Արծրունի եւ տեղեկագրերի մասին

Արծրունի եւ տեղեկագրերի մասին

Պատերազմի առաջին օրերին, հերոսների հետ մեկտեղ, ինքնաբերաբար ծնվեցին նաեւ «աստղեր»։ Բոլորս հիշում ենք, թե ինչպես առաջին իսկ օրից փայլատակում էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի աստղը․ 10 միլիոն հայ հմայված էր այդ մարդու կերպարով։ Շատ արագ վրա հասավ նաեւ ՊՆ ներկայացուցիչ (թեեւ այդպես անհայտ էլ մնաց՝ որտե՛ղ «ներկայացուցիչ») Արծրուն Հովհաննիսյանի աստեղային ժամը։ Ճարտարախոսությամբ առանձնապես աչքի չընկնող այդ մարդը ստանձնեց պատերազմական ժամանակագրությունը ներկայացնողի դերը։ Մարդիկ արագ հմայվեցին նոր «աստղով»՝ մտքի ծայրով իսկ չանցկացնելով, որ դերից բացի նա նաեւ դերակատարություն է ստանձնել։ Պատերազմի իրական դեմքը թաքցնելու, իրերի իսկական դրությունը մարդկանցից սքողելու դերակատարություն։

Ուրիշ ի՞նչ կարելի է ասել մեկի մասին, ով ներկայանում էր իբրեւ ռազմական գործի գիտակ, հարցազրույցներում՝ նույնիսկ պատերազմական նորագույն մարտավարությունների «նեղ» մասնագետ, բայց այդ «պրոֆեսիոնալիզմի» տակ անընդհատ, 40 օր հանրությանը մատուցում էր պաթոսով շաղախված կեղծ, ապակողմնորոշող տեղեկատվություն։ Պաթոսը՝ հասկացանք, պաթոսը՝ ընդունեցինք, պաթոսով՝ նույնիսկ տարվեցինք-խանդավառվեցինք, բայց մեզ արդյո՞ք պետք էին կեղծիքն ու սուտը։

Արծրունը հաստատ պետական քարոզչամեքենայի զոհերից չէ․ նա այդ մեքենայի պտուտակիցներից մեկն էր։ Որովհետեւ անհնար է պատկերացնել, որ երկու տասնամյակ զինված ուժերում ծառայած, երկար տարիներ ՊՆ մամուլի քարտուղար աշխատած, տասնյակ ռազմագիտական հոդվածների հեղինակ, զինվորական կոչումով փոխգնդապետ մարդը կարող էր այնքա՛ն չհասկանալ պատերազմական իրավիճակից, որ պատերազմի դաժան գույները ներկայացներ սիրողական սաղրիկ ռոմանտիկայով։  Ուրեմն՝ նա հազիվ թե մոլորյալ էր։ Այնպես որ, երբ ՊՆ «ներկայացուցիչը» բանը ներկայացնում է այնպես, թե ամբողջ պատերազմի ընթացքում իր տեղեկատվությունները կառուցել է ՀՀ ԶՈՒ ԳՇ-ից եւ ԱՀ ՊԲ-ից ստացված տեղեկագրերի վրա, հետեւաբար՝ չի կեղծել, դա մի նոր ապատեղեկատվություն է, որովհետեւ ԳՇ-ն ու ՊԲ-ն չէին կարող այնպիսի ապատեղեկատվություն, ասել է թե՝ կեղծիք եւ սուտ ներառել իրենց տեղեկագրերում (որ իրենով իսկ ռազմական հանցագործություն է), որ Արծրունը դրանք «կարդար» միայն այնպես, ինչպես հաճո էր հանրությանը։ Արծրունը՝ ինքը, ռազմարվեստի տեսանկյունից անհուսալի բոբիկ չէր՝ տեղեկագրերն այդքան սխալ «կարդալու» համար։

․․․Իր ֆեյսբուքյան էջում երբեմնի «աստղը» խոսում է առաջիկայում իրեն գիտությանը նվիրելու որոշման մասին։ Բնականաբար՝ ռազմարվեստի ուղղությամբ։ Հաջողություն նրան գիտական աշխատանքներում, բայց նաեւ մի փոքրիկ հորդոր․ ի սեր աստծու, չգրեք 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերի հայ-թուրքական պատերազմի պատմությունը․ Դուք արդեն ապացուցել եք, որ դա անել ի վիճակի չեք։