Ինչու խմբակցությունները «Բալասանյան դաշինք»-ի նկատմամբ բարյացակամ դարձան

Ինչու խմբակցությունները «Բալասանյան դաշինք»-ի նկատմամբ բարյացակամ դարձան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Գյումրու ավագանու արտահերթ նիստին հաստատվեց համայնքի 2024թ-ի բյուջեն։ Նախորդ նիստին որոշմանը դեմ քվեարկած խմբակցությունները առաջարկությամբ էին հանդես եկել և նոր նախագծեր ներկայացրել համայնքապետարան։ Երեկ ավագանու «Ապրելու երկիր» եւ «Զարթոնք» խմբակցությունների ղեկավարները նշեցին, թե իրենց առաջարկությունները ներառվել են նախագծում եւ որոշում են կայացրել կողմ քվեարկել բյուջեին: ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն էլ նշեց, թե ներկայիս նախագիծը թեև իդեալական չէ, իրենք ևս կողմ են քվեարկելու բյուջեին:

Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 29-ին Գյումրի համայնքի ավագանու արտահերթ նիստին 2024 թվականի տարեկան պլանն ու 2024 թվականի բյուջեի նախագծերը քվեարկության արդյունքում տապալվեցին եւ չհաստատվեցին:

Բյուջեի նախագծին կողմ քվեարկեցին «Բալասանյան դաշինք» եւ Հայաստանի հանրապետական խմբկացության ավագանու 15 անդամները, ձեռնպահ քվեարկեցին «Ապրելու երկիր» եւ «Զարթոնք» խմբակցությունների 6 ավագանու անդամ, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը»` 11 դեմ:

Թե ինչու էին «Բալասանյան դաշինք»-ի նկատմամբ կտրուկ վերաբերմունքները փոխել  եւ առավել բարյացակամ տրամադրվել, խմբակցությունների ղեկավարները փորձեցին բացատրել նրանով, թե  քաղաքական եւ կուսակցական անհամաձայնության արդյունքում չեն ուզում ՝ քաղաքը տուժի: «Քաղաքացիական պայմանագիրը» հավաստիացրեց, թե այլևս համագործակցային տարբերակով փորձելու են հնարավորություն տալ «Բալասանյան դաշինք»-ին, որպեսզի կարողանան աշխատել, քաղաքը ոտքի կանգնեցնել: «Մեր մղումները քաղաքի և գյումրեցու շահի հետ շատ օրգանիկ կապ ունեն, դա է պատճառը, որ մենք համագործակցային տարբերակով փորձելու ենք հնարավորություն տալ «Բալասանյան դաշինքին», որպեսզի իրենք կարողանան կառավարումը հավուր պատշաճի իրականացնել, որպեսզի գյումրեցիները չտուժեն»,-ասաց Քնարիկ Հարությունյանը։

Ավագանու «Ապրելու երկիր»  խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանի խոսքերով էլ ՝ 2023 թվականի դեկտեմբերի 29-ին բյուջեի չհաստատումը մի իրավիճակ ստեղծեց, որ Գյումրու ավագանիում նշմարվեցին ժողովրդավարության նշաններ։ Այսօր իրենց քաղաքական ուժի ցանկացած գործողություն բխելու է  գյումրեցու շահից և քաղաքի բարօրությունից։ «Ինչո՞ւ ունենք այս իրավիճակը․ 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում Գյումրու կառավարումը հուշագրի համաձայն ստանձնեցին «Բալասանյան դաշինք» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները մինչև 2023 թվականի ավարտը։ Այս երկու տարիների ընթացքում փաստացի Գյումրին ունեցավ համայնքի ղեկավարի 5 տեղակալներ, ինչքանով էր արդյունավետ այս երկու տարվա ընթացքում ունենալ համայնքի ղեկավարի հինգ տեղակալ, կարծում եմ՝ բոլորիս էլ պարզ է։Կարծում եմ՝ նման պարագայում արդյունավետ աշխատանքի մասին խոսք լինել չի կարող։ Երկու խմբակցությունների նախանշած կարևոր ծրագրերն ի կատար չածվեցին»,-ասաց Կարեն Մալխասյանը։

Ավագանու «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանն այլ կերպ բացատրեց իրենց կողմից բյուջեի կողմ քվեարկելը։ Նրա խոսքերով՝ քվարկել են հանուն քաղաքի զարգացման, հանուն նոր ծրագրերը չձախողելու, եւ  ոչ թե «Բալասանյան դաշինքի»  համար եւ նաև այն բանի համար, որ իրենց առաջարկությունները տարեկան աշխատանքային պլանի ու բյուջեի մեջ ներառվել են ։ Ավագանու անդամը նշեց նաև, որ այսուհետ մասնակցելու են բոլոր պայմանագրերի կնքմանը, ինչպես օրինակ մասնակցություն ցուցաբերեցին ամանորյա պարկերի տրամադրման գործընթացին, «Մեր մասնակցությունն անձնական շահի չի բերել, այլ համայնքային շահի է բերել։ Ամանորյա պարկերի տրամադրման դեպքում օգնեց, որ համայնքային բյուջեն 1 միլիոն 300 հազար դրամի չափով տնտեսում ունենա։ Սուբվենցիոն ծրագրերի հետ կապված, մյուս ծրագրերի հետ կապված՝ պատրաստ ենք և պետք է մենք մեր մասնակցությունն ունենաք՝ համայնքապետի հետ ներդրումային և այլ ծրագրերի հետ կապված կարևորագույն որոշումների ընդունմանը։

Թափառող շների հարցը․ ժամ առաջ կանգնեցվելու է այդ խայտառակ պրոցեսը, ինչ որ հիմա արվում է ստերջացման գործընթացում։ Ինքներս բերել ենք, ինքներս էլ կվերահսկենք, տեսել եք երևի, թե ֆեյսբուքյան էջերում ինչ է տարածվում կամ ինչ է տեղի ունենում։ Շիրակացի փողոցի, Անի թաղամասի հետ կապված, շատ գործեր ունենք անելու հանուն մեր քաղաքի»,-ասաց Վարդևան Հակոբյանը։