Առաջիկա մի 10 օրվա մեջ գազի գնի հարցում որոշակիություն կլինի

Առաջիկա մի 10 օրվա մեջ գազի գնի հարցում որոշակիություն կլինի

Դեռեւս մարտին «Գազպրոմ Արմենիան» հայտ էր ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ առաջարկելով գազի սակագինը բարձրացնել 28 դոլարով կամ 11 տոկոսով։ Այսինքն՝ 255 դոլարի փոխարեն առաջարկում են 283 դոլար՝ 1000 խմ գազի դիմաց։ ՀԾԿՀ-ն մինչ օրս ուսումնասիրում է «Գազպրոմի» ներկայացրած փաստաթուղթը, դեռ հայտնի չէ, թե երբ հայտը կդնի քննարկման։ Նշենք, որ գազի գինը ռուսական կողմը դեռ անցած տարվա հունվարից սահմանին ավելացրել էր 15 դոլարով, սակայն «Գազպրոմ Արմենիան» իր խնայողությունների հաշվին փոխհատուցում է տարբերությունը։ Հիմա դիմել է ՀԾԿՀ՝ վերանայելու 2013 թվականից ի վեր փոփոխություն չկրած գազի սակագինը։ Իսկ այդ ընթացքում ՀՀ կառավարությունը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մակարդակով, ճիգեր է գործադրում՝ գազի գնի շուրջ ռուսական կողմի հետ բանակցելու։ Բայց բանակցությունները դեռ արդյունք չեն տվել։

ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը մեզ հետ զրույցում երեկ ասաց․ «Մոտ ժամանակներս կքննենք հայտը, 500 էջ հիմնավորում կա, չենք կարող միանգամից եզրակացության գալ, ուսումնասիրում են, հաշվարկներ են իրականացնում, լրացուցիչ փաստաթղթեր են ուզում։ Ըստ օրենքի՝ ուսումնասիրությունը մինչեւ 90 օր կարող է տեւել»։ Նա նաեւ նշեց, որ իրենք կգնահատեն, թե հայտի որ մասն են համարում հիմնավոր, կխոսեն կառավարության հետ՝ ըստ իրենց գերակա ուղղությունների, ու բաշխումը կտան։

- Իսկ հավանականություն կա՞, որ կբարձրանա գինը, թե՞ կթողնեք նույնը, կամ գուցե իջնի որոշ չափով։

- Իջնելու մասին կարող ենք խոսել, եթե սահմանին կլինի գազի գնի փոփոխության հարց, որն էս պահին կառավարությունը զուգահեռ քննարկում է Ռուսաստանի Դաշնության հետ։

- Բայց ՀԾԿՀ-ն ինքն է գազի սակագինը սահմանում։ Ինչպե՞ս է ստացվում, որ սահմանին 165 դոլարով է ձեռք բերվում գազը, իսկ սպառողին հասնում է 255 դոլարով։ Դուք չե՞ք կարող ավելի ցածր սակագին սահմանել՝ խելամիտ գնի մասին է խոսքը։

- Իսկ 255 դոլարը, ի՞նչ եք կարծում՝ խելամի՞տ գին է, թե՞ խելամիտ գին չէ։ 2013 թվականից այս կողմ ՀԾԿՀ-ն գին չի սահմանել։ Բայց որ խոսում ենք սահմանի գնից եւ վերջին գնից, նախ՝ դրա մեջ կա 45 դոլար ԱԱՀ, եւ էդ 45 դոլարը որ դուրս գաք, տակը մնում է 210 դոլար։ Եվ 210-ի ու 165-ի տարբերությունն ընդամենը էդ ընկերության մարժան է լինում։ 2013 թվականից էս կողմ էդ 255 դոլար սակագինը չի վերանայվել, որովհետեւ էն հայտնի համաձայնագրերով անընդհատ ինչ-որ պահանջ է դրվել, օրինակ՝ վերջնական գները մնում են նույնը, օրինակ՝ սահմանի գինը 189-ից իջել է 165, բայց տարբերությունը մնում է «Գազպրոմին»։ Այսինքն՝ օրենքի ուժով ՀԾԿՀ-ի հիմնական իրավասությունները, կարելի է ասել, սահմանափակվել են։ 

- Իսկ ՀԾԿՀ-ն վերահսկող գործառույթ ունի՞․ հաշվելու՝ «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած ծախսերը հիմնավո՞ր են, թե՞ ոչ։

- Այո, միանշանակ ունի, եթե օրենքով այլ բան չի գրվում։ Հիմա քանի որ էդ արձանագրություններում որեւէ փոփոխություն չի արվել, այսինքն՝ գործում են մեր էներգետիկայի մասին օրենքը եւ այդ օրենքով ՀԾԿՀ-ին տրված բոլոր իրավասությունները։ Այսինքն՝ սահմանից ներս ամբողջ ծախսային հոդվածները, տեխնիկական բոլոր պարամետրերը կարող է հաշվարկել ՀԾԿՀ-ն եւ իր դիրքորոշումը հայտնել։ Հիմա հենց դա էլ անում ենք ներկայացված հայտի շրջանակներում։

- Օրինակ՝ «Գազպրոմ Արմենիան» ասում է՝ ամորտիզացիոն եւ էքսպլուատացիոն ծախսեր ունի, խողովակներն է տարին մի քանի անգամ ներկում, այլ աշխատանքներ է կատարում, դուք դա ստուգո՞ւմ եք, ձեզ դրանք արժանահավա՞տ են թվում։

- Դե, նորմատիվներ կան, իհարկե, ստուգում ենք, մեզ տրված լիազորությունների շրջանակում բոլոր ծախսային հոդվածները հատառհատ նայում ենք, դրա համար էլ 1500 էջ հաշվարկ-հիմնավորումներ են ներկայացված՝ հայտին զուգահեռ։ Իսկ թե որքանով են հիմնավոր, դա կլինի մեր վերջնական հաշվարկ-եզրակացությունը, որը մենք առանձին կներկայացնենք՝ հայտին զուգահեռ մեր կայքում, եւ կսկսենք հանրային քննարկում։ Դեռեւս դրա վրա ենք աշխատում։

- Իսկ 2013-ին սահմանված սակագնի համար ներկայացրած ծախսերը հիմնավո՞ր են եղել։

- 2013 թվականից այս կողմ՝ 7 տարվա մեջ, շատ բան է փոխվել։ Կարող ենք, չգիտեմ, էդ 7 տարի առաջվա թղթերը հանել, բնականաբար, բոլոր ծախսային հոդվածներն այն ժամանակ իրենց հիմնավորումներն ունեցել են։

- Հիմա, փաստորեն, տարիուկես է, ինչ սահմանին գազը թանկացել է, «Գազպրոմ Արմենիան» սպառողի համար գնի բարձրացումն իր հաշվին է զսպում։ Կարո՞ղ է հիմա դա եւս ներառվի գազի գնի մեջ։

- Բացառվում է, որովհետեւ 2019 թ․ հունվարի 1-ից նախ բանակցություններ են ընթանում, ծախսերի օպտիմալացում է արվում, որովհետեւ 2013 թվականից, ինչպես ասացի, որեւիցե վերանայում չէր արվել, եւ կար որոշակի կուտակված նաեւ գումար, իրենք իրենց խնայողություններն են արել, որոշակի ներդրումային ծավալ ունեին, որը չեն արել, քանի որ ընդհանուր 10 տարվա փաթեթային ներդրումային ծրագիր են քննարկում։ Եվ այդ ամբողջ ընթացքում այդ բանակցություններն են ընթացել։ Եվ զուտ իրավական տեսանկյունից եթե նայում ենք, ապա եթե ընկերությունն ունի խնդիր՝ իր ռեսուրսով այլեւս չի կարողանում բավարարել, ինչ-որ ծախսի խնդիր ունի, ինքն ազատ է՝ դիմելու սակագնի վերանայման հայտով։

- Լավ, ե՞րբ սպասենք նորության։

- Չեմ կարող դեռ հստակ ամսաթվեր ասել, ենթադրում եմ՝ առաջիկա մի 10 օրվա մեջ արդեն որոշակիություն կլինի։