Այսօր Վարդավառն է. ի՞նչ խորհուրդ ունի այս տոնը

Այսօր Վարդավառն է. ի՞նչ խորհուրդ ունի այս տոնը
Վարդավառ

Այսօր՝ հուլիսի 28-ին, Հայաստանում նշում են Վարդավառը : Hraparak.am-ը ներկայացնում է, թե որտեղից է գալիս այս տոնը և ինչ խորհուրդ է իր մեջ կրում:

Վարդավառը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է: Այն այլ կերպ անվանում են նաև Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Այլակերպության տոն, քանի որ այն Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակի օրն է, որն ըստ ավանդության տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա, երբ Քրիստոսն իր աշակերտներին «ներկայացավ» արդեն որպես տիրոջ զավակ: Հայ Առաքելական եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպության տոնը նշում է Զատկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։

Քրիստոսի Պայծառակերպությունը ժողովրդական լեզվով անվանում են նաև Վարդավառ` Տիրոջը վարդի հետ համեմատելու պատճառով: Վարդավառ բառը տարբեր իմաստներով է ստուգաբանվում, որոնք բոլորն էլ բնութագրում են տոնը, ինչպես նաև՝ մատնանշում դրա խորհուրդները: Մի տարբերակով «վարդավառ» բառը կազմված է վարդ (ուարդ)-ջուր և վառ-սրսկել, լվանալ արմատներից, նշանակում է ջրցանություն, որը կազմում է տոնական արարողակարգի գլխավոր մասը: Որոշ հեղինակների կարծիքով էլ՝ այն նշանակում է «կրակավառ», «հրավառ»: 

Ինչպես ավանդական բոլոր տոները, Վարդավառը իր մեջ նաև պտղաբերության խորհուրդն է կրում: Այդ մասին է վկայում Նախիջևանում ընդունված «խնդում տօքի» սովորույթը. նշանված աղջիկները մի ամանում ցորեն կամ գարի էին ծլեցնում, հետո այդ ամանի մեջ թևավոր մի փայտ էին ամրացնում, այն զարդարում խնձորով, մանր վարունգով ու վարդերով, որից հետո մի տարեց կին «խնդումը» պտտեցնելով տանում էր հրապարակ: Դրա շուրջը հանդիսականները պարում էին, վերջում բաժանում մրգերն ու ծաղիկները: Տարեց կինը, որոշ հետազոտողների կարծիքով, մարմնավորում էր Անահիտ աստվածուհուն, որը հովանավորում էր պտղաբերությունը և տոնի օրը առաջին անգամ խնձոր կամ տանձ (որոնք կոչվում էի վարդավառյան) ուտելու երևույթը նրան սիրաշահելու խորհուրդն էր պարունակում:

Վարդավառը Հայաստանում ժողովրդի ամենասիրելի ամառային տոներից մեկն է։ Այդ տոնին հանրապետության մայրաքաղաքում և մարզերում բոլորն են սպասում` փոքրից մեծ, քանի որ այդ օրը երեխաներին թույլ է տրվում անարգել բոլորին ջրել` երբ ցանկանան, իսկ մեծերը, թեկուզ մեկ օրով, կարող են կրկին վերադառնալ մանկություն։

Ժողովրդի մեջ Վարդավառի օրը, բացի ջուր ցողելոց, ընդունված է աղավնիներ բաց թողնել, որը խորհրդանշում է ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն, որը նա երեք անգամ բաց է թողել տապանից։