Նրանց նպատակը ոչ թե բնությունն ու դրա պաշտպանությունն էր, այլ իշխանափոխությունը 

Նրանց նպատակը ոչ թե բնությունն ու դրա պաշտպանությունն էր, այլ իշխանափոխությունը 

Արդեն 9-րդ օրն է մի շարք անձինք, որոնց ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացնում են որպես բնապահպանների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, բլոգերների և էկոակտիվիստների, փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Մինչ ադրբեջանական, այսպես կոչված, բնապահպաններն ու հասարակական կազմակերպությունները փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, Հայաստանի բնապահպան-ակտիվիստները, որոնք հատկապես 2018 թվականից առաջ էին ակտիվորեն բարձրաձայնում բնապահպանական խնդիրները, հատկապես՝ Ամուլսարի հանքի շահագործման վտանգների մասին, երկարաժամկետ ակցիաներ էին իրականացնում, հանքի ճանապարհն էին փակում, ահազանգում, որ դրա շահագործումը կարող է կործանարար լինել Հայաստանի համար, այսօր ասպարեզում չկան: Նրանք այլեւս ակցիաներ չեն անում, ճանապարհներ չեն փակում, վրաններ չեն դնում։ 

Մենք փորձեցինք հասկանալ, թե նրանք ինչու են պասիվացել, ինչու այլեւս նախկին նախաձեռնողականությունը չունեն։ Չէ որ Ամուլսարի դեմ մի քանի տարի տեւած ակցիաները՝ որքան էլ մասնակիցների քանակը մեծ չէր, իր արդյունքը տվեց եւ հանքը մինչ օրս չի շահագործվում։ Փոխարենը նրանք շատ ակտիվ են հակառուսական դաշտում՝ նրանց ֆեյսբուքյան էջերում ռուսաֆոբիայի բազմաթիվ ապացույցներ կարելի է գտնել։ Նրանցից շատերը արդարանում են, թե՝ ի՞նչ անենք մենք, հո չե՞նք գնալու Արցախ՝ ճանապարհ փակենք։ 

Մենք կապվեցինք Թեհմինե Ենոքյանի հետ, հասկանալու համար, թե այս օրերին ինչո՞վ են զբաղվում հայ բնապահպանները, ինչու են լուռ եւ ինչու որևէ նախաձեռնությամբ հանդես չեն գալիս, Ենոքյանը մեր հարցից ջղաձգվեց. «Իսկ ի՞նչ գիտեք չենք անում, եթե նկատել եք՝ մարդիկ ասուլիս են տվել և բոլոր ակցիաներին մասնակցում են, ի՞նչ գործողությունների դիմենք, գնանք էդ բնապահպաններին բռնենք՝ սպանե՞նք: Մենք ի՞նչ անենք, որտե՞ղ անենք: Մենք էլ Հայաստանն էս կողմից փակե՞նք, հա՞»։ 

Իսկ մեզ հետ զրույցից հետո զարմանքով տեղեկացանք, որ բնապահպան Թեհմինե Ենոքյանը գրառում է արել իր էջում, թե «hraparak.am լրագրողներին վերջին անգամ եմ զգուշացնում, այլեւս երբեք ինձ չզանգեք, ես ձեզ հարցազրույց չեմ տալիս։ Թե բա ՀՀ բնապահպանները խի գործողություն չեն անում, արված գործողությունները, որ վախտին լուսաբանեիք կարող է եւ տեսողության խնդիրներ չունենայիք։ Թե բա՝ մեր ուշքն էլ չի գնում ձեզ զանգելու համար, բայց երկու շաբաթը մեկ զանգում ենք։ Հայերեն որտեղ են սովորեցնում, որ հասկանաք, ձեզ հարցազրույց չենք տալիս ոչ մի թեմայով»։

Նախ, տեղեկացնում ենք տիկին Ենոքյանին՝ եթե դուք տեսողության խնդիրներ չունենայիք, չէիք կարող չնկատել այն հազարավոր հրապարակումները, որ մենք արել ենք բնապահպանական թեմաներով եւ մասնավորապես՝ հենց ձեր ակցիաները լուսաբանելով։ Նաեւ «Հրապարակի» ջանքերով եք դուք՝ բնապահպան կոչեցյալներդ, հայտնի դարձել հայ հասարակությանը եւ գործոն դարձել մեր հանրային կյանքում։ Կաշխատենք ուղղել մեր սխալը։
Երկրորդը՝ մենք կարող ենք ձեզ չզանգել եւ անգամ չնկատել ձեր գոյությունը, քանզի այնպես չէ, որ դուք էական դերակատարում ունեք այս երկրում եւ ինչ-որ գործընթացներ եք գեներացնում։ Իսկ զանգում ենք, որովհետեւ նախ՝ կարեւորում ենք բնապահպանական խնդիրները եւ դրանց լուսաբանման ժամանակ նաեւ ինչ-որ մասնագետների, փորձագետների կարծիքն ենք ուզում ներկայացնել։ Եւ քանի որ, ինչպես բոլոր ոլորտներում, այնպես էլ բնապահպանության մեջ դրանք շատ չեն, Ձեզ բացառապես այդ կոնտեքստում ենք հիշում։ Թեեւ չենք հիշում որեւէ դեպք, որ աշխարհացունց մտքեր հայտնած լինեք, որոնք հանրային կյանքում հեղափոխություն արած լինեին։ 
Երրորդ․ կոնկրետ այս դեպքում կապվում ենք բոլոր հանրային շրջանակների, պետական կառույցների, ընդդիմության ներկայացուցիչների, քաղաքագետների հետ, որպեսզի հասկանանք, թե ինչ կարող են անել նրանք Արցախին օգնելու համար։ 

Եւ վերջինը․ այո, Ադրբեջանը բնապահպանության դեմ պայքարի անվան տակ կեղծ բնապահպաններ է ուղարկել, որ իր քաղաքական խնդիրները լուծի, իսկ մենք ի՞նչ ենք անում։ Ի՞նչ են անում մեր հանրային եւ քաղաքական շրջանակները, պետական մարմիններն ու ՀԿ-ները։ Զենքով ու բանակի միջոցով հարցը չենք կարողանում լուծել, դիվանագիտության մեջ խեղճ ենք ու թույլ, գուցե ճանապարհներից մեկն էլ հասարակական շարժում եւ մասնավորապես՝ բնապահպանական հակընդդեմ շարժում սկսե՞լն է։ Թե՞ դուք միայն Ամուլսարի թեմայով եք պայքարում, այն էլ համապատասխան գրանտներ ստանալու դեպքում։

Ի դեպ, մենք զրուցեցինք բնապահպան Լևոն Գալստյանի հետ: Նա ևս ջղաձիգ պատասխաններ տվեց. «Ճանապարհը փակել են, ի՞նչ կապ ունի դա բնապահպանության հետ, կարա՞ք ինձ բացատրեք, կյանքում տեսե՞լ եք, ես Արցախի վերաբերյալ կյանքում բան ասած լինեմ, խնդրում եմ ինձ նման հարցեր մի տվեք, ես հասկանում եմ Ձեր հարցի կոնտեքստը: Այդ ամենը կապ չունի բնապահպանության հետ, ով էլ փորձում է այս ամենը կապել բնապահապանների հետ, Ադրբեջանի ջրաղացին ջուր է լցնում: Ես, այսինքն, ի՞նչ անեմ, առաջարկեք անեմ: Ադրբեջանցի բնապահպան չկա էնտեղ, եթե չգիտեք, ասեմ իմանաք, մենք ունենք պետություն, որը պետություն չի դարձել, ամեն ինչ դրանից ա գալիս, դա բնապահպանական խնդիր չէ»։

Հ.Գ Նկատենք, որ Թեհմինե Ենոքյանն ու Լևոն Գալստյանը բնապահպան լինելուց առաջ նաեւ ՀՀ քաղաքացիներ են եւ մեր հարցերն էլ ուղղված են պարզելու, թե՝ այս իրավիճակից դուրս գալու հարցում որքան է պետության եւ պետական կառույցների մեղքը, որքան՝ քաղհասարակություն կոչվող գրանտակերների մեղքը, որքան է ընդդիմության մեղքը եւ անգամ՝ որքան լրագրողների մեղքը։ Նրանց պատասխաններից մեկ բան կարելի է եզրակացնել՝ այս բնապահպան կոչեցյալները ոչ թե բնապահպան-ակտիվիստներ են, այլ քաղաքական ակտիվիստներ, որոնց պայքարը սահմանափակվել է իշխանափոխության համար պայքարով՝ հասել են իրենց նպատակին եւ այլեւս անելիք չունեն այս երկրում։ Ինչպես եւ մի շարք, այսպես կոչված, իրավապաշտպան եւ լրագրողական հասարակական կազմակերպություններ: