Արդեն 4-5 օր է՝ երեկոյան կողմ կրակում են մեր ուղղությամբ 

Արդեն 4-5 օր է՝ երեկոյան կողմ կրակում են մեր ուղղությամբ 

Պաշտպանության նախարարությունը այսօր հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ թշնամին հերթական անգամ կրակել է Սյունիքի մարզի Տեղ համայնքի Արավուս բնակավայրի դիրքերի եւ Խոզնավարի ուղղությամբ։ Հիշեցնենք, որ նախորդ անգամ թշնամին հենց այս ուղղությամբ էլ կրակ բացել՝ ապրիլի 6-ին։ Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արգամ Հովսեփյանը «Հրապարակին» տեղեկացրեց, որ գյուղում ամեն ինչ նորմալ է, մարդիկ առօրյա հոգսերով են զբաղվում։ 

«Անկանոն մեկ-երկու կրակոց են արձակել ուղղակի, ոչ մի լուրջ բան չկա»,-ասաց Հովսեփյանը։ Գյուղի ուղղությամբ կրակողներ չեն եղել՝ շեշտեց վերջինս։ 

Խոզնավար վարչական շրջանի ղեկավար Վահան Զաքարյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ կրակոցները գիշերվա ժամերին քանի օր է՝ լինում են։ «Արդեն մի 4-5 օր կլինի կրակում են երեկոյան ժամերին ադրբեջանցիները։ Գյուղի ուղղությամբ չեն կրակել, ուղղակի մեզ մոտ լսվում էր։ Երևի ուղղակի օդ են կրակել»,-ասաց Զաքարյանը։ Նա նշեց, որ կրակոցներից, իհարկե, վախեցողներ կլինեն, սակայն գյուղը լքող չի եղել։ 

«2022 թվականի սեպտեմբերի 13-ի պատերազմի ժամանակ մարդիկ դուրս չեկան գյուղից՝ հիմա՞ պիտի դուրս գան»,- ասաց Խոզնավարի ղեկավարը։  Կոռնիձորի բնակիչ Լուսինեն էլ նշեց, որ իրենց կողմերում ամեն ինչ հանգիստ է, իրենց ուղղությամբ կրակոցներ չեն եղել։