Ոչ մի կերպ չհաշտվելով պարտության հետ՝ ՔՊ ավագանու անդամները մշտապես արհեստական խոչընդոտներ են ստեղծում

Ոչ մի կերպ չհաշտվելով պարտության հետ՝ ՔՊ ավագանու անդամները մշտապես արհեստական խոչընդոտներ են ստեղծում

2021 թվականի դեկտեմբերի 5-ին Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքում անցկացված ավագանու ընտրությունների արդյունքում «Ախուրյան» դաշինքը ստացել էր 3854, «Հաղթանակ» դաշինքը՝ 2810, իսկ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը՝ 6195 ձայն: Օրենքի սահմաններում, երկու ընդդիմադիր դաշինքները միավորվել եւ իրենց վստահված 6664 ձայներով ստանձնել են Ախուրյանի կառավարումը:

Ոչ մի կերպ չհաշտվելով պարտության հետ՝ ՔՊ ավագանու անդամները մշտապես արհեստական խոչընդոտներ են ստեղծում համայնքապետարանի աշխատակազմի լիարժեք աշխատանքներին ու համայնքի բնականոն զարգացմանը:

Օրինակները բազմաթիվ են.

2022 թվականի տարեվերջին ՔՊ ավագանին առանց որևէ հստակ հիմնավորման տապալեց համայնքի 2023 թվականի բյուջեի նախագիծը, ինչը ենթադրում էր, որ չեն աշխատելու մանկապարտեզները, ենթակառուցվածքները, աշխատակազմն էլ աշխատավարձ չի ստանալու: Նիստի ուղիղ եթերի տեսագրությունից կարող եք տեսնել, թե ինչպես են ավագանու ՔՊ անդամներն առանց թաքցնելու ասում, որ բյուջեի նախագիծը չեն հաստատում միայն քաղաքական դրդապատճառներով: Ըստ նրանց նախգծին դեմ են արտահայտվում, որովհետև համայնքի ղեկավարը իրենց ուզած մարդը չէ: Ընդդիմադիր խմբակցության ղեկավարի՝ Շիրակի փոխմարզպետ Ալբերտ Այվազյանի հիմնավորումն էլ այն է, որ ընտություններում իրենց աջակցող մարդկանց, ում աշխատատեղ էին խոստացել, ոչ մեկին գործող համայնքապետը աշխատանքի չի ընդունել:

Ընդդիմադիր խմբակցությունը 2023 թվականի մարտի 16-ի ավագանու նիստի ժամանակ 2022 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը չընդունելու և նիստը տապալելու ևս մեկ փորձ արեց, հաջողելու դեպքում կարող էին պահանջել համայնքապետի հրաժարականը: ՔՊ խմբակցությունը նիստին չմասնակցեց, քվորում չապահովելու դիտավորությամբ էլ անսպասելի համայնքապետարան եկած իրավապահ մարմինները փորձ արեցին որոշակի պարզաբանումներ ստանալու պատրվակով ոստիկանական բաժանմունք հրավիրել «Ախուրյան» դաշինքի անդամներից մեկին: Այս անգամ ևս համայնքի աշխատանքները պարալիզացնելու փորձը տապալվեց:

Կոչ ենք անում ընդդիմադիր խմբակցությանը արժանապատիվ կերպով ընդունել պարտությունը և քաղաքական ամբիցիաներն ավելի վեր չդասել համայնքի բնականոն զարգացումից:

ՀԳ. Մինչև օրս ընդդիմադիր ավագանու անդամները ո՛չ մի նախագիծ չեն բերել քննարկման:

Ախուրյանի համայնքապետարան