Ինչի մասին են խոսելու Պուտինն ու Էրդողանը․ երեւի գազի, Ղարաբաղի եւ հայ-թուրքական հարաբերությունների

Ինչի մասին են խոսելու Պուտինն ու Էրդողանը․ երեւի գազի, Ղարաբաղի եւ հայ-թուրքական հարաբերությունների

Արդեն հայտնի է, որ հաջորդ շաբաթ՝ չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 29-ին, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մեկօրյա աշխատանքային այցով լինելու է Ռուսաստանում, որտեղ հանդիպում է ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նախօրեին Կրեմլի խոսնակը որոշ մանրամասներ է ներկայացրել այդ հանդիպման բովանդակային կողմից։ «Բանակցությունների օրակարգը կլինի ամենալայնը ՝ սկսած երկկողմ հարաբերություններից, և այս հարաբերությունները շատ բազմակողմանի են, նախագահները միշտ այս համատեքստում խոսելու բան ունեն»,-ասել է Պեսկովը, հավելելով, որ հանդիպմանը անդրադարձ կկատարվի նաև Սիրիային և տարածաշրջանային այլ հակամարտություններին։ Սիրիական խնդիրն իհարկե, առաջնայինն է լինելու, սակայն դատելով մի կողմից Պեսկովի կողմից այս մանրամասների հայտնելու փաստից, եւ մյուս կողմից էլ՝ ռուս-թուրքական հարաբերությունների մասով ռեգիոնալ եւ միջազգային մամուլում որոշ տեղեկատվության առկայության փաստից, կարող ենք ասել, որ սեպտեմբերի 29-ին, ամենայն հավանականությամբ Սոչիում տեղի ունենալիք հանդիպմանը քննարկվելու են հետեւյալ հարցերը․

• Ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունների մասով, թերեւս կքննարկվի գազի մատակարարումների հարցը։ Հիշեցնենք, որ այսօր հայտնի է դարձել, որ Թուրքիայի էներգետիկայի փոխնախարար Ալփարսլան Բայրաքթարը Gastech միջազգային կոնֆերանսի կուլուարներում հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է ավելացնել Ռուսաստանից եւ Ադրբեջանից մատակարարվող գազի ծավալները եւ բանակցություններ է վարում այս երկու երկրների հետ, հատկապես, որ ռուսական գազային հսկայի՝ «Գազպրոմի» հետ Անկարայի ունեցած պայմանագրի գործողության ժամկետն այս տարեվերջին լրանում է եւ չի բացառվում, որ այն ոչ միայն փոխարինվի նոր պայմանագրով, այլ նաեւ նոր պայմանագրում մատակարարման ծավալներն ընդլայնվեն։ Իհարկե սա առաջին հայացքից զուտ կոմերցիոն հարց է, սակայն հաշվի առնելով, որ նախ ռուսական նավթագազային ոլորտը համարվում է ռուսական տնտեսության համակարգաստեղծ ոլորտ եւ գտնվում է պետության վերահսկողության ներքո, որպես ռազմավարական բացառիկ կարեւորության ոլորտի, եւ բացի այդ, այն, որ էներգակիրները վաղուց արդեն դարձել են միջպետական, միջազգային քաղաքականության եւ գեոպոլիտիկայի բաղադրիչ, այս հարցն անշուշտ կքննարկվի երկու նախագահների կողմից։

• Քանի որ Պեսկովը նշել է, որ կխոսվի նաեւ ռեգիոնալ այլ հակամարտությունների մասին, ապա կարող ենք ասել, որ Ղարաբաղյան կարգավորմանը անդրադարձ կլինի անշուշտ, հատկապես, հատկապես, որ Աղդամի մոնիթորինգային ռուս-թուրքական կենտրոնի թուրքական հատվածում նոր հրամանատար կա նշանակված եւ բացի այդ, հաշվի պետք է առնել նաեւ Էրդողանի վերջին հայտարարությունը կապված հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման համար այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» բացման նախապայմանի առաջ քաշումը։

• Բնականաբար նաեւ անդրադարձ կկատարվի հայ-թուրքական հարաբերություններին, այդ համատեքստում՝ Վրաստանի վարչապետի միջնորդությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Էրդողանի հետ հանդիպելու վերաբերյալ ներկայացրած առաջարկին։ Այստեղ ինտրիգը հետեւյալն է լինելու՝ Նիկոլ Փաշինյանը ինքնագլուխ կերպով է նման առաջարկ արել, թե օրինակ Մոսկվայի ցուցումով։ Այս հանդիպումից հետո, այս հարցում որոշակի «պարզաջրում» կլինի։ Եթե հայ-թուրքական ուղղությամբ ազդակների փոխանակումը շարունակվեց, ու այդ շարունակումը դրական դինամիկայի հունով ընթացավ, ուրեմն որոշակի փոխպայմանավորվածություն կա։ Հատկապես, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ռուսական կողմի «քավորությամբ» էականորեն ավելացնելու է ռուս-թուրքական հարաբերություններում ռուսների քաղաքական-դիվանագիտական դիվիդենդները։

Կարեն Ենգիբարյան