Հայաստանի «հուժկու ապտակը»` Ռուսաստանին

Հայաստանի «հուժկու ապտակը»` Ռուսաստանին

ՀՀ քաղաքացիները տեւական ժամանակ է՝ Հայաստանի վարորդական իրավունքի վկայականներով չեն կարողանում Ռուսաստանի տարածքում տաքսի վարել, բեռնափոխադրում կամ ուղեւորափոխադրում իրականացնել, քանի որ ռուսները չեն ճանաչում Հայաստանի տրամադրած վարորդական իրավունքները։ Արդյունքում ՀՀ քաղաքացիները ՌԴ-ում մեծ խնդիրներ են ունենում, երբ ճանապարհային ոստիկանը հանկարծ բռնեցնում է նրանց տաքսի կամ, ասենք, բեռնատար վարելիս։ Այս խնդրի մասին դեռ «Սերժի թվերից» բարձրաձայնում էր Էդմոն Մարուքյանը, բայց ձայն բարբառո հանապատի՝ ոչ ոք մատը մատին չէր խփում։ Հիմա ՀՀ իշխանությունները որոշել են վերջապես խնդրին «լուծում» տալ։ Հայաստանը փոխադարձ օրենք է ընդունում, որ ՌԴ վարորդական իրավունքի վկայականներով էլ Հայաստանում չկարողանան նմանատիպ գործունեություն իրականացնել։

Ասել է թե՝ Հայաստանը սրանով «հուժկու ապտակ» է հասցնում Ռուսաստանի ձախ այտին՝ հասկացնելով, որ «դե, եթե դու մեր քաղաքացիներին թույլ չես տալիս քո տարածքում տաքսի վարել, մենք էլ քո քաղաքացիներին կարգելենք նույնը Հայաստանում անել»։ Ինչ խոսք, հիանալի լուծում են գտել մեր իշխանությունները՝ ռուսներին հասկացնելով, թե մենք ինքնուրույն, հզոր եւ սուվերեն պետություն ենք եւ կարող ենք ատամ ցույց տալ ձեզ։ Պարզապես մեր ցույց տված ատամն այս դեպքում ավելի շատ կաթնատամի է նման։ Պարզ հարց է առաջանում՝ Հայաստանում քանի՞ ՌԴ քաղաքացի է ՌԴ վարորդական իրավունքով տաքսի, ավտոբուս կամ բեռնատար վարում, որ մենք էլ այս պատասխան օրինագծով որոշել ենք պատժել մեր բարեկամ ռուսներին։

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին» օրենքում եւ հարակից մի քանի օրենքներում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով փորձում են «կարգավորել» խնդիրը, երեկ խորհրդարանում զեկուցում էր ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը։

Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախագծով ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքից տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձինք Հայաստանում տրանսպորտային միջոցի օգտագործմամբ ձեռնարկատիրական գործունեություն Հայաստանում կարող են իրականացնել միայն փոխադարձության սկզբունքի հիման վրա։ «Այսինքն, եթե ՌԴ-ում մեր կողմից տրված վարորդական իրավունքի վկայականները ճանաչվեցին, եւ դրանցով հնարավորություն տրվեց, օրինակ, տաքսի վարել, մենք նույն փոխադարձության հիմունքներով նույն հնարավորությունը կտանք ՌԴ քաղաքացիներին»,- ասաց Քոչարյանը։

Հարցին, թե սա պատասխա՞նն է ռուսների նույն քայլին, Հովհաննես Քոչարյանն ասաց․ «Դա պատասխան չէ նրանց արարքին։ Սա, էսպես ասեմ, նույն կարգավորման նախատեսումն է՝ մեր օրենսդրության մեջ միասնականությունն ապահովելու համար»։

Իսկ իրականում՝ «կակոյ պրիվետ, տակոյ ատվետ»։ Մեր դիտարկմանը, թե գուցե փորձեն խնդիրը կարգավորել Ռուսաստանի Դաշնությունո՞ւմ, որ մեր հայրենակիցները խնդիր չունենան, ոչ թե պատասխան «հարված» հասցնեն, Քոչարյանն ասաց․ «Մենք փորձել ենք խնդիրը լուծել, այդ թվում՝ նաեւ ոստիկանությունն իր հնարավորություններն է օգտագործել, պետական այլ մարմիններն են փորձել իրենց պաշտոնակից անձանց հետ էդ հարցերով զրուցել։ Կամք կա, որ էդ նախագծում ՌԴ-ում փոփոխություններ կարվեն, Պետդումայում էր էդ փաստաթուղթը, եթե չեմ սխալվում, բայց մինչեւ հիմա դեռ վերջնական ընթերցում չի ունեցել»։ Քոչարյանը նաեւ չհերքեց այն տեղեկությունը, որ խնդիրը լեզվի հետ է կապված՝ ռուսները պայման են դրել, որ եթե ուզում ենք այս խնդիրը կարգավորվի, Հայաստանը պետք է ռուսերենը ճանաչի պետական լեզու։ «Ասում էին, որ պետական լեզուն պետք է ռուսերեն լինի, որ հնարավորություն տրվի այդ հնարավորությունից օգտվելու, բայց հետո ասվեց, որ փոփոխություններ կարվեն, եւ կհամապատասխանեցվի ԵԱՏՄ օրենսդրությանը։ Եթե կհամապատասխանեցվի ԵԱՏՄ օրենսդրությանը, մենք էլ կանենք նույն բանը»,- ասաց փոխոստիկանապետը։

Այսինքն՝ մերոնք թարս կողմից են որոշել մոտենալ խնդրին՝ արդյունքում հնարավոր է նոր խնդիրներ առաջանան։ Կարելի է ասել՝ խիարը նորից թարս է բուսնել նոր Հայաստանում։ ՃՈ պետի նախկին տեղակալ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը երեկ դժվարացավ մեր հարցին հստակ պատասխանել, թե ինչու են ռուսների հետ կոմպրոմիսի գնալու փոխարեն նման ճանապարհով խնդիրը «լուծում»։ Փորձեց դա միջազգային պրակտիկայով բացատրել․ «Որքանով ես տեղյակ էի, ՌԴ պատկան մարմինների կողմից դա բացատրվել է հետեւյալ հանգամանքով, որ ՀՀ-ում վարորդական վկայական ստանալու համար ուսուցումը պարտադիր չէ, իսկ ՌԴ-ում պարտադիր է։ Ու քանի որ մեզ մոտ ուսուցում չկա, այս հիմքով նրանք մտցրել են այդ նորմը։

Իհարկե, նմանատիպ նորմ էլ մենք ենք մտցրել, որը շատ ճկուն է եւ հնարավորություն կտա կարգավորել ընթացքում մեր հարաբերությունները»։ Իսկ մենք ինչո՞ւ մտցրեցինք այդ նորմը, ի պատասխան Ռուսաստանի՞։ Խաչատրյանն ասաց․ «Ոչ, իհարկե, ի պատասխան Ռուսաստանի չէ, ուղղակի միջազգային պրակտիկայի ուսումնասիրություն է, եւ այսօր մենք չգիտենք, թե ինչպիսի վարորդներ կունենանք արտասահմանյան երկրներում ստացած վարորդական վկայականներով։ Այս նորմն անհրաժեշտ է, որպեսզի մենք հետագայում կարողանանք կարգավորումներ մտցնել եւ երաշխավորված լինել, որ գոնե դրսի վարորդական վկայականներով վարորդները չեն զիջի ՀՀ վարորդներին»։