ԲՀԿ-ն եւ «Իմ քայլը». կռիլովշչինա

ԲՀԿ-ն եւ «Իմ քայլը». կռիլովշչինա

Նիկոլ Փաշինյանն օրերս Լիլիթ Մակունցի միջից մի հանճարեղ միտք հանեց ԲՀԿ-ի վերաբերյալ: «Իմ քայլի» ղեկավար տիկինն անսպասելիորեն, բայց Նիկոլի խիստ ոճով հայտարարեց՝ ինչպես 2015 թվականին, այնպես էլ այժմ, ԲՀԿ-ն ինքնուրույն չէ, գործում է այլ ուժի ազդեցությամբ, որը կունենա վատ հետեւանք: Ուղղեք, եթե բառացի չստացվեց, բայց այս տեսքով հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ապաքաղաքական հաթաթա:

Ոճն էլ, ինչպես ասացի, նիկոլական է՝ «հեսա դու քո հալը կտենաս»: ԲՀԿ-ից, տեղի ունեցածին մի փոքր պատշաճություն հաղորդելու նպատակով, կանացի ձայնով են պատասխանել: Իվետա Տոնոյանն է շանթել Մակունցին, ասելով՝ թող ԲՀԿ-ն չխառնեն «Իմ քայլի» հետ: Անշուշտ, հաճելի է լսել, երբ կանայք են բանավիճում, բայց այսպիսի մի հարցով արժեր, որ բանավիճեին տղամարդիկ, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը:

Դիցուք, 2015 թվականին, երբ դարձյալ օրակարգում էր ԲՀԿ-ի՝ ուրիշի ազդեցության տակ գտնվելու մասին հարցը, ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի կողմից տղամարդիկ էին խոսում եւ տղամարդավարի: Սպառնալիքներն էլ տղամարդկային էին՝ կբամփենք, Ազատիչ, չագուչն էլ է քո ձեռքին, մեխն էլ… Չհիշեցնեմ՝ անհամ պատմություն էր: Ու հիմա այդ պատմությունը, կարծես, կրկնվում է, բայց արդեն ԲՀԿ-ի եւ «Իմ քայլի» մասնակցությամբ: Հարց է առաջանում՝ «Իմ քայլն» այդ քաշն ունի՞, որ ԲՀԿ-ին իր տեղը ցույց տա կամ, սպառնալով, հարկադրի չհամագործակցել քաղաքական ինչ-ինչ ուժերի հետ: Մյուս կողմից էլ՝ «Իմ քայլի» այս «նախաձեռնության» մեջ պարզորոշ զգացվում է Սերժ Սարգսյանի ձեռագիրը կամ, ավելի ստույգ, քաղաքական հակառակորդներին «կարգի» հրավիրելու մեթոդը, ինչը նույնպես պատիվ չի բերում հեղափոխական թիմին: Այսինքն ի՞նչ, ուրիշ բան չկարողացա՞ն մտածել, ԲՀԿ-ի հետ հաղորդակցվելու այլ ձեւ չկա՞ր արդեն, որ դիմեցին Սերժ Սարգսյանի «հակահեղափոխական» արսենալին:

2014-15 թվերին հայոց քաղաքական երկնակամարում Մակունցը փոքրիկ աղջիկ էր եւ 2020-ին պարզապես չէր կարող ինքնուրույն շարադրել այն միտքը, որ բարձրաձայնեց խորհրդարանում: Վերլուծաբանները հասկանում են, որ դա Նիկոլ Փաշինյանի դրդումով է եղել: Այն տարիներին Նիկոլ Փաշինյանը «խռով» էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ եւ չէր մասնակցում «Հրաշալի եռյակ» միության հանրահավաքներին: Փոխարենն ինչպես էր այդ հանրահավաքներին մասնակցում ԲՀԿ-ն, ինչպես էր մասնակցում… Գագիկ Ծառուկյանի այս ֆրազը, որով նա դիմեց Ազատության հրապարակում ծովացած բազմությանը, երբեք չի մոռացվի. «Ես այսօր ուրախ եմ, որ այսօր ձեզ հետ եմ»: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանն ինչ հարգանքով ու պատկառանքով էր խոսքը փոխանցում ԲՀԿ առաջնորդին՝ Գագիկ Ծառուկյանին, որին հայտարարել էր հայկական Իվանիշվիլի: Գագիկ Ծառուկյանն էլ «տակ» չմնաց: ԼՏՊ-ին ու Րաֆֆուն հրավիրեց կանյաչնի, նստացրեց ռոկոկո ոճի բազկաթոռների մեջ, պատիվներ տվեց՝ որպես եւ վայել էր «Հրաշալի եռյակի» «շոգեքարշին»: Ես ինձնից բառեր ու իրադարձություններ չեմ հորինում: Սա այն օրերի խոսակցության թեման էր, որն ավարտվեց հետհանրահավաքային մի շքեղ հրավառությամբ ճիշտ այն օրը, երբ Մինսկում ստորագրվում էր Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին միանալու պայմանագիրը: Ռուսամետ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը եւ նրանց միացած «ամերիկացի» Րաֆֆի Հովհաննիսյանն այդ օրը խորհրդանշում էին բազմաբեւեռ արտաքին քաղաքականություն վարող Հայաստանի՝ ես այսպես կասեմ՝ նշանակովի եւ օրվա կուրսին համահունչ ընդդիմությունը, որի անհրաժեշտությունը 2015 թվականին արդեն չկար: Այս երեք գործիչներն էլ սերժամետ էին, բայց չբերեց հատկապես Գագիկ Ծառուկյանի բախտը: Նրան ուղղակի ոչ ոք չէր ասել, որ Սերժ Սարգսյանի կողմից 2008-2009 թվականին երկխոսացված Լեւոն Տեր-Պետրոսյանն ու 2013 թվականին Ծիծեռնակաբերդում մոմ վառած Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի սերժամետ են, քան ինքը: Եվ խայտառակ դաշինքն այլ կերպ լուծարվել չէր կարող, քան մեկ այլ խայտառակությամբ, որի մասին էլ, ահա, ակնարկներ է անում Նիկոլ Փաշինյանը եւ սպառնում ԲՀԿ-ին:

Քաղաքականության մեջ ե՞րբ են սպառնում միմյանց: Սա հավին էլ է հասկանալի՝ երբ տագնապներ ունեն որեւէ բանից: Այս դեպքում նախահարձակը Փաշինյանն է, որը, ըստ երեւույթին, վախեցած է ԲՀԿ առաջիկա բազմամարդ հանրահավաքից, ինչի մասին խոսել էր Ծառուկյանը: Մակունց-փաշինյանական հայտարարությունից հետո սորոսական լրատվակայքերն իսկույն պատրաստվեցին թամաշայի՝ համոզմունք հայտնելով, որ ԲՀԿ-ի վիճակը նախանձելի չէ: Ես վերջիններիս հետ կհամաձայնեի, եթե հիմա լիներ 2019 թվականը, բայց հիմա մտածում եմ, որ Փաշինյանն իսկապես տագնապած է, այլապես խորհրդարանական երկրորդ ուժի հետ փոխհրաձգության համար կկարողանար գտնել առավել ընդունելի արտահայտչամիջոցներ: Արտահայտչամիջոցներն իրենց հերթին, բայց անսահման իշխանություն ունեցող Փաշինյանը, իր սովորության համաձայն, դարձյալ խուսափել է անուններ տալուց: Այդ ո՞ր ուժի ազդեցության տակ է ԲՀԿ-ն՝ նա չի ասում, այլապես պարզ կդառնար, որ հատկապես այդ ուժի եւ ԲՀԿ-ի համագործակցությունից է վտանգ զգում իշխանությունը: Սրանից ես կարո՞ղ եմ, արդյոք, ենթադրել, որ Հայաստանում վերջապես ձեւավորվել կամ տակավին ձեւավորվում է մի ընդդիմադիր բեւեռ, որից վախենում են «Հայաստանում ընդդիմություն չկա» հանրահայտ ապուշության հեղինակները: Ավելին՝ սրանից ես կարո՞ղ եմ արդյոք հետեւություն անել, որ հեղափոխությունը պաշտպանած, հեղափոխության հաղթանակում իր ներդրումն ունեցած քաղաքական ուժն այսօր, հիասթափված այդ հեղափոխությունից եւ դրա արդյունքում իշխանության եկած կառավարիչներից, համագործակցություն է փնտրում «հին համակարգի» ուժերի հետ:

Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Արթուր Վանեցյան… Տեսնես նշվածներից ո՞ւմ ազդեցության տակ է ԲՀԿ-ն: Երեք անհայտով այս հավասարման լուծումն են փնտրում երկրում երկիշխանություն հաստատած սորոսական լրատվակայքերն ու «վերլուծաբանները»՝ զարգացնելով այն միտքը, թե ում հետ էլ համագործակցի ԲՀԿ-ն, լինելու է երկրորդ համարով: Պետք է ասեմ, որ քաղաքական ուժերի համագործակցությունը թվերի սանդղակով պատկերացնելն արդեն իսկ սխալ մոտեցում է, եւ մեծ է հավանականությունը, որ կարող ես չնկատել այդ համագործակցության բուն նպատակներն ու գործիքակազմերը: Ցանկացած համագործակցություն, ի վերջո, ենթադրում է նաեւ կողմերի միջեւ դերաբաշխում եւ ընդհանուր գործի հանդեպ հավասար պատասխանատվություն: Փորձեք, օրինակ, համարակալել ՀՅԴ-ԲՀԿ-«Հայրենիք» համագործակցության մասնակից քաղաքական ուժերին եւ անընդհատ կստանաք շատ ծիծաղելի պատկեր՝ իրականությանը չհամապատասխանող: Նման մոտեցման պարագայում նույնն է լինելու իրավիճակը նաեւ այն համագործակցություններում, որոնց կփորձեն մասնակցել Փաշինյանը եւ «Իմ քայլը»: Ո՞ր համարով, օրինակ, Փաշինյանը կկարողանա «համագործակցել» Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Չէ, սա մի քիչ շատ կլինի: Վերցնենք ՀԱԿ-ը: Փաշինյանը կարո՞ղ ՀԱԿ-ի հետ առաջին համարով համագործակցել, եթե հայտնի է, որ Լեւոն Զուրաբյանն իր մեկ հայտարարությամբ կարողանում է «օդերով» հանել թավշյա առաջնորդին: Այսօր Փաշինյանի հետ առաջին համարով են համագործակցում բոլոր ազգային խայտառակությունները՝ սկսած օտարերկրյա գործակալներից եւ վերջացրած անկապ նախարարներով, որոնցից իշխող քաղաքական թիմն ուղղակի ձերբազատվել չի կարողանում: Համարակալեք, խնդրեմ…

Ամփոփելով վերն ասվածը՝ նաեւ նշենք, որ մեր կյանքում քիչ չեն այնպիսի դեպքերը, որոնք ռուս հայտնի գրող Կռիլովը բյուրեղացրել է փղի եւ փոքրիկ շնիկի մասին իր հայտնի առակի մեջ: Ոչ ոք ինձ չի կարող համոզել, որ «Իմ քայլը»-ԲՀԿ, իսկ ավելի կոնկրետ՝ Փաշինյան-Ծառուկյան հակամարտության մեջ «փիղը» Փաշինյանն է: Եվ, ուրեմն, մի տեղից, իսկ ես կարծես գլխի եմ ընկնում, թե որ տեղից, Փաշինյանին հրել են՝ այսպիսի բան ասել, դե, նա էլ Մակունցի բերանով ասել է՝ առանց երկար-բարակ մտածելու: Եվ տեսեք, թե ինչն է կարեւորում դեպքին ականատես մեր հասարակությունը՝ կեցցե Նիկոլը, էս ինչ ա անում ԲՀԿ-ին, էս ինչ ա անում…

ՀԳ. Մնացածի մասին՝ հաջորդ դասին, եթե, իհարկե, Մակունցի հայտարարությանը գործողություններ հետեւեն: