Միքայել Մինասյանը՝ Աշխաբադում Ալիեւի ելույթի մասին

Միքայել Մինասյանը՝ Աշխաբադում Ալիեւի ելույթի մասին

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով Աշխաբադում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթին, գրում է․

«Ադրբեջանի նախագահի ելույթը Աշխաբադում տեղի ունեցած ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին, հանդիսանում է տրամաբանական շարունակությունը այն իրադրության, որը ձեւավորվել էր անցյալ շաբաթ Սոչիում, «Վալդայ» ակումբի նիստի ժամանակ։ Փաստացի Սոչիում Իլհամ Ալիեւը թույլ է տվել իրեն Հայաստանի դաշնակից եւ ռազմավարական գործընկեր պետության ղեկավարի ներկայությամբ, ով նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասով, միակողմանի կերպով, առանց հակամարտության մյուս երկու կողմերի՝ Հայաստանի եւ Արցախի ներկայացուցիչների ներկայության, անել կեղծ, մանիպուլյատիվ եւ ուլտիմատիվ հայտարարություններ։ Արդյունքում, Ալիեւը այն մտայնությանն էր եկել, որ իրեն ամեն բան թույլատրված է, ու արդեն այսօր թույլ է տվել իրեն մեղադրել ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ներկայությամբ՝ ֆաշիզմի հերոսացման մեջ, պայմանավորված Երեւանում Գարեգին Նժդեհի արձանի կանգնեցման հետ։ Պատահական էր արդյոք Ալիեւի այդ կեցվածքը։ Իհարկե ոչ։ Նախ, ինչպես արդեն նկատեցի, Ալիեւին թվացել է, որ Հայաստանի ղեկավարության կոպիտ, երբեմն էլ աններելի սխալները կապված ներքին եւ արտաքին քաղաքականության հետ, որպես հետեւանք, որոշակի նյարդ են, որին դիպչելով, նա կարող է ցինիկաբար սեպ խրել երկու դաշնակիցների միջեւ, մոռանալով, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կապերը շատ ավելին են, քան այսրոպեական իրողությունները, ներառյալ նաեւ էմոցիաներն ու այլ առաջնորդների քայլերը։ Ի դեպ, սրա մասին ոչ մի ակնթարթ չպետք է մոռանան նաեւ մեր ռուս գործընկերներն ու բարեկամները։ Հակառակ պարագայում, նույնիսկ լռությունն ինչ որ տեղ կարող է հավանության եւ կրկնվելու հնարավորություն տան։ Երկրորդ, Ալիեւը ընտրել է մի թեմա, որը որոշ ժամանակ առաջ ակտիվորեն եւ բավական ոչ կոմպետենտ ու ոչ-մասնագիտական կերպով քննարկվել է ռուսական մամուլում եւ գտել է, որ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը կարող է հարմար հարթակ լինել Հայաստանի հասցեին այս հարցով մեղադրանքներ հնչեցնելու համար։ Հասկանալով մեր ռուս գործընկերների մոտ եղած զգայունությունը, կապված Երկրորդ աշխարահամարտի ժամանակ Նժդեհի գործունեության հետ, հարկ եմ համարում հիշեցնել, որ նա բացառիկ պատմական դերակատարություն է ունեցել Հայ ժողովրդի համար 1918-21 թթ։ Հենց նրա հերոսական պայքարի շնորհիվ է, որ Զանգեզուրն ու Սյունիքը մնացին հայկական , իսկ պանթյուրքական գաղափարախոսներին չհաջողվեց հասնել իրենց նպատակին՝ միավորել Թուրքիան Ադրբեջանի եւ մյուս թյուրքալեզու տարածքների հետ։ Սա կարեւոր ձեռքբերում է ոչ միայն Հայ ժողովրդի համար, այլ նաեւ ողջ տարածաշրջանի։ Ահա թե ինչու Հայ ժողովրդի համար Գարեգին Նժդեհը հերոս է։ Սա հայտնի փաստ է խնդրի գիտակների համար, իսկ ժամանակակից աշխարհաքաղաքական իրողությունները, ասվածի լավագույն ապացույցն են»։