Երկու աշխարհների մասին

Երկու աշխարհների մասին

Մարդու կյանքը բաժանվում է երկու փուլի, երբ նա հարաբերականորեն առողջ է, մյուսը՝ երբ հիվանդ է: Երբ առողջ է, ամեն ինչ հրաշալի է։ Երբ հիվանդ է, առաջին բանը, որ նա հստակ գիտակցում է, առողջ եւ հիվանդ վիճակների անհամեմատելիությունն է։ Իսկ եթե լուրջ ցավեր ունի, ապա  փորձում է ազատվել այդ անտանելի ցավերից եւ փրկության համար ոչինչ չի խնայում: Հենց այդ ժամանակ է նա հստակ գիտակցում, որ կյանքը մեկ անգամ է տրվում, այն շատ թանկ է, եւ վերլուծում է, թե ինչ է կյանքը, որքան անդառնալի, անթույլատրելի սխալներ է թույլ տվել առողջ ժամանակ, եւ որ հրաշքի՝ փրկվելու դեպքում անպայման պետք է փորձի իդեալական կյանքով ապրել՝ թույլ չտալով անգամ չնչին սխալներ: Անգամ եթե մինչ այդ պահը չի ճանաչել ու երբեւէ չի մտածել Տիրոջ մասին, ակամայից դիմում է Տիրոջը՝ առաջին հերթին հույսը դնելով նրա օգնության վրա, աղերսելով փրկել իրեն: Եվ այդ ժամանակ հստակ գիտակցում է, որ առաջին հերթին միայն Տիրոջ օգնությամբ, ապա բժիշկների միջոցով եւ իր ներշնչանքի շնորհիվ կարող է փրկություն գտնել: 

Այսինքն՝ մարդը նորմալ ապրում է միայն առողջ ժամանակ, իսկ հիվանդ ժամանակ ընդամենը գոյատեւում է: Սա նշանակում է, որ մարդը կյանքի սկզբից մինչեւ ավարտը պետք է ապրի հնարավորինս ճիշտ՝ առողջ ապրելակերպով, որպեսզի կյանքը չավարտի տառապանքների մեջ:

Իրականում, սա դժվար չէ հասկանալ, սակայն մարդկանց մի մասն է միայն դա գիտակցում, մնացած մասը համարյա մշտապես խախտում է այդ կանոնները եւ հայտնվում հիվանդ իրավիճակում: Չհաշված ի ծնե հիվանդությունները եւ անհաջողությունները՝ մարդը հիմնականում նման վիճակում հայտնվում է իր խելքից: Իրականում, Աստված մարդուն առողջ կյանք է պարգեւել, երկրորդ աշխարհում նա հայտնվում է սխալ ապրելու արդյունքում: Եթե մարդուն հաջողվում է հաղթահարել հիվանդությունը, անհաջողությունը եւ փրկվել, ապա դա՝ խորը հավատքի եւ բախտի շնորհիվ: Նման իրավիճակներում հայտնված մարդիկ ուժերի գերագույն լարումով փրկվելով՝ հետագայում փորձում են ճիշտ ապրել (հենց նման դեպքերի համար է ասված՝ տառապանքս փորձ ունի): Փոխանակ ժամանակին՝ առողջ ժամանակ, ճիշտ ապրելու եւ հիվանդ աշխարհում չհայտնվելու, մարդիկ հայտնվում են այդ անցանկալի աշխարհում ու սկսում գլխներին տալ: Եթե ճիշտ չի դրվում ցանկացած բանի հիմքը, դրանից բխող շարունակությունն էլ վաղ թե ուշ ենթակա է փլուզման:

Նույն իրավիճակն է նաեւ այսօր մեր հայրենիքում: Այն երկփեղկվել է. առողջ մասը ժողովրդի հայրենասեր հատվածն է՝ ընդդիմադիր ուժերի գլխավորությամբ, հիվանդ հատվածը ժողովրդի անտարբեր զանգվածն է՝ իշխանության գլխավորությամբ: Այսօր, փաստացի, մեր հայրենիքը մեծ վտանգի տակ է. հիվանդ մասն ամեն կերպ փորձում է ոչնչացնել առողջ հատվածին՝ կործանելով մեր հայրենիքը, իսկ առողջ հատվածին առայժմ ոչ մի կերպ չի հաջողվում դիմակայել ու բուժել հիվանդ հատվածին: Ժողովուրդը ոչ միայն չի մասնակցում օրգանիզմը փրկելու գործին, ավելին՝  նպաստում է ամբողջ օրգանիզմի մահվանը՝ հայրենիքի կործանմանը, որը մեր թշնամու մեծ երազանքն է: Այդ երկու զուգահեռ աշխարհներն իրար հետ յոլա գնալ չեն կարող, եւ մեկը խժռելու է մյուսին: Արտաքին աշխարհի համար լրիվ միեւնույն է, թե ինչ տեղ կունենա մեր հայրենիքի հետ: Հայրենիքի փրկության համար անհրաժեշտ է, որ նրա հիվանդ եւ առողջ մասերը համաձայնության գան՝ միաբանվեն, որպեսզի փրկվի ամբողջական օրգանիզմը՝ հայրենիքը:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ