Աշխարհն անճանաչելի է

Աշխարհն անճանաչելի է

«Ետկորոնավիրուսյան աշխարհն այլևս այն չի լինելու, ինչ նախկինում էր»։ Սա թերևս վերջին շաբաթների և ամիսների ամենատարածված արտահայտությունն է, որը մոլեգնում է ամենուրեք և թափառում լրատվամիջոցից լրատվամիջոց։ Եթե անկեղծ լինենք, ապա ես այդքան էլ լուրջ չեմ վերաբերվում համանման բարձրագոչ պնդումներին։ Կանխատեսվող համամոլորակային կերպափոխումների համար առնվազն լուրջ հիմքեր և ապացուցողական տվյալներ են անհրաժեշտ։ Անշուշտ, փոփոխություններ լինելու են, բայց մի՞թե դրանք վկայությունն են այն իրողության, որ աշխարհն այլևս այն չի լինելու, ինչ նախկինում էր։ Այստեղ տրամաբանական հարց է առաջանում․ իսկ ինչպիսի՞ն էր աշխարհը Կորոնավիրուսից առաջ։ Կա՞ արդյոք համընդհանուր և բոլորի կողմից ընդունելի այնպիսի մի ձևակերպում, որը կբնորոշի 21-րդ դարի առաջին երկու տասնամյակների մշակութային և սոցիալական առանձնահատկությունները։ Իհարկե խնդրո առարկայի վերաբերյալ բազմաթիվ հետազոտություններ կան, բայց այնուամենայնիվ, գիտական միջավայրում տիրապետող է այն տեսակետը, որ մենք դեռևս ամբողջությամբ չենք կարողացել հասկանալ 21-րդ դարի էությունը։ Պոստմոդերնիստական աշխարհ, հետարդյունաբերական աշխարհ, սպառողական հասարակություն, տեխնոլոգիական քաղաքակրթություն և այսպես շարունակ, ձևակերպումները բազմաթիվ են, բայց նոր աշխարհի գոյաբանական զարկերակը դեռևս արձանագրված չէ։ 

Ասվածի համատեքստում ի հայտ է գալիս հետևյալ հարցադրումը․ արդյոք Կորոնավիրուսի մարտահրավերը վկայությո՞ւնն է նոր աշխարհի սաղմնավորման, թե պարզապես այն բաղադրիչն է այն նույն աշխարհի, որը կար նաև համավարակից առաջ։ 

Եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ապա կարող ենք անընդհատ խոսել նոր աշխարհների ի հայտ գալու մասին, այդպիսի առիթներ վերջին տասնամյակներին միշտ էլ եղել են՝ 2001 թ․ սեպտեմբերի 11-ահաբեկչությունը, Իրաքյան և Աֆղանական պատերազմները, 2008 թ․-ի տնտեսական դեպրեսիան, Արաբական գարունը, Ղրիմի անեքսիան և այսպես շարունակ։ Սրանք բոլորը համամոլորակային ճգնաժամեր են, բայց մի՞թե բոլոր գործըթնացներից հետո մենք կարող էինք պնդել, թե աշխարհն այլևս այն չի լինելու, ինչ նախկինում էր։ Իհարկե մոտեցումն այս մի փոքր անհեթեթ է։ 

Ավելի կոռեկտ կլինի, եթե նշենք, որ ոչ թե իրար հաջորդող ճգնաժամերն են ամեն անգամ նոր իրականություն ստեղծում, այլ դրանք բոլորը միասին ձևավորում և ամբողջացնում են գոյաբանական, մշակութային և սոցիալական այն միջավայրը, որը մենք անվանում ենք 21-րդ դար։ Փաստորեն սա այն աշխարհն է, որը սկսել է սաղմնավորվել Սառը պատերազմի ավարտից և ԽՍՀՄ փլուզումից հետո։ Այն կիսադատարկ է և անընդհատ լցվում է նոր իրողություններով և հասկացություններով։ Սրա հետևանքով որպես վերջնական արդյունք կառուցակազմիկ տեսք է ստանալու այն իրականությունը, որը դեռևս կիսադատարկ է և ամբողջության մեջ անճանաչելի։ 

Այսպիսով, ոչ թե ետկորոնավիրուսյան աշխարհն է ուրիշ լինելու, այլ ընդհակառակը՝ կորոնավիրուսը բաղադրիչն է այն նոր աշխարհի, որն արդեն մի քանի տասնամյակ է, ինչ ուրիշ է, անհասկանալի է և անընկալելի։ Ի դեպ այն ամենն ինչ-որ կատարվում է ավելի քան տրամաբանական է և օրինաչափ, չէ՞ որ մենք ապրում ենք էվոլյուցիոն՝ անընդհատ փոփոխվող աշխարհում։ Բայց այդ փոփոխությունները հասկանալու համար անհրաժեշտ է աշխարհը դիտարկել ամբողջության մեջ, այլ ոչ թե բաժանել ֆրագմենտների և փորձել մեկ էպիզոդով պայմանավորել ամբողջի էությունը։