որ տենդենցը դեպի դրան է տանում, ինքը բացահայտ ասեց, որն անմիջապես հասկացվեց ռուսական էլիտայի կողմից»։ Իսկ Զանգեզուրի միջանցքի իրականություն դառնալու պարագայում, եթե ամբողջ Հայաստանն է անցնում Արևմուտքի վերահսկողության տակ՝ ամբողջ Հայաստանն է դառնում Զանգեզուրի միջանցք։ Այդ դեպքում Ադրբեջանին պետք չի Սյունիքից ինչ-որ 5 կիլոմետր գրավել, այդ դեպքում նույն Զանգեզուրի միջանցք է դառնում, օրինակ, Երևան- Կարս- Երևան- Վանաձոր-Ղազախ երկաթգիծը՝ արևմուտքի վերահսկողության տակ գտնվող միջանցքը»,-ասաց Բադալյանը։