Սերժ Սարգսյանը ցուցմունք տվեց․ «Ես ուրախ չեմ պաշտպանելու այն մարդուն, ով զրպարտել է ինձ, բայց իրականությունը դա է»

Սերժ Սարգսյանը ցուցմունք տվեց․ «Ես ուրախ չեմ պաշտպանելու այն մարդուն, ով զրպարտել է ինձ, բայց իրականությունը դա է»

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր նորքի 4-րդ զանգվածում գտնվող նստավայրում մեկնարկել է հերթական նիստը։ Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար։ Սարգսյանը մեղադրանքը չի ընդունում, իսկ նրա փաստաբանները պնդում են՝ նախկին նախագահի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Մեղադրանքը չեն ընդունում նաև այս գործով մյուս մեղադրյալները՝ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանը:

Ըստ Հատուկ քննչական ծառայության՝ 2013 թվականին Սերժ Սարգսյանը կազմակերպել է, որ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ և Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ Սերգո Կարապետյանը վատնի պետբյուջեից 15 միլիոն լիտր վառելիքի համար նախատեսված մոտ կես միլիարդ դրամ գումարը։ Նիստերի դահլիճ է ժամանել Բարսեղ Բեգլարյանը։ Սարգսյանը նույնպես մասնակցում է նիստին։ Սարգսյանին իր աջակիցները դահլիճում ծափերով դիմավորեցին։

Սերժ Սարգսյանը քիչ առաջ ցուցմունք տվեց դատարանում։

«Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը ճիշտ որոշում է կայացրել եւ եթե նա այդպիսի որոշում չկայացներ, ապա պատասխանատվություն կկրեր այն ժամանակ եւ ոչ թե հիմա»,- ասաց Սերժ Սարգսյանը։

«Ես առանձնապես ասելիք չունեմ, որովհետեւ դատաքննության ողջ ընթացքը հստակ ապացուցեց, որ Սերգո Կարապետյանը ճիշտ որոշում է կայացրել եւ եթե նա այդպիսի որոշում չկայացներ, ապա պատասխանատվություն կկրեր այն ժամանակ եւ ոչ թե հիմա: Շատ պարզ բան է տեղի ունեցել. այդ ծրագիրը կարող էին իրականացնել երկու ընկերություններ, եւ նա ընկերություններից ընտրել է այն ընկերությունը, որն ավելի ցածր գին է առաջարկել: Ես անկեղծ ասած ուրախ չեմ պաշտպանելու այն մարդուն, ով զրպարտել է ինձ, բայց իրականությունը դա է: Կարծում եմ՝ բոլորի համար էլ պարզ է դարձել, թե ինչու Սերգո Կարապետյանը մի քանի հարցաքննություններից հետո որոշել էր, որպեսզի այդպիսի ցուցմունք տա»,- հավելեց Սերժ Սարգսյանը։