Ես ճիշտ եմ համարում, որ պետք է տեղյակ պահեմ ԼՂ նախագահին․ Փաշինյան

Ես ճիշտ եմ համարում, որ պետք է տեղյակ պահեմ ԼՂ նախագահին․ Փաշինյան

Պետք է հասկանալ՝ ինչ է նկատի առնվում, որովհետև եթե կա այդպիսի համատեքստ, թե իշխանությունն ի վիճակի չէ պատասխանատվություն վերցնել և նրան պետք է ինչ-որ բանի համար օգնել՝ պատասխանատվություն վերցնել, ես կարող եմ ասել, որ իշխանությունը՝ կառավարությունը և անձամբ ես, գիտակցում ենք երկրի ճակատագրի համար ունեցած պատասխանատվությունը և այդ պատասխանատվությունը մենք պատրաստ ենք վերցնել, այդ պատասխանատվութունը մենք ստացել ենք մեր ժողովրդից, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանն, ըստ որի անհրաժեշտ է կոնսոլիդացիա՝ իշխանության շուրջ։

Փաշինյանը անդրադարձավ նաև ՀՀ առաջին նախագահի այն մտքին, որ բանակցային գործընթացի մանրամասներին տեղյակ է միայն վարչապետին մերձ շատ նեղ շրջանակ։ 
«Դա թյուրիմացություն է, որովհետև բանակցային գործընթացի մասին, ընդհուպ տառերի, նախադասությունների մակարդակով, տեղյակ են բավականին լայն շրջանակի մարդիկ, ոչ միայն մեր թիմակիցները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ բանակցային գործընթացի մանրամասներին տեղյակ է ինչպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, այնպես էլ Անվտանգության խորհուրդը, Արցախի իշխանությունները։

«Ես ճիշտ եմ համարում, որ պետք է տեղյակ պահեմ ԼՂ նախագահին։ Ես գիտեմ, որ նա էլ իր հերթին տեղյակ է պահում առնվազն Անվտանգության խորհրդին և, ըստ էության, նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։