Նրանք մարդիկ են, որոնք զբաղեցրել են ինչ-որ պաշտոններ, հետո չեն զբաղեցրել

Նրանք մարդիկ են, որոնք զբաղեցրել են ինչ-որ պաշտոններ, հետո չեն զբաղեցրել

Ֆիննախն ու ՊԵԿ-ը՝ որպես «քույր կառույցներ», վերջին շրջանում կարծես հայտնվել են սառը պատերազմում։ Սրանցից մեկը քաղաքականություն մշակող մարմին է, մյուսը՝ իրականացնող, ու հենց այդ մշակման ու իրականացման միջակայքում, երբ ինչ-որ խնդիր է առաջանում, անմիջապես սկսում են մեկը մյուսի վրա գցել։ Սառը պատերազմն էլ հիմնականում արտահայտվում է նրանց ղեկավարների՝ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի եւ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հեռահար կսմիթներով, ինչը երբեմն կրում է նաեւ միջգերատեսչական բնույթ։ 
Օրինակ՝ պարգեւավճարների հայտնի աղմուկի ժամանակ ՊԵԿ-ից  կարծում էին, թե իրենց ներսի ինֆորմացիան դուրս տալու մեջ ֆիննախի մատն է խառը, իսկ երբ նաեւ ֆիննախի պարգեւավճարների թեման սպրդեց մամուլ, ֆիննախից անմիջապես կասկածեցին, թե ՊԵԿ-ն է որոշել իրենցից վրեժ լուծել։  

Բայց սա ամենը չէ։ Օրերս մամուլում գրվեց, որ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն աշխատանքից ազատել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի եղբորը՝ Գնումների բողոքարկման հանձնաժողովի նախագահ Մհեր Անանյանին։ Սրան հաջորդեց նաեւ Անանյանի պատասխան «հարվածը»՝ նա էլ աշխատանքից ազատեց Ատոմ Ջանջուղազյանի աներորդուն՝ ՊԵԿ ֆինանսահաշվային վարչության պետ Արթուր Մարտիրոսյանին։

«Ինձ որեւէ հակասություն մեր երկուսի միջեւ հայտնի չի։ Էդ ամենասպառիչ պատասխանը պիտի որ լինի, մնացածն արդեն ենթադրությունների դաշտից է»,- այս թեմայի շուրջ իրեն բնորոշ հանդարտ տոնով պատասխանեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Նա կարծում է, որ այն ամենը, ինչը շրջանառվում է այս թեմայի շուրջ, որեւէ կապ չունի ո՛չ հարկաբյուջետային քաղաքականության, ո՛չ պետական պարտքի կառավարման, ո՛չ պետական եկամուտների վարչարարության, ո՛չ ֆինանսական կարգապահության հետ։

- Այդ դեպքում ինչո՞վ են պայմանավորված վերը նշված պաշտոնանկությունները։

- Գիտե՞ք, ամեն օր մարդիկ են ազատվում եւ մարդիկ են ընդունվում աշխատանքի, ինչպեսեւ ամեն օր մարդիկ ուրախանում են, ամուսնանում են, այլ տրամադրություն են ունենում։ Այնպես որ, դրանց մեջ պետք չի փնտրել մութ, սեւ ուժեր։

- Հետաքրքիր զուգադիպությամբ, սակայն, Անանյանի եղբոր ազատումից հետո Անանյանն էլ Ձեր աներորդուն ազատեց աշխատանքից։

- Զուգադիպությունն այստեղ ի՞նչն ա, եւ ինչի՞ մասին ա խոսքը, ընդհանրապես։ Նրանք մարդիկ են, որոնք զբաղեցրել են ինչ-որ պաշտոններ, հետո չեն զբաղեցրել։ Հիմա դրա մեջ ի՞նչ եք փնտրում։ Հարցնում եք, ասում եք՝ հակասություն կա՞, ասում եմ՝ չկա։