Հիմա էլ համոզված եմ, որ մի գիշերում չի կարելի ստորագրել մի բան, որը չես բանակցել

Հիմա էլ համոզված եմ, որ մի գիշերում չի կարելի ստորագրել մի բան, որը չես բանակցել

«Հրապարակի» հարցազրույցն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանի հետ

- Յոթ տարի առաջ այս օրերին՝ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին, Եվրամիության հետ ասոցացման շուրջ 2․5 տարի բանակցող Սերժ Սարգսյանն անսպասելի հայտարարեց, որ Հայաստանը միանում է Մաքսային միությանը։ Դուք ժամանակին դեմ էիք այդ որոշմանը, հիմա, երբ հետահայաց նայում եք, արդարացվա՞ծ էր այդ որոշումը, թե՞ ոչ։

- Ես հիշում եմ իմ հարցազրույցները, Դուք էլ կարող եք նայել, մենք չէինք ասում ուղղակի ձեւով՝ ԵԱՏՄ, թե Եվրամիություն։ Եվրամիության հետ, ազատ գոտու հետ կապված այդ համաձայնագիրը Հայաստանը բանակցում էր 3 տարուց ավելի։ Եվ ես անձամբ մի փուլի մասնակցել եմ (որպես ՀԿ սեկտորի ներկայացուցիչ), երբ մենք քննարկում էինք լաբորատորիաների, սերտիֆիկատների հարցը։ Այսինքն՝ բոլոր հարցերը 3 տարվա մեջ քննարկվել են, եւ փաստաթուղթը քննարկված էր, Հայաստանը դրանում նաեւ իր շահերն էր ներկայացնում, եւ ԵՄ-ն էլ՝ թե ինչպես Հայաստանի հետ կարգավորի հարաբերությունները։ Երբ մենք ասում էինք՝ չի կարելի մի օրում, մի գիշերում գնալ եւ փաստաթուղթ ստորագրել, նշանակություն չունի՝ այդ փաստաթուղթը ԵԱՏՄ-ի՞ հետ է, թե Եվրամիության, թե ՆԱՏՕ-ի, թե ՀԱՊԿ-ի։ Խոսքն այն մասին է, որ չի կարելի ստորագրել փաստաթուղթ, որը նախապես քննարկված չէր։ Եվ բոլոր այդ խնդիրները, կապված չքննարկելու հետ, ի հայտ են եկել հետագայում՝ հենց անմիջապես Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ։ Օրինակ՝ եթե չեմ սխալվում, առաջին խնդիրը կապված էր մի քանի հազար ապրանքատեսակների հետ, որոնց հարկային եւ մաքսային հարկը Հայաստանը խնդրել էր, որ հետաձգվի։ Եվ հետագայի ողջ ընթացքը, այդ թվում եւ՝ մեր իշխանության օրոք, ԵԱՏՄ-ի որոշ չկարգավորված հարցերն արդեն բացահայտ էին։ Նկատի ունեմ, որ երբ մտնում ես մի համակարգ՝ տնտեսական, քաղաքական, ռազմական, պետք է նախապես բանակցես եւ ներկայացնես քո շահերը եւ փորձես դրանք ամրագրել փաստաթղթի մեջ։ Սրա մասին էր խոսքը, եւ հիմա էլ, առավել եւս՝ հիմա, համոզված եմ, որ մի գիշերում չի կարելի ստորագրել մի բան, որը չես բանակցել, եւ որտեղ քո շահն ու կարգավորումը ներկա չեն։ 

- 2013-ից 3 տարի անց եղավ ապրիլյան պատերազմը, այս տարի՝ հուլիսյան դեպքերը։ Որքան գիտեմ՝ տնտեսական շահն առանց քաղաքականի չի լինում, ամեն ինչ փոխկապակցված է։ Այս բոլոր իրադարձությունները, այնուամենայնիվ, չեկա՞ն ապացուցելու, որ որոշումը ճիշտ էր։ Նաեւ Ադրբեջանն է Ռուսաստանի հետ աննախադեպ կոշտ խոսում՝ Հայաստանին սպառազինություններ մատակարարելու համար։

- Մեկը մյուսի հետ որեւէ կապ չունի։ Եկեք արձանագրենք, որ Հայաստանը կարողացավ իր ուժերով դիմագրավել Ադրբեջանին։ Հիմնականում։ Թե՛ ապրիլյան պատերազմի, թե՛ հուլիսին տավուշյան դեպքերի ժամանակ, եթե Հայաստանի պաշտպանական համակարգը չկարողանար, ունակ չլիներ պահելու հակառակորդի այս ոտնձգությունները, այնտեղ քաղաքական եւ հետագայում դիվանագիտական քայլերն ուշացած կլինեին եւ էֆեկտիվ չէին լինի։ Ես սրա համար եմ ասում՝ սրանք երկու տարբեր բաներ են։ Մենք, բոլոր դեպքերում, մեր ուժերով կարողացանք կասեցնել Ադրբեջանին։

- Բայց չէ՞ որ այդ սպառազինությունները, որ էժան գնով ձեռք ենք բերում, ոչ միայն այն պատճառով է, որ ՀԱՊԿ-ում ենք, այլեւ ընդհանուր՝ եվրասիական ինտեգրման համակարգի։ 

- Ես չգիտեմ ինչ գնով․․․ գների մասին մենք չենք խոսում։ Հայաստանը ձեռք է բերում ե՛ւ անհրաժեշտ զենքը, ե՛ւ ռազմամթերքը այն տեղից, որը հնարավոր է եւ որը բավարարում է մեր անվտանգության կարիքները։ Սա է։ Հիմա Ադրբեջանը որ դաշտում է գտնվում, ինչ է վերցնում կամ ինչ պրետենզիաներ է ներկայացնում՝ դա առանձին խնդիր է։

- Սերժ Սարգսյանն ասաց, որ Փաշինյանի ասածը, որ ապրիլյանը հրահրվել է ՌԴ-ի կողմից, տգիտություն է, քանի որ ՌԴ-ն մեզ 50 հազար տոննա անվճար սպառազինություն է տրամադրել։

- Չեմ ուզում մեկնաբանել Սերժ Սարգսյանի այդ ասուլիսը, որովհետեւ ես այն համարում եմ ոչ միայն անհեթեթ, այլեւ վնասակար Հայաստանի համար։ Եվ ավելի վնաս եմ համարում քննարկելն ու մեկնաբանելը, որովհետեւ, եթե սկսենք խորանալ, այնտեղ հարցեր կան, որոնք չի կարելի բարձրաձայնել։ Եվ այնպես, ինչպես ամերիկյան ֆիլմերում են ասում՝ դու կարող ես լռել, որովհետեւ ցանկացած խոսք, որը կասես, կուղղվի քո դեմ։ Սերժ Սարգսյանն այդ թեմայով չպետք է խոսեր։ Առավել եւս՝ մենք չենք կարող դա մեկնաբանել։ Դա ակնարկվեց նաեւ Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից։