Քվեարկությանը մնացել է 39 օր

Քվեարկությանը մնացել է 39 օր

«Մայր Հայաստան» շարժումը որոշել է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, հայտարարել է շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանը։ Վերջինս ընդգծել է, որ շարժումը դա «դիտարկում է որպես ամբողջական իշխանափոխության և երկիրն այս իրավիճակից դուրս բերելու հնարավորություն»: Հաճույքով կստորագրեի յուրաքանչյուր բառի և արտահայտության ներքո՝ եթե... Եթե, նախ, ժամանակային առումով ընտրական մրցավազքում շարժումն արդեն պարտություն կրած չլիներ գործող իշխանությունից: Դա որպես տեղական ու պետական ընտրություններին շուրջ քսանամյա դիտորդական փորձառություն ունեցող անձ եմ ասում: Ի դեպ, ավելի խոր՝ ընտրություններին անմիջական մասնակցության փորձառություն ունի Փաշինյան Նիկոլը, ու այդ պատճառով շուրջ մեկ տարի առաջ Ավինյան Տիգրանին նշանակել տվեց Երևանի քաղաքապետի տեղակալ:  

Այնուհետև Նիկոլը հրաժարական պարտադրեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին: Եվ օրենքի խախտումով՝ քաղաքապետի առաջին տեղակալի առկայության պայմաններում ոչ առաջին տեղակալ Տիգրանը դե ֆակտո վերածվեց քաղաքապետի՝ վկա քաղաքապետարանում շաբաթը մեկ անցկացվող գործակարգավարական խորհրդակցությունները: Իսկ օրենք խախտելը, ինչին արդեն սովոր ենք, նիկոլական «ժողովրդավարության» հիմնական հատկանիշներից մեկն է: Հիշենք ոչ վաղ անցյալի՝ սահմանադրական նորմերի խախտումներով Սահմանադրության հոդվածների փոփոխության իրականացումն Ազգային ժողովում: Այսպիսով, մեկ տարի առաջ Տիգրանը սկսեց իր քարոզարշավը մայրաքաղաքում՝ մայրաքաղաքի միջին վիճակագրական ընտրողին ներկայանալով համարյա որպես քաղաքապետ: Ինչը նշանակում է, որ վերը նշված ընտրողի աչքն արդեն սովոր է Տիգրանին: Ինչն, իր հերթին, նշանակում է, որ սեպտերմբերի 17-ին վերջինս չի ունենալու ընտրություն կատարելու հոգեբանական բարդությունը: Դա լինելու է հենց այն երևույթի արդյունքը, ինչը ես ներկայացրեցի որպես շարժման պարտություն ժամանակային առումով մրցավազքում:

Երկրորդ, Երևանի ավագանու ընտրությունն իսկապես կարող է վերածվել ամբողջական իշխանափոխության առաջին և լուրջ քայլը: Ասեմ, որ որևէ քաղաքական ուժի կողմից մայրաքաղաքը «գրավելուց» հետո շատ ավելի հեշտ է լինում այնուհետև պետական իշխանություն «գրավելը»: Հիշենք, օրինակ, ֆրանսիական աջակողմյան գործիչ, Ֆրանսիայի 22-րդ նախագահ Ժակ Շիրակին, որի, Փարիզի քաղաքապետի պաշտոնում (1977-1995), երկարամյա գործունեությունը համընկավ ձախակողմյան (սոցիալիստ) նախագահի (Ֆրանսուա Միտերան, 1981-1995) պաշտոնավարման հետ: Որից հետո ինքը զբաղեցրեց երկրի նախագահի պաշտոնը: Սակայն տեսական այդ հնարավորությունը կյանքի կոչելը բավական բարդ կլինի, քանի որ դժվար է ասել, թե որքանով ընկալելի կլինի նույն միջին վիճակագրական ընտրողի համար մայրաքաղաքի ավագանու ընտրությունն «ամբողջական իշխանափոխության և երկիրն այս իրավիճակից դուրս բերելու հնարավորության» տեսլականը: Տեղական՝ Երևանի և թե այլ բնակավայրերի, ընտրություններում ունեցած իմ փորձառությունը, համենայն դեպս, թույլ չի տալիս նման եզրահանգում կատարել:

Ի դեպ, միջին վիճակագրական ընտրող ասելով նկատի ունեմ թե՛ քպկական «ազգընտիր» մեկի հարևան Պողոսին, թե՛ կենսաթոշակառուներին և թե՛ մայրաքաղաքի սրճարաններում իրենց օրն անցկացնող երիտասարդներին. ես, օրինակ, 2020 թվականի նոյեմբերի 9-ից այս կողմ որևէ սրճարանում նստած չեմ եղել: Ասվածի համատեքստում անդրադառնամ Մանե Թանդիլյանի քարոզարշավին: Ֆեյսբուքում սխալ կարծիք է ձևավորվել, թե ես կողմ եմ տիկնոջ ներկայացրած կուսակցությանը՝ անունը չեմ տալիս չփիառելու նպատակով: Բայց ես ընդամենը արձանագրել եմ, որ տիկինը հասկանում է՝ մայրաքաղաքի ավագանու ընտրությունը երևանցիների մեծամասնության տեսակետից հենց ավագանու ընտրություն է: Եվ նրա քարոզարշավում անդրադարձ է կատարվում հենց քաղաքի կենսագործունեության խնդիրներին: Եվ քարոզարշավն էլ անց է կացնում արդեն երկար ժամանակ՝ այդ առումով զիջելով միայն Տիգրանին: Ու օբյեկտիվորեն հնարավորություն ունի վերածվելու Տիգրանի մրցակցի՝ թիկունքին ունենալով գործարար ու բարերար Ռուբեն Վարդանյանի աջակցությունը:նը:

Ի դեպ, որևէ կուսակցության կազմում «Մայր Հայաստան» շարժման անդամների առաջադրման դեպքում ես ու ինձ նման ընդդիմադիր անձինք, բնականաբար, ձայն կտանք հենց իրենց: Բայց հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները դեռևս պաշտոնական մակարդակով չեն հայտարարել ավագանու ընտրությանը մասնակցելու մտադրության մասին: Իսկ քվեարկությանը, հիշենք, մնացել է 40 օրից պակաս ժամանակ: Ինչը, բնականաբար, չի նպաստելու ընդդիմադիր շարժման առաջընթացին: Այս ամենը հաշվի առնելով՝ վախենամ, որ շարժումը չզբաղեցնի առաջին հորիզոնականը: Եվ ոչ միայն առաջին հորիզոնականը, այլև ընդհանրապես չլուծի ավագանիում տեղ զբաղեցնելու խնդիրը: Ինչը նշանակում է, որ մեր կողմից տրված ձայները սկզբում փոշիանալու են, իսկ այնուհետև համասնորեն գումարվեն շեմը հաղթահարածների ձայներին: Կստացվի, որ ձայն տալով ընդդեմ Տիգրանի՝ օբյեկտիվորեն ավելացնելու ենք նրա ձայները: Ինչպես եղավ 2021 թ.-ի հունիսի 20-ին ընդդիմադիր մանր կուսակցություններին ձայն տվածների առումով: