Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամ է հայտնաբերվել 23 երկրներում

Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամ է հայտնաբերվել 23 երկրներում

COVID-19 «օմիկրոն» շատմը հայտնաբերվել է 23 երկրներում և շարունակում է տարածվել, ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«ԱՀԿ հինգ տարածաշրջանների առնվազն 23 երկրներ հայտնել են նոր շտամի հայտնաբերման մասին: Եվ մենք հավատում ենք, որ նրանց թիվը կաճի», – ճեպազրույցում ասաց ԱՀԿ ղեկավարը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) դեռ չունի հաստատված տեղեկություն, որ «օմիկրոն» շտամով վարակվելիս հիվանդությունը զարգանում է ավելի ծանր ձևով, քան կորոնավիրուսի այլ տարբերակների դեպքում։ Այս մասին ասվում է ԱՀԿ-ի կողմից կիրակի օրը հրապարակված հաղորդագրությունում․ «Նախնական տվյալները ցույց են տալիս, որ Հարավային Աֆրիկայում հոսպիտալացման ավելի բարձր մակարդակ կա, բայց դա կորող է պայմանավորված լինել վարակվածների թվի ավելացմամբ, և ոչ թե բուն «օմիկրոնով» վարակվելու հետևանքով»։

ԱՀԿ-ն հայտարարել է նաև, որ այս պահին տեղեկություններ չկան այն մասին, թե «օմիկրոնով» վարակվելու ախտանիշները տարբերվում են այլ շտամներով վարակվելու ախտանիշներից։ Պարզ չէ նաև, թե արդյոք նոր շտամն ավելի վարակիչ է կորոնավիրուսի այլ տարբերակների համեմատ, ներառյալ «դելտայից»: Ինչպես պարզաբանել է կազմակերպությունը, կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է Հարավային Աֆրիկայի այն շրջաններում, որոնք տուժել են «օմիկրոն» շտամից։ Այնուամենայնիվ, այս պահին չկան ուսումնասիրությունների վերջնական արդյունքներ, որոնք հստակ ցույց կտան, որ այս աճը տեղի է ունեցել հենց նոր շտամի պատճառով, և ոչ այլ գործոններով պայմանավորված:

Նախնական տվյալները վկայում են, որ ավելի վաղ COVID-19-ով վարակված մարդկանց մոտ կարող է բարձր լինել կորոնովիրուսի նոր՝ «օմիկրոն» հիմնամանրէով վարակվելու վտանգը: Առավել մանրամասն տեղեկությունը հասանելի կլինի առաջիկա օրերին և շաբաթներին: