Սասուն Խաչատրյանը խեղաթյուրում է իրականությունը

Սասուն Խաչատրյանը խեղաթյուրում է իրականությունը

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, դատարանների վրա ճնշում գործադրելու իր տխրահռչակ փորձը այս անգամ կիրառել է Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի նկատմամբ՝ այս անգամ իր 03.01.2022թ. 1lurer.am-ում տված հարցազրույցի ընթացքում: Վերաքննիչ քրեական դատարանի կողմից որոշում կայացնելու օրվանից մի քանի օր առաջ Սասուն Խաչատրյանը իբրև թե բացահայտելով գործի հանգամանքներ, սակայն իրականում խեղաթյուրելով փաստերը, խախտելով Վահե Նիկոյանի անմեղության կանխավարկածը, որպես հաստատված հանգամանքներ և փաստեր ներկայացնում է տվյալներ, որոնք չեն համապատասխանում գործի հանգամանքներին և առհասարակ օրենսդրական կարգավորումներին:

Ակնհայտ է, որ հենց այս պահին իբրև թե գործի հանգամանքներ բացահայտելը ուղղակի ճնշում է դատարանի վրա, իսկ այն միակողմանի ներկայացնելը ուղղակի անմեղության կանխավարկածի խախտում: Հարցազրույցին հաջորդած ժամանակահատվածում Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է դատախազության բողոքը՝ գործը կրկին ներկայացնելով առաջին ատյանի դատարանին։

Այսպես, հարցազրույցում Սասուն Խաչատրյանը պնդում է, թե - «2015 թվականի մրցույթում մասնակիցը ներկայացրել է, որ ունի թվով 42 ավտոմեքենա, այնինչ արդեն իսկ պայմանագիր կնքելուց հետո, երբ հաղթող են ճանաչվում նոր միայն ձեռք են բերում 27 ավտոմեքենա: Հետևապես այս 42 ավտոմեքենա ունենալու վերաբերյալ տվյալը կեղծ է»:

Մրցույթների վավերապայմաններում՝ հրավերներում, որը հրապարակված է գնումների պաշտոնական կայքում, բեռնատար ավտոմեքենաներ ունենալու քանակական պահանջ առհասարակ առկա չէ, իսկ արդեն պայմանագիրը կնքելուց հետո նոր ավտոմեքենաների ձեռքբերումը մրցույթի հրավերի և պայմանագրի պահանջ է և համաձայն պայմանագրի մասնակիցը չէր կարող աշխատանքների մեկնարկին չունենալ նոր ավտոմեքենաներ: Բնականան է, որ միջազգային մրցույթում օտարերկրյա մասնակիցը ներկայացնում է իր ավտոմեքենաների տվյալները գրանցված այն երկրում, որտեղ ունի և գործունեություն է իրականացնում:

Բացի այդ պայմանագրի կնqումից հետո նոր ավտոմեքենաների ձեռքբերմամբ Խաչատրյանը ինչպես է եզրահանգում, թե մրցույթի պահին թվով 42 ավոտմեքենա ունենալու տվյալը կեղծ է, ակնհայտորեն հիմնավորված չէ։
Սասուն Խաչատրյանը պնդում է նաև, որ «Նախ մրցույթը չպետք է հաղթեր Սանիթեքը, որովհետև նա չի բավարարել մրցույթի պայմաններին և փորձառության հետ կապված նմանատիպ գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ ինքը չի ներկայացրել անհրաժեշտ փորձառության մասին հիմքեր, և այս աղբամանների հետ կապված և ավտոմեքենաների հետ կապված»: Ակնհայտ է, որ աղբամանների հետագա ձեռքբերումները օրենսդրության համաձայն մրցույթին մասնակցելու և հաղթող ճանաչվելու հետ չեն կարող կապ ունենալ:

Շատ ավելի հետաքրքրաշարժ է, որ Վահե Նիկոյանին վերագրվում են այնպիսի լիազորություններ, որոնք նա չի ունեցել: Սասուն Խաչատրյանը իր հարցազրույցում ճշտող հարցին թե Վահե Նիկոյանը ունեցել է արդյոք որևէ լիազորություն մատուցված ծառայությունների պայմանագրի պայմաններին համապատասխանության հետ կապված, պատասխանում է, որ այո, քանի որ նա հանդիսացել է մրցույթի գնահատող հանձնաժողովի նախագահը, իսկ հենց այդ հանձնաժողովը պետք է հսկեր, որ պայմանագրային պարտավորությունները կատարեր պատշաճ: Սասուն Խաչատրյանի այս հայտարարությունը հակասում է Գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջներին, քանի որ մրցույթների գնահատող հանձնաժողովը չունի  պայմանագրային պարտավորությունների կատարման հետ կապված որևէ լիազորություն։ Կնքված պայմանագրերով հստակ սահմանված են պայմանագրերով գնորդի իրավունքների և պարտականությունների իրականացնողները, որոնց թվում Վահե Նիկոյանը չկա, ավելին՝ որպես փոխքաղաքապետ նույնիսկ չի համակարգել այդ պարտականություները իրականացնողներին: 

Վահե Նիկոյանը չի ստորագրել Սանիթեքի հետ կապված որևէ հանձնման-ընդունման արձանագրություն, կատարողական կամ հաշիվ ապրանքագիր, ավելին՝ չի էլ համակարգել այդ փաստաթղթերը ստորագրած ստորաբաժանումները և նույնիսկ այդ փաստաթղթերը իր միջոցով չեն շրջանառվել, հետևաբար պայմանագրային պարտավորությունների կատարման հետ կապված Վահե Նիկոյանին որևէ լիազորություն վերագրելը ապօրինի է: Եվ վերջապես մրցույթի կայացման պահից, մրցութային հանձնաժողովը լուծարվում է, իսկ լուծարված մարմինը բնական է, որ չի կարող հետևել կնքված պայմանագրի կատարման ընթացքին, որի պատասխանատուները այլ ստորաբաժանումներ են։

Ինչ վերաբերում է Վահե Նիկոյանի հոր տարածքի վարձակալությանը, ապա պայմանագրի կնքման պահից չունենալով որևէ լիազորություն կամ գործառույթ Սանիթեքի հետ կապված, Նիկոյանը չի ունեցել շահերի բախում, հատկապես, որ որպես փոխքաղաքապետ չի համակարգել այդ ստորաբաժանումները:

Փորձելով հասկանալ այս ապօրինի քրեական հետապնդման նպատակը, ենթադրում ենք, որ այն իրականացվում է Միջազգային Արբիտրաժային դատարանում Սանիթեքի հետ վեճի շրջանակներում ՀՀ դիրքերը ամրապնդելու համար։ Ինչպես հայտնի է, Հայկ Մարությանը հապճեպ և բազմաթիվ խնդրահարույց քայլերով խզեց Սանիթեքի հետ պայմանագիրը։ Իր այդ գործողությունը հիմնավորելու համար խնդիր դրվեց հիմնավորել, թե մրցույթը ապօրինի է եղել և ըստ այդմ իր գործողությունները իրավաչափ են։ Անհասկանալին այն է, որ որպես բարձրակարգ մասնագետ։ Վահե Նիկոյանը ներգրավված լինելով մրցութային գործընթացում մանրամասնորեն տիրապետում է պայմանագրային նրբություններին և մեր ունեցած տեղեկություններով վերջինս դիմել է վարչապետի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակ՝ Սանիտեքի հետ արբիտրաժային վեճում ներկայացուցչին աջակցելու նպատակով և անհասկանալի պատճառներով մերժվել է։ Անհասկանալի են Նիկոյանին շինծու մեղադրանքներով կալանավորելու միջնորդությունները այս պայմաններում, երբ արբիտրաժի համատեքստում իր աջակցության արդյունքը կարող էր լինել ավելին, քան ինքնանպատակ կալանավորումը երեք տարի շարունակ քննվող գործի շրջանակներում։