Իմ հերը տուն կառուցելուն չի մասնակցել, ես եմ 2015-2016 թվից էդ տունը կառուցում

Իմ հերը տուն կառուցելուն չի մասնակցել, ես եմ 2015-2016 թվից էդ տունը կառուցում

Նոյեմբերի 10-ի վաղ առավոտյան Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիքի համար։ Սա նրա երկրորդ կալանավորումն է:

Բերդի ՏԻՄ ընտրություններից հետո Մանուչարյանը հրաժարվեց մանդատից, եւ նրա նկատմամբ գրավ կիրառեցին ու ազատ արձակեցին: Նրան ձերբակալել էին 11 ամիս առաջ` 2021-ի նոյեմբերին, ազատ էին արձակել հոկտեմբերի 7-ին: Ընդամենը մեկ ամիս անց կրկին կալանավորեցին: Իսկ նոյեմբերի 10-ին ձերբակալելուց ժամեր անց պետք է տեղի ունենար Բերդ համայնքի ավագանու անդրանիկ նիստը, որի ժամանակ պետք է ընտրվեր համայնքապետ:

Մանուչարյանի պաշտպան Արման Թամրազյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ Մանուչարյանին կալանքի տակ պահելը քաղաքական ենթատեքստ ունի:

«Մանուչարյանը կալանավորվել է, որովհետեւ որդին 2015 թվականին առանձնատուն է կառուցել` 2017 թ․ շինթույլտվությամբ: Սա դիտարկել են պաշտոնեական դիրքի չարաշահում»,- նշել է փաստաբանը: Հետաքրքրվեցինք, թե ինչ ընթացք է ստացել գործը, փաստաբան Արման Թամրազյանն ասաց. «Մեղադրանքը տուն կառուցելու համար է, այլ տեղեկություններ այս պահին չունեմ: Հարություն Մանուչարյանի առողջական վիճակն այս պահին նորմալ է: Վերաքննիչ դատարան բողոք ենք ներկայացրել, սպասում ենք պատասխանին»: Մենք կապ հաստատեցինք Հարություն Մանուչարյանի որդու` Անուշավան Մանուչարյանի հետ: Հետաքրքրվեցինք, թե ինչպես է հայրը, ինչ նորություն կա:

- Նորություն չկա: «Արմավիր» քրեակատարողականում նստած է, ոչ մի այլ բան:

- Խոսե՞լ եք նրա հետ:

- Տեսակցել եմ, օրենքով ինչպես թույլատրված է….

- Տեղյա՞կ եք, թե Բերդի ավագանին այս ընթացքում ինչով է զբաղված: 

- Էդ քաղաքական հարցերում չկամ, չգիտեմ: Չեմ խառնվում եւ բացարձակապես տեղյակ չեմ:

- Ձեր հոր՝ Հարություն Մանուչարյանի կալանավորման փաստին ի՞նչ որակում կտաք: 

- Որեւիցե որակում չեմ կարող տալ:

- Համայնքապետ ընտրելու օրը՝ առավոտյան ժամը 6-ին Ձեր հորը կալանավորեցին, նորմա՞լ է:

- Տեղյակ չեմ, բան չեմ կարող ասել:

- Գուցե Ձեզ հրահանգել են չխոսե՞լ:

- Չէ, ոչ մի բան ինձ չեն հրահանգել, անկեղծ եմ ասում, պարզապես զուտ այս գործը նախաքննության փուլում է, եւ ես չեմ ուզում խոսել այդ մասին: Հազար բան կա, կարող է մի բան սխալ ասեմ:

- Փաստաբան Արման Թամրազյանն ասաց, որ Հարություն Մանուչարյանը Ձեզ համար տուն է կառուցել՝ այդ հիմքով է կալանավորվել: Դա գնահատել են պաշտոնեական դիրքի չարաշահում:

- Ինձ համար ոչ մեկը տուն չի կառուցել, ես եմ իմ համար տուն կառուցել: Իմ հերը տուն կառուցելու հետ կապված որեւէ գործընթացի չի մասնակցել, ես եմ 2015-2016 թվականից էդ տունը կառուցում, մինչեւ հիմա կիսատ է, չենք ավարտել շինարարությունը: Իմ հերը դրա հետ կապ չունի: Էդ մարդն ի՞նչ կապ ունի, ես չե՞մ կարա ինձ համար տուն սարքեմ:

- Իսկ ինչո՞ւ տան շինարարությունը տարիներով չի ավարտվում:

- Զուտ ֆինանսական խնդիրներ կան, այդ պատճառով: