Սխալմամբ շրջկոմի քարտուղարը մեր տուն էր զանգել

Սխալմամբ շրջկոմի քարտուղարը մեր տուն էր զանգել

Կես դար առաջվա բան եմ հիշում ու ինձ բռնեցնում եմ այն բանում, որ հիշում եմ` հերիք չի, մտքումս էլ ծիծաղում եմ։

Գորիսում էինք ապրում։ Մեր հեռախոսի համարը ինկուբատորի համարից մի թվով էր տարբերվում։ Մերը 26-63 էր, իրենցը 26-62։ Հիմա կասեք համարը մեր ինչի՞ն է պետք, որ նշեցիք։ Ասեմ․ եթե կես դար անցել է, ու ես այդ համարը հիշում եմ, ուրեմն այն ինձ համար շատ թանկ բան է։ Մեր համարը որ ասում եմ, ոնց որ առաջին ժամադրության գնալս լինի․ սիրտս սկսում է արագանալ։ Ինչևէ, սխալմամբ հա զանգում էին մեր տուն։ Մի օր էլ շրջկոմի քարտուղարն էր զանգել։ Այն ժամանակ շրջկոմի քարտուղարը մի ուրիշ բարձր նշաձող էր։ Տնօրենին էր ուզում։ Տնօրենի մականունը «ճոտ Միշա էր»։ Ասաց․

- Տրուփկան տուր «ճոտ Միշուն»։ 

Գնացի, եկա, ասացի․

- «Ճոտ Միշան» թոխս նստածա, ծուվեքը տակնա, վեր յերկենա, սըռիլույա։ 

Ասացի ու անջատեցի։ Համարս իմացել էր փոստից։ Մտածում էի, որ ինձ պատժելու համար է «համարը բռնել»։ Հայրս էլ պաշտոնով մարդ էր, շատ խիստ,
«ոտքերս տակս թուլացավ»։ Երեկոյան, որ հայրս ասաց «քո հարցով ռայկոմի քարտուղարնա ինձ զանգալ»՝ տունը սկսեց աչքերից առաջ պտտվել։ Հետո իմացա, որ հորս մոտ մի լավ գովել էր ինձ, ասել` էդ երեխուն լավ պահիր` զիհինը (թափը) տեղն է։ 

Այ սենց ղեկավարներ ենք ունեցել, ոչ թե այսօրվա նման, որ ,,հեռախոսը լսում, շանտաժ է անում, հետևիցդ  ԱԱԾ ուղարկում։ Կամ էլ հենց այնպես գործ է կարում։ Ֆեյսբուքում ման է գալիս, տեսնի, ով է իր շլորին թթու ասում, որ բռնել տա: Մի խոսքով մենք ղեկավար չունենք, որից կարելի է մեծահոգություն, բարություն, խելք, մոտեցման ձև սովորենք։ Մերը կավիճով նկարած ղեկավարի ծաղրանկար է։ Բոլոր հարցերում։ Մեր երկրի սահմաններն էլ կավիճով նկարած իր պատկերի պես կավիճի պես մաքրում, տալիս է ուզողներին։