Ահա այսպիսի երախտագիտություն և այսպիսի «ծախու» մամուլ

Ահա այսպիսի երախտագիտություն և այսպիսի «ծախու» մամուլ

Մարդկային երախտամոռության թեման հավերժ է՝ այնպես, ինչպես մարդկությունը։ Կարող ես մարդու համար անել հնարավորն ու անհնարինը, իսկ նա կարող է վաղը-մյուս օրը քեզ փողոցում տեսնել՝ անգամ չբարեւել։ Նորմալ է՝ մենք առանձնապես չենք էլ զարմանում։ Բայց երբ մարդը ոչ միայն մոռանում է արածդ, այլեւ սկսում է քո դեմ պայքարել եւ ամեն գնով փորձում քեզ վնասել՝ սա է զարմանալին։

Ճակատագրի հեգնանքով, «Հրապարակի» խմբագրությունը նույն օրը երկու հաստափոր ծրար ստացավ։ Մեկով մեր հրապարակումների հետ կապված դատական վճիռ էր, մյուսով՝ նոր դատական հայց մեր դեմ։ Ինչո՞վ էին այս երկու գործերը միմյանց հետ կապված՝ կհարցնեք դուք։
Շատ պարզ․ դատական վճիռը, որտեղ մենք պատասխանողներից մեկն էինք, կայացվել էր Տնտեսագիտական համալսարանի նախկին դասախոս Նորիկ Սարգսյանի գործով։ Ընդամենը երկու բառով ներկայացնեմ․ 2016 թվականից «Հրապարակն» իր պաշտպանության տակ էր առել Տնտեսագիտական համալսարանից հեռացված դասախոսին՝ պատմաբան Նորիկ Սարգսյանին։ Ոչ միայն բազմաթիվ հոդվածներ ենք հրապարակել՝ ընդդեմ նրան հեռացրած ռեկտորի եւ բուհի աշխատակազմի, ու փորձել ենք օգնել, որ նա վերականգնվի իր աշխատանքում, այլեւ հենց իր հեղինակած հոդվածներն ենք հրապարակել՝ հնարավորություն տալով, որ նա պայքարի իր իրավունքների համար եւ մերկացնի համալսարանի ռեկտորատի, ամբիոնի վարիչի եւ այլոց պահվածքը։ Այդ անձինք դիմել էին դատարան՝ Նորիկ Սարգսյանին մեղադրելով զրպարտության մեջ, իսկ մեզ՝ որպես երրորդ անձ, ներգրավել դատական պրոցեսում, քանի որ այդ ամենը հրապարակել ենք մեր թերթում։ Մոտ 3 տարի դատական պրոցես է ընթացել, եւ այժմ վերաքննիչ դատարանը վճիռ է կայացրել՝ ո՛չ հօգուտ Սարգսյանի եւ մեզ։ Բայց այդ գործի մասին չէ այժմ խոսքը՝ մենք մեր պարտքն ենք կատարել եւ չենք զղջում։

Ուշագրավը երկրորդ ծրարն է, որտեղ մեր դեմ ուղղված հայցադիմում է Նորիկ Սարգսյանի որդուց՝ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանից։ Հիշեցնենք, որ նա աշխատանքից դուրս եկավ Վայոց ձորում աղմկահարույց միջադեպից՝ փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու պատմությունից հետո։ Ու թեեւ նա պնդում է, որ դեպքին ներկա չի եղել, զինվորականի մերձավորները հակառակն են պնդում։ Այս թեմային անդրադարձել է նաեւ «Հրապարակը», եւ հիմա նախկին մարզպետը՝ մեր հրապարակումների հերոս Նորիկ Սարգսյանի որդին, չնայած դիմում գրեց եւ այդ միջադեպի արդյունքում հեռացավ պաշտոնից, որոշել է «Հրապարակին» դատի տալ ու հաշիվ պահանջել։ Ընդ որում՝ պահանջում է ոչ միայն հերքում, այլեւ նյութական վնասի բավականին խոշոր փոխհատուցում։

Հիմա գանք մեր հրապարակման նախաբանին։ Երբ մեզ մեղադրում են «պատվերով» հոդվածներ գրելու, հոդվածների համար «փող վերցնելու» մեջ, հավանաբար, այդ մարդիկ չգիտեն, որ այն հոդվածները, որից ոմանք «փողի» հոտ են առնում (իսկ դատարան դիմած տնտեսագիտականի ռեկտորատը հենց այդպես էլ հայտարարում էր 2016-2018 թթ․ մեր հրապարակումների մասին), Նորիկ Սարգսյանի օգտին գրված հոդվածների տիպի հոդվածներն են։ Ստացվում է, որ մեր հրապարակումների համար պոտենցիալ «վճարողները» ոչ միայն մեզ չեն վճարում, այլեւ տարրական շնորհակալություն չեն հայտնում մեր չարչարանքի, մեր աշխատանքի դիմաց։ Ավելին՝ երբեմն նրանց որդիները դիմում են մեր դեմ դատարան՝ պահանջելով մեծ գումարներ մեզնից, միաժամանակ իմանալով, որ «Հրապարակն» անշահախնդիր կերպով իր գործն է անում՝ պաշտպանելով մի դեպքում աշխատանքից զրկված դասախոսին, մյուս դեպքում՝ դաժանաբար ծեծված եւ տեւական ժամանակ կոմայի մեջ գտնվող գնդապետին։ Պարզապես, այն ժամանակ իրենք ընդդիմադիր դաշտում էին եւ մեր օգնության կարիքն ունեին, ու մենք անշահախնդրորեն աջակցում էինք իրենց, իսկ հիմա իշխանություն են եւ կարծում են, որ մամուլը չպետք է ազատորեն գործի, ու իշխանության դեմ հոդվածներ չպետք է գրվեն, իսկ Արա Մխիթարյանին էլ մենք չպետք է պաշտպանենք։

Ահա, այսպիսի երախտագիտություն եւ այսպիսի «ծախու» մամուլ։