Մեր բախտը չի բերել

Մեր բախտը չի բերել

Երկրագնդի վրա դադարել են գործել բոլոր նախկին կանոններն ու պայմանավորվածությունները: Միջազգային կառույցների որոշումները, մարդու իրավունքների կոնվենցիաներն ու համաձայնագրերը դարձել են դատարկ թղթի կտորներ: Դադարել են գործելուց այնպիսի հեղինակավոր կազմակերպություններ, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, անվտանգության խորհուրդներն ու համակարգերը: Պետությունները կամայականորեն հրաժարվում են իրենց իսկ կնքած պայմանագրերից ու խոստումներից:

Նոր ալյանսներ են ձեւավորվում, հները քանդվում են, տասնամյակներով, անգամ` հարյուրամյակներով ձեւավորված կառույցները թղթե տնակի նման փլվում են` իրենց փլատակների տակ թողնելով հազարավոր մարդկանց, անգամ` ժողովուրդների: Բնական է, որ նման խառնակ ժամանակներում ամենից շատ տուժում են փոքր ժողովուրդները, թույլ պետությունները, որոնց պաշտպանվածության լավագույն ձեւն անվտանգային հզոր համակարգերին անդամակցելն է, միջազգային կառույցների մեջ լինելը, որը զսպող դեր է խաղում ագրեսոր պետությունների համար:

Այս համակարգերի, անվտանգային պարտավորությունների հստակ գործելու շնորհիվ է, որ աշխարհում գոյություն ունեն եւ անգամ բարգավաճում են փոքրիկ, գաճաճ պետությունները, քաղաք-պետությունները, որոնք ո՛չ հզոր բանակ ունեն, ո՛չ թշնամիների բարբարոսական հարձակումներից պաշտպանվելու կուռ համակարգեր: Պարզ է, որ ԱՄՆ-ի, Չինաստանի, Ռուսաստանի նման հզոր պետությունների հարեւանությամբ գտնվող փոքր պետությունները կարող են մի քանի ժամվա ընթացքում իրենց հզոր հարեւանների կողմից կլանվել, եթե այդ համակարգերը չգործեն: Այսօր այդ համակարգերը մեր աչքի առաջ ոչնչանում են: Եվ կարողանալու է գոյատեւել այն ժողովուրդը, որը խելացի, ճկուն, հմուտ իշխանություն ունի: Ցավոք, մեր բախտն այդ առումով չի բերել: