Միշտ հորդորել եմ Էրդողանին նստել ու քննարկել. Հունաստանի վարչապետ

Միշտ հորդորել եմ Էրդողանին նստել ու քննարկել. Հունաստանի վարչապետ

Հելլենական Պետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հարցազրույց է տվել (20.01.2021) կանադական «Մոնոկլ» ամսագրին։

Ի թիվս այլ հարցերի, Հունաստանի վարչապետն անդրադարձել է հուն-թուրքական հարաբերություններին։

««Լարված»: Հետաքրքիր բառի ընտրություն՝ ամռանը տեղի ունեցածը նկարագրելու համար: Միանշանակ Թուրքիայի հետ ջերմաստիճանը բարձրացավ: Արևելյան Միջերկրական ծովի ռազմավարական նշանակությունը կրկին առաջ է եկել: Սա կարևոր է ոչ միայն Հունաստանի և Կիպրոսի համար, այլև Եվրոպայի համար: Թուրքիայի հետ մեր տարաձայնությունները ազդում են նաև Եվրոպայի հետ նրա հարաբերությունների վրա: Ուստի ես կարծում եմ, որ Եվրոպան որոշել է լրացուցիչ միջոցառումներ կիրառել Թուրքիայի նկատմամբ՝ կապված Արևելյան Միջերկրական ծովում ապօրինի հորատման և ածխաջրածինների ապօրինի հետախուզման գործունեության հետ»,- նշել է Միցոտակիսը՝ խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների էլ ավելի սրման պատճառների մասին։

Ըստ Հունաստանի ղեկավարի՝ կա ընդհանուր զգացողություն, որ Թուրքիան իրեն պահում է այն ձևով, որը չի նպաստում տարածաշրջանում խաղաղության և բարեկամության խթանմանը։

«Ես միշտ բարեկամության ձեռք եմ մեկնել Թուրքիային: Եվ ես միշտ հորդորել եմ նախագահ Էրդողանին նստել ու քննարկել մեր հիմնական տարաձայնությունը, որը մեր ծովային գոտիների սահմանազատումն է: Պատմությունը գնում է շատ տասնամյակներ, բայց հարցը կարող է լուծվել: Եթե մեզ չհաջողվի, մենք կարող ենք դիմել Արդարադատության միջազգային դատարան: Սա է միջազգային դատարանների գոյության պատճառը»,- ընդգծել է հունաց վարչապետը։